Էրդողանի կողմնակից հայտնի պոլսահայը զբաղված է թուրքամետ քարոզչությամբ

Չնայած Թուրքիայում հայկական մշակութային և կրոնական իրավունքների բազմաթիվ խախտումներին՝ Ստամբուլի որոշ հայեր գովաբանում են թուրքական վարչակարգը և հատկապես նրա ֆաշիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Էրդողանի կողմնակից այս փոքրաթիվ հայերը, որոնք օգտվում են հատուկ արտոնություններից և մուտք ունեն բարձրաստիճան թուրք պաշտոնյաների մոտ, իրենց ներկայացնում են որպես տեղի հայկական համայնքի շահերի պաշտպաններ: Սակայն իրականում նրանք ունեն շահադիտական դրդապատճառներ: Նրանք անձնական բիզնես շահեր ունեն կոռումպացված թուրք ղեկավարների հետ կամ ձգտում են պահպանել իրենց ոչ արժանի դիրքերը հայկական համայնքային հաստատություններում: Նման անհատներից մեկը Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի վարչության նախագահ Պետրոս Շիրինօղլուն է:

Վերջերս, «ԱՄՆ ֆորում» թուրք-ամերիկյան թերթի լրագրող Փինար Իշիկ Արդորին տված հարցազրույցում, Շիրինօղլուն մի շարք կեղծ հայտարարություններ արեց Թուրքիայի հայ համայնքի մասին և խեղաթյուրեց Հայոց ցեղասպանության փաստերը:

Ըստ Ստամբուլի «Նոր Մարմարա» թերթի՝ Շիրինօղլուի խոսքերը «ցնցիչ էին»: Շիրինօղլուն «ԱՄՆ ֆորում» թերթին ասել է, որ հայերը երբեք այնպիսի բարեկեցիկ կյանքով չեն ապրել, ինչպես Էրդողանի իշխանության օրոք… Նա նաև սխալ հայտարարություններ է արել Հայոց ցեղասպանության մասին, նշելով, որ «1915 թ. դեպքերը կազմակերպվել էին արտաքին ուժերի կողմից՝ Օսմանյան կայսրության կործանման և տապալման նպատակով»:

Բացի դրանից, Շիրինօղլուն ասել է «ԱՄՆ ֆորում»-ին. «Էրդողանից առաջ, մենք նույնիսկ չենք կարողացել ներկել կամ վերանորոգել մեր եկեղեցիները: Մենք դա կարողացանք անել, երբ պետությունը ձևացրեց, թե չի նկատում նման գործողությունները»: Շիրինօղլուն բազմիցս պնդել է, որ նա բարի գործեր է արել Թուրքիայի հայ համայնքի համար: Մի քանի տարի առաջ նա ասել է, որ ինքը հանդիպում է խնդրել Էրդողանի հետ, որն անմիջապես ստացել է: Նա հարցրել է Էրդողանին թույլատրել խաչ տեղադրել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին: Ըստ տեղեկությունների, նա ասել է Էրդողանին.

«Ինչպես դուք չեք կարող մզկիթ ունենալ առանց մինարեթի, այնպես էլ հնարավոր չէ եկեղեցի ունենալ առանց խաչի»: Շիրինօղլուն պնդել է, թե «Էրդողանը մեկ գիշերվա ընթացքում խաչը տեղադրել տվեց Աղթամարի եկեղեցու վրա»: Եթե Շիրինօղլուն այդքան ազդեցիկ էր, ապա ինչու չէր խնդրել վերականգնել Աղթամարի կարգավիճակը որպես հայկական եկեղեցի, «թանգարանի» փոխարեն,  թույլ տալով կրոնական արարողություններ իրականացնել միայն տարին մեկ անգամ… Շիրինօղլուն նաև անտեսել է այն փաստը, որ հայերը և այլոք ամբողջ աշխարհում, ներառյալ Պոլսո Հայոց պատրիարքը, պահանջել էին խաչի տեղադրումը եկեղեցու գմբեթին: Այնպես որ, միայն Շիրինօղլուն չէր դիմել նման խնդրանքով:

Շիրինօղլուն ժխտել է արևմտյան տարբեր զեկույցներ, որոնք նշում են, թե հայերի կրոնական իրավունքները սահմանափակված են Թուրքիայում՝դրանք անվանելով «կեղծ սցենարներ»: 67-ամյա Շիրինօղլուն ասել է թուրքական թերթին. «Իմ մանկության տարիներից ի վեր հայերը որևէ խնդիր չեն ունեցել»:

Երբ թուրք լրագրողը հիշեցրել է Շիրինօղլուին, որ հայերը դժգոհ են նրա խոսքերից, նա պատասխանել է. «Երբ չես խոսում նրանց ուզածի պես, նրանք թշնամաբար են տրամադրվում: Ես կանգնած եմ պետության կողքին: Ես չեմ դավաճանում իմ սեփական երկրին: Ես հայ եմ, սակայն Թուրքիայի հայրենակից: Մեր հավատքը պատվիրում է մեզ հավատարիմ լինել պետությանը: Մեր Աստվածաշունչը նույնն է քարոզում»:

Շիրինօղլուի ամենավիճահարույց դատողությունները վերաբերում են Հայոց ցեղասպանության նրա սխալ մեկնաբանությանը: Նա հայտարարել է, որ «կասկածներ ունի 1915-ի [հայկական զոհերի] թվաքանակի վերաբերյալ: Նա հավելել է, որ «այն ժամանակաշրջանում հայերը, հրեաները և հույները հարուստ էին, ուստի այդ պատճառով թշնամանք կար նրանց նկատմամբ: Այժմ հայ բնակչությունը աստիճանաբար նվազում է: Ծնելիության մակարդակը ցածր է, մահացության մակարդակը՝ բարձր: Կան նաև խառն ամուսնություններ»:

Երբ թուրք լրագրողը հարցրել է Շիրինօղլուին, թե արդյոք հայերը, հույները և հրեաները համակարծիք են նրան, Շիրինօղլուն դրական պատասխան է տվել և հավելել. «Մենք համաձայն չենք միայն 1915-ի դեպքերի վերաբերյալ: Հույն Պատրիարք Բարդուղիմեոսն ունի վերապահ և սկզբունքային դիրքորոշում, նաև պետության վերաբերյալ: Հրեաները նույնպես սիրում են պետությունը, սակայն նրանք ևս սկզբունքային են: Նրանք չեն հրաժարվում իրենց սկզբունքներից: Այստեղ ապրող հրեաները չեն դավաճանում Թուրքիային, բայց կապված են Իսրայելի հետ»:

Վերջում, Շիրինօղլուն պատասխանել է վերջերս թուրքական լիրայի արժեզրկման մասին: Կրկնելով հարցին Էրդողանի տված նույն պատասխանը, Շիրինօղլուն մեղադրել է արտաքին ուժերին՝ «թուրքական տնտեսության դեմ այս խաղը» կազմակերպելու համար:

Առաջին անգամ չէ, որ Շիրինօղլուն Հայոց ցեղասպանության վերաբերյալ նման հայտարարություններ է արել: Օրինակ, 2010 թ. վարչապետ Էրդողանի հետ հանդիպումից հետո նա թուրքական լրատվամիջոցներին ասաց, որ «1915-ը ոչ այլ ինչ էր, եթե ոչ երրորդ կողմերի հրահրած թշնամանք երկու իրար սիրող բարեկամների միջև»: Նա հավելել է, որ իր «պապը զոհերի թվում էր, սակայն նրանց թվում կային նաև շատ թուրքեր»:

Դեռ 2010 թ. պոլսահայերը դիմումագիր են ներկայացրել, հայտարարելով, որ Շիրինօղլուն իրենց առաջնորդն չէ և չի ներկայացնում հայկական համայնքը: Զայրացած Շիրինօղլուի հայտարարություններից, դիմումատուները ընդգծել էին՝ «Մենք ապրում ենք մեկ այլ Թուրքիայում»՝ ոչ Շիրինօղլուի նկարագրած Թուրքիայում…

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տեսանյութեր

Լրահոս