Շիրակի մարզի գյուղերում դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվում են շինարարական աշխատանքներ

Շիրակի մարզի Արևիկ համայնքում վերանորոգվել է երաժշտական դպրոցի կտուրը: Աշխատանքներն իրականցվել են Հայկական «Կարիտասի» «Ծխական հասարակական խորհուրդներ հյուսիսային Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է ԱՄՆ կաթոլիկ եպիսկոպոսների խորհուրդը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի ղեկավար Քրիստինե Մխիթարյանը, այն իրականացվում է փուլերով՝ նպատակ ունենալով գյուղական համայքներում ստեղծել ծխական հասարակական խորհուրդներ:

«Նախնական փուլում ուսումնասիրվել են համայնքները՝ փորձելով բացահայտել համայնքներում առկա խնդիրները, այնուհետև ստեղծվել են ծխական հասարակական խորհուրդներ: Խորհուրդների անդամների համար կազմակերպվել են հատուկ դասընթացներ՝ սովորեցնելով դրամաշնորհային ծրագիր մշակել, ինչն էլ նմանատիպ շատ խմբերի օգնեց մասնակցել «Կարիտասի» հայտարարած փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթին:

Մրցույթի արդյունքում հաղթել է 7 ծրագիր»,-նշեց պատասխանատուն՝ հավելելով, որ որպես կարևոր բաղադրիչ, ծխական խորհուրդն ու համայնքը պետք է ներդրում ունենան՝ դա կարող է լինել ինչպես աշխատուժ, այնպես էլ ֆինանսական ներդրում: Ծրագրերի ընտրությունն իրականացվել է ըստ կարևորության՝ հիմքում ունենալով մասնակցային ուսումնասիրության արդյունքները:

Ծրագրի շրջանակում վերանորոգվել է Արևիկի երաժշտական դպրոցի կտուրը, Լանջիկում իրականացվում է եկեղեցու վերանորոգում, Բավրայում և Սեպասարում վերանորոգվում են հանդիսությունների տները, Սարագյուղում բարեկարգվում է ներգյուղական ճանապարհը, Սիզավետում կատարվում է եկեղեցու պարսպապատում, իսկ Ղազանչի համայնքում համայնքապետարանի սենյակներից մեկը վերանորոգվում է որպես մարզադահլիճ:
Բոլոր ծրագրերը նախատեսված են ավարտել մինչև սեպտեմբերի վերջ:

«Աշխատանքներն իրականացվում են դրամաշնորհային ծրագրի առաջին փուլով, հետագայում կունենանք նաև շարունակություն, որի հիմքում առաջին փուլի արդյունքները կլինեն: Ընդհանուր առմամբ այս ծրագրի նպատակը ոչ թե դրամաշնորհային ծրագրերի իրականացումն է, այլ ծխական հասարակական խորհուրդների ստեղծումը՝ համայնքների ինքնակազմակերպման նպատակով՝ աջակցելով կամավորության մշակույթի զարգացմանը»:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս