Արմեն Սարգսյանը շնորհավորական հեռագրեր է ստանում անկախության 27-րդ տարեդարձի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը տարբեր երկրների ղեկավարներից շարունակում է շնորհավորական հեռագրեր ստանալ:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել է, որ 2018 թվականը կարեւոր եւ իրադարձություններով հարուստ տարի է եղել Հայաստանի համար: «Ձեզ եւ ողջ հայ ժողովրդին մաղթում եմ ամենայն հաջողություններ պետական եւ հասարակական ոլորտներում ընթացող բարեփոխումների քաղաքականության շարունակման մեջ եւ հավաստիացնում, որ իմ երկիրն այդ հարցում հետայսու եւս սիրով կանգնած կլինի Ձեր կողքին»,- ասված է Գերմանիայի նախագահի ուղերձում:

Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան մասնավորապես նշել է. «Հայաստանին ու Իտալիային միշտ միավորել է բազմադարյա ավանդույթ ունեցող բարեկամությունը, որը հիմնված է միասնական արժեքների եւ մեր ժողովուրդների արգասավոր փոխգործակցության վրա:

Դա է մեր երկրների միջեւ ամուր եւ հնարավորություններով լի համագործակցության հիմքը, որը միաժամանակ խրախուսում է Հայաստանի՝ Եվրոպական միության հետ երկխոսությունը»:

Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան համոզմունք է հայտնել, որ հայ-լեհական հարաբերությունները շարունակելու են ինտենսիվ զարգանալ` հիմնված փոխըմբռնման եւ փոխադարձ հարգանքի վրա: «Ավելին, լիահույս եմ, որ Հայաստանի եւ Եվրոպական միության հետ համագործակցությունը դինամիկ զարգացում կապրի` գլխավորապես հաշվի առնելով Արեւելյան գործընկերությունն ու շրջանակային համաձայնագիրը, որը հաջողվեց ստորագրել Բրյուսելում կայացած գագաթնաժողովին անցյալ տարի»,-նշել է նա:

Հանրապետության նախագահին եւ հայ ժողովրդին տոնի առթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաեւ Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսը, Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերը, Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Կուբայի պետխորհրդի եւ նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը, Բահրեյնի թագավոր Համադ Բին Իսա Ալ-Խալիֆան, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:

Տեսանյութեր

Լրահոս