«Մնացականյանը Մամեդյարովի հետ հանդիպմանը մի շարք հարցեր է բարձրացնելու». Տիգրան Բալայան
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը պետք է բովանդակություն ունենա, այն չպետք է ինքնանպատակ լինի»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով այսօր Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ շրջանակում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո կազմակերպվելիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպման օրակարգին:
Բալայանը պաշտոնապես տեղեկացրեց, որ այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի արդյունքները կհրապարակվեն հանդիպման ավարտին:
Ըստ նրա, երեկ տեղի է ունեցել նախարար Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ, որի մասին հաղորդագրությունը տեղադրվել է ԱԳՆ կայքում:
Տիգրան Բալայանն ասաց` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` տվյալ դեպքում ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը չպետք է ինքնանպատակ լինի, այլ պետք է ունենա բովանդակություն, որի պարագայում պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ կարգավորման սկզբունքների վերաբերյալ:
«Մենք ունենք տասնամյակների դառը փորձ, թե ինչպես ենք պայմանավորվում և հետո Ադրբեջանը հետ էր կանգնում: Փաշինյանը նշել էր բազմիցս, ՄԱԿ ամբիոնից ևս շեշտեց, որ պետք է կատարվեն բոլոր ձեռքբերված պայմանավորվածությունները: Խոսքը վերաբերում է ապրիլյան ագրեսիայից հետո տեղի ունեցած գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններին:
Ձևակերպումները դուք ևս հրաշալի գիտեք` միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների և թվաքանակի ավելացում: Պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը մինչ օրս արգելափակում է այդ պայմանավորվածությունները` 2016 թվականից մինչ օրս:
ԵԱՀԿ ֆինանսական կոմիտեում քննարկումների ժամանակ, որ պետք է որոշում կայացվի մեծացնել ֆինանսավորումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համար, Ադրբեջանը միակ երկիրն է, որն արգելափակում է այդ որոշման կայացումը:
Այո, մենք կարծում ենք, դա սկզբունքային մոտեցում է, հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք բարենպաստ մթնոլորտ կստեղծեն խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Կարծում եմ, որ, այո՛, այսօր Նյու Յորքում կայանալիք հանդիպմանն այս հարցերը դրվելու են մեր կողմից»,- ասաց Տիգրան Բալայանը:
Հարցին, թե հայկական կողմը նախապայման է դրե՞լ ադրբեջանական կողմի առջև, որ առանց պայմանավորվածությունների կատարման բարձր մակարդակի հանդիպում տեղի չի ունենա, Բալայանը պատասխանեց՝ ո՛չ:
«Մեր կողմից նախապայման չի դրվում, մենք պատրաստ ենք հանդիպման, վարչապետը տարբեր առիթներով դրա մասին բարձրաձայնել է, որ ինքը պատրաստ է հանդիպել և բանակցել Հայաստանի անունից Ադրբեջանի ղեկավարի հետ: Պարզապես հանդիպումն ինքնանպատակ չպետք է լինի լուսանկարվելու և տեսաձայնագրվելու համար: Պետք է այն լինի բովանդակային և ակնկալում ենք, որ այն կբերի կոնկրետ արդյունքների նաև նախորդ պայմանավորվածությունների կատարման մասով»,-ասաց Տիգրան Բալայանը: