Բաժիններ՝

Ինչո՞ւ ժամանակակից աշխարհում ինքնազարգացումը ոչ ոքի պետք չէ

Մեր ժամանակներում ինքնակրթությունը սկսում է ակտիվորեն մրցակցել դպրոցական և համալսարանական ավանդական կրթության հետ, սակայն այս իսկապես արդյունավետ ուսուցման մեթոդին զուգընթաց` առաջին պլան է մղվում այնպիսի հակասական երևույթ, ինչպիսին ցուցադրական ինքնազարգացումն է կամ, պարզապես, «տեսեք, թե որքան խելացի եմ ես և ինչքան շատ հետաքրքրություններ ունեմ, թեպետ իրականում դրանք ինձ պետք էլ չեն» բովանդակությամբ ներկայացումը:

Մի՞թե դա ավելի լավ է, քան պարզապես ոչինչը: Այժմ կփորձենք պատասխանել այդ հարցին, և դիտարկելով այն համացանցային օգտատերերի կարծիքների պրիզմայի միջոցով՝ կներկայացնենք ժամանակակից ինքնակրթության ալտերնատիվ տեսություն` առանձնացնելով ինքնազարգացման 5 ձևեր, որոնցով սիրում է պարծենալ ժամանակակից սերունդը:

Միևնույն ժամանակ՝ միանգամից զգուշացնենք` ինքնակրթությունը բացառապես դրական երևույթ է, եթե խոսքը չի գնում նրա` ստորև բերված ձևերի մասին:

5. Ինչ-որ գրքերի մեծ քանակությամբ ընթերցանություն:
Վերջին տարիներին նորաձև են դարձել տարին, ենթադրենք, 20 գիրք կարդալու կոչերը: Թվում է, թե գրքեր կարդալու մասսայականացման մեջ ոչ մի վատ բան չկա, միայն թե այդ տենդենցը հղի է կարդալու իմաստի փոփոխության հետ: Այսինքն` գրքերը դառնում են ինչ-որ քանակական նպատակ, ոչ ավելին: Կարևոր չէ, թե ինչ ես կարդում, կարևորը, որ դու կարդացել ես նախատեսված քանակի այդ 20 գիրքը, ուրեմն դու ինտելեկտուալ ես այլևս: Արդյունքում ստացվում է, որ ժամանակակից սերունդը, որքան էլ դա պարադոքսալ հնչի, կարդում է՝ կարդալու համար, այլ ոչ թե՝ գիտելիք ստանալու կամ հաճույքի: Եվ, ցավոք, ոչ միշտ է լավ գրականություն կարդում. չէ՞ որ քանակը միշտ էլ արգելակում է որակը:

Կարդացեք նաև

Այս լույսի ներքո զարմանալի է ամերիկյան հանրահայտ կատարող Քանիե Ուեսթի ասածը` ես գրքերի երկրպագու չեմ: Ես հպարտանում եմ նրանով, որ չեմ կարդում դրանք: Ինձ դուր է գալիս իրական կյանք ապրելն ու ինֆորմացիա ստանալը՝ մարդկանց հետ շփվելիս:
Իհարկե, սա բոլորովին էլ նմանվելու արժանի օրինակ չէ: Սա անկեղծության օրինակ է: Եթե ձեզ դուր չի գալիս էքսցենտրիկ ռեփերի միտքը, ահա ձեզ լրացում Մարկ Տվենից` ով չի կարդում լավ գրքեր, առավելություն չունի այն մարդու նկատմամբ, ով չի կարողանում կարդալ դրանք:

4. Օտար լեզուներ` առանց հեռանկարի:

Եթե դուք հանկարծ որոշել եք, որ կատարյալ «լուսավորվածության» համար ձեզ շտապ պետք է վիետնամերեն սովորել, զգույշ եղեք: Դուք կարող եք բավականին շատ ժամանակ ու գումար վատնել լեզու սովորելու համար, որը կմոռացվի վերջին դասից մոտավորապես մեկ ամիս անց: Չէ՞ որ առանց գործնականում կիրառելու` լեզուն մեռնում է:

Այդ պատճառով էլ օտար լեզու սովորելը նորաձևությանը տուրք տալու համար, կամ, որպեսզի ցուցադրես քո ինտելեկտուալ առանձնահատկության կողմերը, չարժե: Այդպես դուք կարող եք սոսկ ուղեղը մարզել, եթե սկսել եք զգալ, որ այլևս ոչինչ չի օգնում:

3. Ոչ պիտանի դասընթացներ:

Եթե դուք, միջին օղակի կառավարիչ լինելով, կես տարվա ընթացքում լսել եք դինամիկ ստերեոքիմիայի վերաբերյալ երկարատև դասախոսությունների դասընթաց, գրանցվել եք ռադիկալ իդեալիստների փիլիսոփայական խմբակում ու որոշել եք ուսումնասիրել Ադոբ Պրեմիեր ծրագիրը, ապա դա ինքնազարգացում չէ: Դա պարզապես կես տարվա ռեսուրսների անիմաստ վատնում է՝ օգտակար, սակայն կոնկրետ ձեզ համար ոչ պիտանի գիտելիքների համար:

Պետք է հիշել մեկ կանոն: Յուրաքանչյուր ինֆորմացիայի արժեքը նրա գործնական օգտակարության մեջ է: Հետևաբար՝ արժեք ներկայացնում են միայն այն գիտելիքները, որոնք անմիջականորեն պետք կգան ձեր գործունեության հիմնական ոլորտների համար, իսկ կյանքի տարբեր ոլորտներից մակերեսային գիտելիքները սոսկ մի փոքր կընդլայնեն ձեր աշխարհայացքը:

2. Անհասանելի արվեստ:

Որպես լրացում` գրականության մասին կետի: Ցանկացած գործունեություն 2 բաղկացուցիչ ունի` բովանդակային և ձևական: Ցավոք, նորաձևությանը տուրք տալով` շատ մարդիկ այժմ լիովին տրվում են 2-րդ բաղկացուցչին` առանց հաշվի առնելու առաջինը:

1. Սպորտ՝ ինքնանկարի համար:

Սպորտով զբաղվելը միշտ էլ լավ է, ինչ նպատակով էլ դա մարդն անի: Լինի դա ընդհանուր կենսական ուժերի ավելացմա՞ն, թե՞ սոցցանցերում գրառումների ու նկարների համար, էական չէ: Օրգանիզմը, միևնույն է, դրանից իր օգուտը քաղում է: Բայց մարզասրահների այն այցելուները, ովքեր դա անում են զուտ նորաձևությանը հետևելու համար, հաճախ սխալվում են մի բանում. Հույս դնել այն բանի վրա, որ սպորտով զբաղվելը ձեզ հաջողակ ու հայտնի կդարձնի, իմաստ չունի: Սպորտով զբաղվելն օգտակար հոբբի պետք է լինի, այլ ոչ՝ սոցցանցերում ցուցադրելու ռեկվիզիտ:
Եզրակացություն:

Այս տեսությունն ավարտենք նրանով, ինչից և սկսեցինք. Ինքնակրթությունն ու ինքնազարգացումը բացառապես դրական բաներ են, եթե ճիշտ հունի մեջ են դրված: Իսկ ահա անհատական աճի վերոբերյալ այս 5 ձևերը հանգեցնում են կարճ եզրակացության` ժամանակակից ցուցադրական ինքնազարգացումն ընդամենն անիմաստ ժամանակ վատնելու ձև է:

Այս ամենը, իհարկե, դեգրադացիայից լավ է, սակայն փոփ մշակույթը նմանակելու համար գրքեր կարդալը, իներցիայով մարզասրահ հաճախելը և ինքդ քեզ վրա բռնանալով` խելացի ֆիմեր դիտելը, կարծում ենք, նույնպես դեգրադացիայի առանձին տեսակ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս