«ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով հայտնել է եվրոպական կողմին, որ շահագրգռված է ամբողջովին օգտվելու ավելին ավելիի դիմաց մոտեցումից». Բալայան

«ՀՀ-ն շահագրգռված է ամբողջովին օգտվելու  ավելին ավելիի դիմաց մոտեցումից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից տրամադրված 110 միլիոն չօգտագործված եվրոյին:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարն ասել էր, որ Եվրամիության կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունից 110 միլիոն եվրոն անցած տարիներին չի օգտագործվել:

«Սա այն գումարն է, որը Հայաստանը պետք է ակտիվացնի. արդյո՞ք այդ գումարը պետք է ձեզ: Ես գտնում եմ, որ դրա մեծ մասն անհրաժեշտ է նաև դրամաշնորհների իրականացման համար, որոնց պայմանագրերը վերակնքվել են, բայց չեն իրագործվել: Որոշ պայմանագրերի իրագործումը չի էլ սկսվել: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է: Նախքան խոսելը նոր փող ստանալու մասին, որը, իհարկե, լինելու է, նաև պետք է հետադարձ հայացք գցել: 110 միլիոն եվրոն սպասում է, սպասում է «սառնարանում», և դրա օգտագործումը կախված է միայն Հայաստանից»,- ասել էր նա:

Բալայանն ասաց, որ ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով հայտնել է եվրոպական կողմին, որ շահագրգռված է ամբողջովին օգտվելու ավելին ավելիի դիմաց մոտեցումից:

«Եթե 110 միլիոն եվրոն տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, ապա այժմ գործում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովը, որի պարտականությունն է՝ մշակել ծրագրեր մեր համագործակցությունն առավել ընդլայնելու համար: Այդ հանձնաժողովը համապատասխան ծրագրեր կներկայացնի, որպեսզի հնարավորինս շատ մեր եվրոպացի գործընկերներին հնարավորություն ընձեռենք ՀՀ զարգացմանը նպաստելու»,- ասաց Բալայանը:

Տեսանյութեր

Լրահոս