ԱՄՆ-ում դիտարկում են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը

Թրամփի ադմինիստրացիան դիտարկում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը. Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Ընդհանուր վերցրած որևէ անսպասելի բան չկա այս հայտարարությունում, քանի որ վերջին տարիներին խորացող ՆԱՏՕ-Ուկրաինա համագործակցության տեմպերը վաղ թե ուշ բարձրացնելու էին կառույցին հետխորհրդային այդ պետության անդամակցության հարցը: Զարմանալի չի լինի նաև ոչ հեռու ապագայում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցի օրակարգ բարձրացումը Վաշինգտոնում:

Այսպիսով, տնտեսական պատժամիջոցներին զուգահեռաբար՝ ԱՄՆ-ը ճնշումներ է գործադրում Ռուսաստանի նկատմամբ նաև ռազմաքաղաքական ու Մոսկվայի համար անվտանգային ռազմավարական նշանակություն ունեցող հարթություններով։ Ռուսական կողմն իր հերթին՝ բավական խանդով է մոտենում ՆԱՏՕ-Վրաստան, ՆԱՏՕ-Ուկրաինա համագործակցության խորացման հարցերին, առավելևս, եթե վերաբերում է հետխորհրդային այդ հանրապետությունների անդամակցության հարինը նշյալ կառույցին։

Ի դեպ, սա այն սահմանագիծն է, որտեղ ետքայլը ճակատագրական կարող է լինել Ռուսաստանի համար, քանի որ հետխորհդային տարածքը Մոսկվան ընկալում է՝ որպես իր ազդեցության անմիջական գոտի։ Ուստի, տրամաբանական է, որ այդ տարածքում երրորդ երկրների ռազմական կամ ռազմաքաղաքական ներկայության ամրապնդումը՝ ի դեմ ՆԱՏՕ-ի, Կրեմլում ընկալվում է՝ որպես ռազմավարական նշանակության մարտահրավեր երկրի պաշտպանական անվտանգության համար։

Այս տեսանկյունից, Ուկրաինայի, կամ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության հարցի բարձրացումը Վաշինգտոնում կամ Բրյուսելում բացասական հետևանքներ կունենա ոչ միայն զուտ Ուկրաինա-ՌԴ, կամ Վրաստան-ՌԴ երկկողմ փոխհարաբերությունների հետագայի վրա, այլև լուրջ մարտահրավերներ ու ռիսկեր է պարունակում ողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունության ու անվտանգության պահպանման համար։

Ռուսաստանում շատ լավ գիտակցում են, որ Ուկրաինայի և առավելևս Վրաստանի համագործակցության խորացումը ՆԱՏՕ-ի հետ բևեռացնում է ոչ միայն ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում առկա խնդիրները, այլ նախևառաջ հնարավորություն ստեղծում՝ ի հաշիվ ռուսական կողմի ընդլայնելու ՆԱՏՕ-ի կարևորագույն մեկ այլ անդամ-պետության՝ Թուրքիայի դիրքերը Հարավային Կովկասում։

Տեսանյութեր

Լրահոս