Բաժիններ՝

«Պաստոր Բրանսոնի գործով քաղաքական որոշում չի լինելու». Էրդողան

Ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործով քաղաքական որոշում չի լինելու, հարցը կլուծի անկախ դատական համակարգը: Այդ մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Այդ մարդը ձերբակալված է ահաբեկչական կազմակերպության հետ շփումների համար: Հոկտեմբերի 12-ին լինելու է դատը, եւ ես չգիտեմ՝ ինչ որոշում կընդունվի»,-ասել է նա եւ հավելել, որ ինքը՝ «որպես նախագահ, միջամտելու իրավունք չունի»:

Էնդրյու Բրանսոնին, որն ապրում էր Իզմիրի շրջանում, ձերբակալել են անցյալ տարի Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության եւ «ֆեթուլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) հետ կապերի մեղադրանքով: Մեղադրող կողմը նրա համար պահանջում է 35 տարվա բանտարկություն, բայց պաստորը լիովին ժխտում է իր մեղքը:

Բրանսոնի հետ կապված իրադրությունը խիստ լարվածության պատճառ է դարձել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններում: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն օգոստոսի 1-ին պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի եւ արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի նկատմամբ այն բանի պատճառով, որ Անկարան Բրանսոնին թույլ չտվեց վերադառնալ հայրենիք:

Թուրքիայի նախագահն արծարծել է նաեւ ԱՄՆ-ում ապրող Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային հանձնելու հարցը, որին Անկարան համարում է 2016 թվականին պետական հեղաշրջման փորձի համար պատասխանատու FETO-ի ղեկավարը:

«Եվ այդ մարդն ԱՄՆ-ում այժմ դատի տակ չի գտնվում: Մենք դոսյե ենք ուղարկել նրա դեմ, բայց դատաքննություն չկա: Ցավոք, ԱՄՆ-ի իշխանությունները ընդդիմանում են դրան, թեեւ մեր երկրների միջեւ արտահանձնման համաձայնագիր կա»,- Reuters-ին տված հարցազրույցում Էրդողանի խոսքը մեջբերել է Haber Turk հեռուստաալիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս