Կրթական գործընթացը բարելավման կարիք ունի
Կրթության համակարգը վերլուծելիս մասնագետներն այն տրոհում են 3 մասի. ներդրում, գործընթաց և արդյունք։ Ներդրումների մեջ մտնում են ֆինանսավորումը, նյութական միջոցները, մարդկային ռեսուրսները, ծրագրերը, դասագրքերը։ Գործընթացները որոշումներ կայացնելու եղանակներն են, աշխատաոճը, դասապրոցեսը, կրթության գործընթացի տարբեր մասնակիցների հարաբերությունները։
Իսկ արդյունքը սովորողների գիտելիքներն են, հմտությունները, քննությունների թվանշանները։ Հաճախ խոսվում է այն մասին, թե այս երեքից որն է առաջնային։ Շատերը մտածում են, որ ներդրումներն են կարևոր։ Եթե կրթության ոլորտում ներդրումներ չես անում, ապա պարզապես չես կարող ունենալ լավ գործընթաց և արդյունք։ Սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ երբեմն կրթության ոլորտում ավելի քիչ գումարներ ներդրող երկրներն ավելի լավ արդյունքներ ունեն։
Օրինակ՝ Վիետնամը և Կուբան համարվում են քիչ գումարներ ներդրող երկրներ, բայց ունեն բավականին լավ դպրոցական համակարգ։ Վերջին տասնամյակներում շատ մեծ կարևորություն ստացավ արդյունքի վրա հիմնվելու մոտեցումը։ Շատ երկրներում զգալի աշխատանքներ կատարվեցին կրթության արդյունքն արձանագրելու եղանակներ որոնելու, արդյունքի հիման վրա ֆինանսավորման մեխանիզմներ կիրառելու ուղղությամբ։
Այս մոտեցումը ենթադրում է, որ արդյունքը և այն չափելու մեխանիզմները կարևորելու դեպքում հնարավոր է բարելավել ներդրումներն ու գործընթացը։ Հայաստանի կրթական համակարգում մեծ նշանակություն է տրվում ներդրումներին և արդյունքներին։ Բոլորը խոսում են այն մասին, թե ինչքան գումար է հատկացվում կրթությանը, ինչպիսին են ծրագրերն ու դասագրքերը, ինչ գիտելիքներ ունեն աշակերտները, ինչ արդյունքներ են լինում բուհերի քննությունների ժամանակ։
Մինչդեռ կրթության կազմակերպման և իրականացման գործընթացը մղված է երկրորդ պլան։ Չեն կարևորվում այնպիսի իրողություններ, ինչպիսիք են դասերի ընթացքը, ուսուցիչ-աշակերտ, ուսուցիչ-տնօրեն հարաբերությունները, ուսուցիչների համագործակցության որակը, որոշումներ կայացնելու գործընթացը։ Ակնհայտ է, որ կրթության գործընթացի ձախողումը հնարավորություն չի տալիս ապահովելու լավ արդյունքներ և ներդրումներ։
Աշխարհի բազմաթիվ երկրներ կրթության ոլորտում հաջողության են հասել ոչ միայն՝ ներդրումներն ավելացնելով, այլև՝ կրթական գործընթացները բարելավելով։ Օրինակ՝ եթե դպրոցներում, բուհերում դասերը ձանձրալի են, ապա լավ արդյունք ունենալը բացառվում է։ Եթե մանկավարժների միջև չկա համագործակցելու մշակույթ, ապա լավ արդյունք ունենալը բացառվում է։ Եթե որոշումների կայացման ժամանակ չեն գործադրվում մարդկանց ներգրավելու մեխանիզմներ, ապա այդ որոշումների իրականացման համար մարդիկ պատասխանատվություն չեն ստանձնում։
Մի քանի տարի առաջ Գերմանիայում հետաքրքիր իրավիճակ արձանագրվեց։ Երկրի հյուսիսային Հիլդեշեյմ քաղաքի «Բոշ» անունը կրող դպրոցը սկսեց մեծ կարևորություն տալ ուսուցիչների համատեղ աշխատանքը բարելավելու գործընթացին։ Դպրոցի տնօրենը դասեր էր վարում և ուսուցիչներին հնարավորություն տալիս քննարկելու և գնահատելու իր վարած դասերը։ Ուսուցիչներն ազատ էին տնօրենի վարած դասերի մասին իրենց կարծիքն արտահայտելու հարցում։
Մի խոսքով, դպրոցում ներդրվեցին բավականին հետաքրքիր, մասնակցային գործընթացներ։ Քաղաքում այդ դպրոցը չուներ բարձր համբավ, և ավելի մեծ թվով աշակերտներ հաճախում էին հարևան Գիմնազիան։ Գերմանիայում ընդունված չէ դպրոցների արձանագրած արդյունքները հրապարակելը, քանի որ դրանք ավելի շատ օգտագործվում են դիագնոստիկ նպատակներով։
Բայց մի անգամ ինֆորմացիայի արտահոսք եղավ, ինչի արդյունքում պարզ դարձավ, որ համայնքում հեղինակություն վայելող Գիմնազիայի արդյունքները նկատելիորեն ցածր են «Բոշի» արդյունքներից։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նման հաջողության հիմնական պատճառն ուսուցիչների միջև համագործակցային հարաբերությունների բարձր մակարդակն է։ Այս հանգամանքն արժանացավ Գերմանիայի կրթական համակարգի կառավարիչների ուշադրությանը, և երկրում կարևորվեց ուսուցիչների միջև համագործակցության ամրապնդումը։ Արդյունքում՝ Գերմանիան դարձավ համաշխարհային առաջատար ուսուցիչների համագործակցության ոլորտում։
Ուսուցիչներն ակտիվորեն մասնակցում են դպրոցի զարգացման ծրագրի վերանայմանը։ Նրանցից լավագույնները ներգրավված են ուսումնական մոդուլները բարելավելու գործընթացում։ Շատ մեծ աշխատանք են կատարում մեթոդմիավորումները։
Եթե փորձենք հասկանալ Հայաստանի ուսումնական հաստատություններում առկա գործընթացների որակը, ապա կարող ենք ասել, որ դրանք բավական ցածր որակի վրա են։ Որոշումների կայացումը կրում է միանձնյա բնույթ։ Շատ քիչ են այն դպրոցները, որոնցում ուսուցիչները ներգրավված են որոշումների կայացման գործընթացում։ Հայաստանում դպրոցի տնօրենի գլխավոր խնդիրը որոշումները կրթության վարչության պետի հետ համաձայնեցնելն է։
Շատ ցածր մակարդակի վրա են ուսուցիչների, դասախոսների համագործակցությունը։ Յուրաքանչյուր մանկավարժ դասավանդում է իր առարկաները, երբեմն մասնակցում ձևական բնույթ կրող նիստերի, և վերջ։ Հաճախ մանկավարժները տեղյակ չեն, թե ինչ են անում իրենց մյուս գործընկերները, չկա դասերը համատեղ վերլուծելու պարբերական պրակտիկա։ Շատ քիչ են այն դպրոցները, որոնցում կատարվում է մեթոդական աշխատանք։ Այլ կերպ ասած, Հայաստանի կրթական համակարգում գործընթացները աղքատիկ են և շատ ձանձրալի են ընթանում, շատ ցածր է մասնակցայնությունն ու համագործակցությունը։
Կարծում եմ, որ կրթական բարեփոխումներում շատ մեծ ուշադրություն պետք է դարձնել ուսումնական հաստատություննեում առկա գործընթացների բարելավմանը։ Հենց այդ հանգամանքը կարող է բարելավել կրթության արդյունքները։ Հենց այդ հանգամանքը կարող է նպաստել կրթության ոլորտում ներդրումների ավելացմանը։