
«Արմատական խմբերն սկսել են լքել Իդլիբի ապառազմականացված գոտին». Էրդողան

Արմատական ծայրահեղական խմբավորումներն սկսել են լքել ապառազմականացված գոտու տարածքը, որը մինչեւ հոկտեմբերի 15-ը Սիրիայի Իդլիբի նահանգում պետք է ստեղծվի Թուրքիայի եւ ՌԴ-ի՝ Սոչիի համաձայնագրի շրջանակներում: Այդ մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, որի խոսքից մեջբերումներ է արել Haber Turk հեռուստաալիքը:
«Արմատական խմբերն սկսել են դուրս գալ Իդլիբի ապառազմականացված գոտուց,-ասել է Էրդողանը, նշելով, որ Թուրքիան եւ Ռուսաստանը ներկայում զբաղված են այդ շրջանից ծանր սպառազինությունների դուրսբերմամբ: Թուրքիայի ղեկավարը հերթական անգամ հայտարարել է, որ Սիրիայում անհնարին է համարում լիարժեք քաղաքական կարգավորումը, եթե իշխանության գլուխ մնա նախագահ Բաշար Ասադը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: