«Վտանգավոր է ներքաշվել նման գործողությունների մեջ»
ՀՀ նոր կառավարության գործունեության մի քանի ամիսների ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված խնդիրների, որոշ վերլուծաբանների գնահատմամբ՝ անգամ աննախադեպ ճգնաժամի ֆոնին՝ օգոստոսի 17-ին հանրահավաքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հայ-ռուսական աննախադեպ հումանիտար նախագծի մասին, որը հայ-ռուսական հարաբերությունները փոխադրելու է այլ մակարդակի:
Հակադարձելով գնահատականներին, թե հայ-ռուսական հարաբերությունները վատթարացել են իր պաշտոնավարման օրոք, Փաշինյանն ասել է, որ հայ-ռուս հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև ի հեճուկս ՀՀԿ-ի՝ ավելի են լավանալու: Նա նշել է, որ նոր կառավարության նպատակներից է հայ-ռուսական բարեկամության խորացումը և երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը. «Համապատասխան ընթացակարգերից հետո շուտով բոլորը կիմանան հայ-ռուսական համատեղ հումանիտար նախագծի մասին, որն աննախադեպ է ՀՀ-ի նորանկախ պատմության մեջ: Դա ապացույց է, որ մենք շարժվում ենք հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ճանապարհով»,- ասել էր նա:
Թե որն է հայ-ռուսական աննախադեպ հումանիտար ծրագրի էությունը՝ Փաշինյանը չի բացահայտել: Սակայն մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ շրջանառեցին այն մասին, որ ՀՀ իշխանությունը ջանքեր է թափում մոտակա շաբաթների ընթացքում Պուտին-Փաշինյան նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, որի ժամանակ կքննարկվի հայ-ռուսական «աննախադեպ հումանիտար համագործակցության» հեռանկարը:
Ըստ նույն լուրերի` «հումանիտար համագործակցություն» անվան տակ նախատեսվում է հայկական զորքի ներգրավում Սիրիայում` ռուսական դրոշի ներքո: «Սակայն խոսքը ոչ թե մարտական ջոկատի, այլ ռազմական մասնագետների մասին է՝ սակրավորներ, կապի մասնագետներ, ռազմական բժիշկներ: Մերոնք հույս ունեն, որ այս համաձայնությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները կջերմանան, և ռուսական կողմի դժգոհությունները կնվազեն»: Սակայն չի բացառվում, որ հումանիտար նախագծի վերոնշյալ բովանդակության իրականացումը մեծ դժգոհության պատճառ դառնա, քանի որ արդեն որոշ հայաստանյան փորձագետներ հիմնավոր մտավախություններ են հայտնել այս ծրագրի իրականացման ոչ նպատակահարմարության և վտանգների մասին: Ավելին, երեք տարի առաջ Հայաստանում լուրջ քննադատությունների արժանացավ ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստը, որը ղեկավարել էր Յուրի Խաչատուրովը, և որի ընթացքում կոմիտեն միաձայն աջակցել էր Սիրիայում Ռուսաստանի գործողություններին: Ըստ քննադատների` Հայաստանն այդ աջակցությամբ իրեն թիրախ է դարձնում Ասադի վարչակարգի դեմ պայքարող ահաբեկչական խմբավորումների համար:
Վարչապետ Փաշինյանի «աննախադեպ նախագծի» շուրջ ուշագրավ մեկ այլ հանգամանքն այն է, որ Մոսկվայում պաշտոնական մակարդակում լռում են հումանիտար նախագծի մասին: Օրերս «Ռեգնում» գործակալությունը, որը բավականին լուրջ կապեր ունի ՌԴ իշխանությունների հետ, գրել էր այն մասին, որ իր աղբյուրները հրաժարվում են մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի «աննախադեպ նախագիծը»՝ «համապատասխան ինֆորմացիայի բացակայության պատճառով»։ «Ռեգնումի» հարցին, թե այնուամենայնիվ ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը՝ խոսելով «համապատասխան ընթացակարգերի նախնական իրականացման մասին», հետևել է պատասխան, թե ոչ ոք չգիտի՝ դա ինչ է նշանակում։ Միևնույն ժամանակ նշվել է, թե չի բացառվում, որ Փաշինյանի կառավարությունը մշակում է ինչ-որ սեփական «ռուսական նախաձեռնություն»։
Հետաքրքրական է նաև հայտնված տեղեկությունը, թե Ռուսաստանի նախագահի՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովն օգոստոսի 30-ին Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ քննարկել է Սիրիայի հումանիտար իրադրությունը, ներառյալ՝ արաբական այդ հանրապետության վերականգնման հարցերը: Զրույցի ընթացքում, որը կայացել է դեսպանի խնդրանքով, քննարկվել է «մերձավորարևելյան ակտուալ պրոբլեմատիկան՝ հատուկ ուշադրություն դարձնելով Սիրիայի իրադրության հումանիտար ասպեկտների և երկրի հետհակամարտային վերականգնման գործում բազմադավան սիրիացի ժողովրդին արդյունավետ օժանդակություն ցուցաբերելու խնդիրների վրա»:
Սիրիայի հետպատերազմյան վերականգնման հարցի ուղղությամբ ուշադիր է նաև բելառուսական կողմը: Օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Բելառուսը Ռուսաստանի հետ միասին մասնակցելու է Սիրիայի հետպատերազմյան վերականգնմանը: Այս տեղեկությունների համադրման դեպքում հարցեր են առաջանում` արդյո՞ք Սիրիայի հետպատերազմյան վերականգնման ծրագրի շրջանակում է իրականացվելու հայ-ռուսական հումանիտար նախագիծը, ինչը ենթադրում է, որ ՀԱՊԿ երկրներին է առաջարկվել մասնակցել նմանատիպ ծրագրի, թե՞ սա հայկական կողմի առաջարկն է հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված անբարենպաստ մթնոլորտը հաղթահարելու համար:
«168 Ժամի» հետ զրույցում ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ Սիրիայից վերջին ժամերին ստացվող տեղեկությունները թույլ չեն տալիս խոսել Սիրիայի վերականգնման մասին:
Նրա որակմամբ՝ իրավիճակը բավականին լարված է: Այնուամենայնիվ, նրա խոսքով, Սիրիայի վերականգնման ծրագրերն արդյունավետ կլինեն, երբ այդ երկրում լարվածությունը մարի, ու որոշ բարեփոխումներ իրականացվեն: Մալաշենկոյի կարծիքով՝ հայ-ռուսական հումանիտար ծրագրի դեպքում խոսքը վերականգնման մասին չէ, այլ ներկայումս Սիրիայում ստեղծված իրավիճակին հումանիտար աջակցության ցուցաբերման:
«Շատ տեղեկություններ չկան այդ ծրագրի մասին: Ամեն դեպքում, կարծում եմ` պատահական չէ շրջանառության մեջ դրվել տեղեկությունը, թե բժիշկներ են մեկնելու Սիրիա, սակրավորներ և այլք:
Ըստ իս, խոսքը նաև մեծ կոնտինգենտի մասին չի լինելու, սա սիմվոլիկ աջակցություն է լինելու ՌԴ-ի համար, որը ՀՀ իշխանությունները մշակել են ՌԴ-ին հավատացնելու իրենց նվիրվածությունը հայ-ռուսական հարաբերություններին՝ իմանալով, որ Սիրիայում ՌԴ-ի գործողությունները մշտապես կարևոր թեմա են եղել ՌԴ-ի համար, ՀԱՊԿ-ում է քննարկվել Ռուսաստանին աջակցելու թեման, որին ՀԱՊԿ մյուս անդամ երկրները չեն համաձայնել: Այսինքն` սա այն թեման է, որի ուղղությամբ ՀՀ-ի պատրաստակամությունը ՌԴ-ն գնահատելու է:
Բայց ես տեղեկություններ չունեմ, թե ով է այս նախագծի հեղինակը, կարող եմ միայն ենթադրություններով առաջնորդվել: Չի բացառվում, որ նախաձեռնողը ռուսական կողմն է, և քանի որ Հայաստանի մանևրելու դաշտը նեղացել է հայ-ռուսական հարաբերությունների վերջին խնդիրների պատճառով, ՀՀ-ն դրանից չի հրաժարվել: Ենթադրությունները շատ կարող են լինել: Վարկածներից մեկը կարող է լինել այն, որ սա ռուսական նախաձեռնություն է ՀԱՊԿ-ում խորքային բարեփոխումների իրականացման խորապատկերին:
Ինչպես գիտեք, ՀԱՊԿ-ում բավականին դրամատիկ շրջան է` հաշվի առնելով Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ-ում և նախաձեռնված գործընթացը ՀԱՊԿ-ի համագործակցության սահմաններն ընդլայնելու ուղղությամբ, դիտորդ երկրներ ներգրավվելու ուղղությամբ, որը ևս անցնցում չի անցնելու ՀԱՊԿ-ի համար:
Այս ակտիվ ժամանակահատվածում դժվար է միանշանակ պնդել, թե կոնկրետ ինչ խնդիր է լուծում հայկական կողմը, ինչ խնդիր` ռուսական կողմը: Այնուամենայնիվ, ռուսական կողմը մշտապես ակնկալել է աջակցություն իր գործընկերներից և չի ստացել, սակայն մշտապես ընդունել է իր գործընկերների մտավախություններ՝ անվտանգության հետ կապված, իսկ Հայաստանի դեպքում ավելի մեծ հանդուրժողականությամբ է մոտեցել հարցին՝ հաշվի առնելով Ղարաբաղյան հակամարտության գոտում առկա բարդ իրավիճակը: ՀԱՊԿ տարածաշրջանի բարդությունը մշտապես ավելի դժվարացրել է կոնսենսուսային որոշումների կայացման հարցը, բայց հիմա ընթանում է վերանայման փուլ:
Սակայն, եթե ՀՀ վարչապետն է բացում այդ թեման, նշանակում է, որ դա գոհացուցիչ է հայկական կողմի համար, հատկապես, երբ ողջ աշխարհին է հայտնի, որ Սիրիայում լուրջ հայկական ներկայություն է եղել և այսօր, չնայած պատերազմին, ևս կա»,- ասաց Մալաշենկոն:
Նա ՀՀ-ի համար նման ծրագրի իրականացման դեպքում վտանգներ չի տեսնում: Ըստ նրա, դա ամենայն հավանականությամբ մեծ կոնտինգենտ չի լինելու, որ մեծ ուշադրություն գրավի: «Կարծում եմ` ՀՀ-ն մնալու է մարդասիրական աջակցության սահմաններում իր անվտանգության ապահովման համար»,- ասաց Մալաշենկոն:
Գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը գտնում է, որ Հայաստանի նման երկրի համար վտանգավոր է ներքաշվել նույնիսկ նման գործողությունների մեջ մի ժամանակահատվածում, երբ իրավիճակը ամենևին էլ խաղաղ չէ, երբ Ռուսաստանը, Թուրքիան բազմաթիվ նոր ուժեր են տեղափոխել Սիրիա, երբ պայթյուններ են տեղի ունենում սիրիական ավիաբազայի մոտ, ըստ էության, նաև ռուսական ուժերի դեմ:
«Արևմուտքը բավականին կոշտ է արձագանքում ռուս-սիրիական գործողություններին: Հայաստանը մշտապես չեզոքություն է պահպանել՝ ելնելով սեփական անվտանգությունից և աշխարհաքաղաքական նպատակահարմարությունից, զգուշավոր է գտնվել: Նախագծի մասին առաջին անգամ եմ լսում, չգիտենք, թե կոնկրետ ինչ առաքելության մասին է խոսքը: Բայց ես չեմ կասկածում, որ ՀՀ իշխանությունները զգուշավոր են լինելու: Այս բարդ ժամանակահատվածում Հայաստանը պետք է խուսափի Արևմուտքի և ահաբեկչական կազմակերպությունների հետ առճակատումից»,- ասաց Հալբախը: