«Չպետք է զուգահեռներ անցկացնել Մանվել Գրիգորյանի և խափանման միջոցը փոխած անձանց միջև». փաստաբան

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն խոսակցություններին, թե ինչո՞ւ է մինչև այժմ Մ. Գրիգորյանը մնում կալանավորված, այն դեպքում, երբ որոշ անձինք, որոնք տարբեր գործերի շրջանակներում իշխանափոխությունից հետո ձերբակալվել էին, ազատ են արձակվել և փոխվել է նրանց խափանման միջոցը, ասաց, որ մյուս փաստաբան Լևոն Բաղդասարյանը վաղը հանդես կգա մամուլի ասուլիսով և կներկայացնի բոլոր մանրամասները։

Նրա խոսքով՝ սխալ է զուգահեռներ անցկացնել Մանվել Գրիգորյանի և այն անձանց միջև, որոնց խափանման միջոցը փոխվել է, քանի որ վերջիններս ազգի հերոսներ չեն, հայրենիքի համար ներդրած լումա չունեն, ինչպես Մ. Գրիգորյանը։

«Մանվել Գրիգորյանի անցած ճանապարհը և կրած խաչը պետք է այլ կշռի ու որակի մեջ լինեին։ Որպես Մանվել Գրիգորյանի մարտական ընկեր՝ այս պահին զերծ կմնամ մեկնաբանություններ անելուց։ Միայն ասեմ, որ վարույթ իրականացնող մարմնից դժգոհություններ չունեմ, համարում եմ, որ նրանց գործողություններն ուղղված են օրինաչափ, բազմակողմանի քննության»,- նշեց Ա. Մկրտչյանը։

Անդրադառնալով ԱԱԾ մեկուսարանում արված Մանվել Գրիգորյանի լուսանկարին, որը հրապարակվել էր լրատվամիջոցներից մեկում և բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, սակայն Մանվել Գրիգորյանը և նրա պաշտպանական խումբը բողոքներ չեն ունեցել։

«Այս առումով մենք լիովին բավարարված ենք զգացել ԱԱԾ պետի և լուսանկարը հրապարակած լրատվամիջոցների ներողություն խնդրելու հայտարարություններով, սա լիովին բավարար էր, և սրանից ավելի ակնկալիքներ ունենալն արդեն չափի զգացումից և իրականությունից դուրս է»,- ընդգծեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է լուսանկարի հեղինակին, որն ԱԱԾ աշխատակից է եղել, Արսեն Մկրտչյանը նշեց, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ վերջինս այլևս չի աշխատում ԱԱԾ համակարգում։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս