«Մեզ համար շատ բարդ է լինելու Երևանի ավագանու ընտրություններին հաղթելը». Ալեն Սիմոնյան
«Ժողովուրդ» թերթը զրուցել է Ալեն Սիմոնյանի հետ՝ պարզելու համար, թե ինչն էր խնդիրը, որ ինքը չընտրվեց քաղաքապետի թեկնածու: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից:
Հուլիսի 29-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է: Հիմնական պայքարն ընթանում էր Մարությանի և ՔՊ անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի միջև:
-Պարո´ն Սիմոնյան, Հայկ Սարությանը Ձեր ընկերն է, և գիտենք, որ Դուք եք նրան ծանոթացրել կուսակիցների հետ: Հիմա անարդար չէ՞, որ Մարությանը դարձավ քաղաքապետի թեկնածու և ոչ Դուք:
-Առանց մեկնաբանության:
-Սոցիալական ցանցերում օգտատերերի մի հատված լուրջ չի վերաբերվում Հայկ Մարությանին՝ որպես քաղաքապետի թեկնածու: Իր մարմնավորած կանացի դերերից նկարներ են տեղադրում և զվարճալի գրառումներ անում: Այս առումով կարծում եք՝ ՔՊ-ի կատարած ընտրությունն արդարացվա՞ծ էր:
-Ես հայտարարություն եմ արել և հիմա չեմ ուզում որևէ կերպ իմ հայտարարությանը հակասել: Հայկ Մարությանը դարձել է ՔՊ կուսակցության թեկնածու: Ես կուսակցության հիմնադիր-անդամ եմ, և կուսակցության որոշումն ինձ համար առաջնային դեր ունի:
-Խնդիրը Ձե՞ր մեջ էր, թե՞ այլ հարց կար, որ Դուք չդարձաք ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն:
-Ես չեմ կարծում, որ իմ մեջ որևիցե խնդիր կա, ու ես որևիցե խնդիր իմ անձի հետ կապված չեմ նկատել ոչ քննարկմանը, ոչ ընդհանրապես: Իսկ մնացած մասով հարցի հասցեատերը ես չեմ:
-Ձեզ համար համոզի՞չ էին այն փաստարկները, որ հնչել են Մարությանի թեկնածության վերաբերյալ:
-Եթե համոզիչ լիներ, ես ինձ չէի քվեարկի:
-Եթե հաշվի առնենք, որ այլ ուժերի դեպքում քաղաքականության մեջ փորձառություն ունեցող մարդկանց անուններ են շրջանառվում: Ըստ Ձեզ՝ ՔՊ-ի ներկայացրած թեկնածուն համարժե՞ք է մյուսների հետ:
– Չեմ պատասխանի այդ հարցին: Առանց մեկնաբանությունների:
– Ընդհանուր առմամբ, ի՞նչ շանսեր եք տեսնում ՔՊ-ի համար քաղաքապետի ընտրություններին:
-Ես վստահ եմ, որ անկախ նրանից, թե ովքեր կլինեն թեկնածուները, շատ բարդ է լինելու ընտրությունը, և շատ բարդ է լինելու այդ ընտրություններին մեզ համար հաղթելը:
-Կարծում եք՝ թեժ մրցակցությո՞ւն է սպասվում:
-Միանշանակ: Համոզված եմ դրանում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: