Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը մտահոգիչ է համարում
Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը մտահոգիչ է։ Այս մասին «Վե´րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով երկօրյա համաժողովի բացմանը ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Բռնությունը կարող է տեղի ունենալ երեխաների խնամքի հաստատությունում, դպրոցում կամ մանկապարտեզում, ինտերնետային միջավայրում, տանը կամ որևէ այլ տեղ: Երեխաների նկատմամբ բռնությունը բացասական ազդեցություն է ունենում նրա զարգացման վրա և մեծացնում է հետագայում նրա կողմից բռնության կիրառման ռիսկը։ Պետք է առավել արդյունավետ քայլեր ձեռնարկել երեխաների նկատմամբ բռնությունը կանխարգելելու համար»,- ին, նշել է Մարդու իրավունքների պաշտպանը` կարևորելով երեխայի իրավունքների պաշտպանության հարցում համատեղ աշխատանքը շահագրգիռ բոլոր կողմերի հետ։
Արման Թաթոյանը ներկաներին տեղեկացրել է, որ աշխատակազմում գործում է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի ընդունումից հետո Պաշտպանը դարձել է ՄԱԿ-ի երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման անկախ մշտադիտարկման մարմին։ Արդյունքում, հնարավորություն է ստացել, անկախ բողոքներից, իրականացնել մշտադիտարկման այցեր երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում։ Ավելին, այս տարի Հայաստան մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը դարձել է Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի լիիրավ անդամ, որը հնարավորություն է ընձեռել մասնակցել կազմակերպության կառավարմանն ու ղեկավար մարմինների աշխատանքներին, իրականացնել փորձի և անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում։
Պաշտպանն իր ելույթում անդրադարձել է նաև վերջերս հրապարակված «ՀՀ կողմից «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցին, որտեղ արձանագրված է՝ Հայաստանն ունի մասնակի կատարված կամ չկատարված պարտավորություններ։
«Պարզվում է՝ ոչ միայն ծնողներն ու երեխաները չեն տիրապետում երեխաներին առնչվող կոնվենցիոն դրույթներին, այլ նաև պետական համակարգում կան պետական պաշտոնյաներ, որոնց չեն տիրապետում կոնվենցիոն պահանջներին»,- շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանը։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Կառավարության կազմակերպած երկօրյա միջոցառմանը, որի քննարկման թեման է ոլորտի խնդիրները կարգավորելու համար մշակվող ճանապարհային քարտեզը, այսօր ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Աֆշան Խանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։