«Նախարարը ժամանակից շատ առաջ է ընկել և օրենքի խախտումով Արա Մինասյանին ազատել է աշխատանքից». «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Այն, ինչ վերջին օրերին տեղի ունեցավ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շուրջ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը թիրախավորված հարձակում է համարում նոր կառավարության կողմից:

Հիշեցնենք, որ նախորդ ուրբաթ օրը առողջապահության նախարարն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, թե աշխատանքից ազատվել է բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը՝ նրա ղեկավարած բժշկական կենտրոնում նախորդ ամիսներին իրականացրած ստուգումների շնորհիվ մի շարք չարաշահումներ հայտնաբերելու պատճառաբանությամբ:

Արձագանքը չուշացավ. այդ օրը երեկոյան հիվանդանոցի ողջ անձնակազմը, ինչպես նաեւ բուժօգնություն ստացող հիվանդներն ու նրանց հարազատները բողոքի ցույցով պահանջեցին նախարարից վերականգնել Արա Մինասյանին նախկին պաշտոնում՝ հայտարարելով, թե նա գործին գիտակ ու այդ պաշտոնում տարիների վաստակ ունեցող, արհեստավարժ մասնագետ է, որը նաեւ մարդկային բարձր հատկանիշներով օժտված լինելով՝ միշտ ընդառաջել է կարիքավոր հիվանդներին եւ նրանց բուժօգնություն տրամադրել հիվանդանոցում: Մինչդեռ մյուս հիվանդանոցներում նրանց հրաժարվել են ընդունել ու բուժել: Ի դեպ, բողոքի ցույցերին էր միացել նաեւ այս ընտրատարածքից պատգամավոր ընտրված Սամվել Ֆարմանյանը։

Նրա հավաստմամբ՝ ինքը ծանոթ է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անցած ճանապարհը, տեղյակ է, թե որքան սրտացավ ու արհեստավարժ մասնագետներ են այդտեղ աշխատում.

«Ինձ մտահոգում է, որ առողջապահության նորանշանակ նախարարը հանձնարարում է ստուգումներ կատարել բժշկական կենտրոնում, ինչը թույլ է տալիս օրենքը, սակայն չսպասելով դրանց ավարտին՝ մամուլի հաղորդագրություններով ու սոցիալական ցանցերով թիրախավորում է բժշկական կենտրոնն ու դրա ղեկավարին՝ մատնելով ինքն իրեն, որ իրականում կամայական եւ անձնավորված որոշում է կայացրել: Եթե առողջապահության նախարարը բժշկական ամենամեծ կենտրոնի տնօրենին հեռացնում է առանց այդ կենտրոնի աշխատակիցների հետ քննարկելու, նրանց կարծիքը հաշվի առնելու, սա վկայում է այլ նպատակների, միտումնավորության մասին:

Ուստի անկասկած է, որ նրա հանդեպ անարդար են վարվել, եւ մենք պետք է պայքարենք արդարությունը վերականգնելու համար»: Պատգամավորի համոզմամբ՝ խոսուն փաստ է, որ առողջապահության նախարարն այդպես էլ չներկայացավ բողոքի ցույցի մասնակիցներին եւ նրանց ներկայությամբ չհիմնավորեց, թե ինչու է աշխատանքից ազատել իրենց ղեկավարին:

Այնինչ իրենք ուրբաթ օրը հստակ պահանջել էին նախարարի ներկայությունը ցույցին եւ մինչեւ ուշ երեկո սպասել նրան:

Նախարարը չներկայացավ նաեւ շաբաթ օրը, երբ ցույցերը դեռ շարունակվում էին.

«Միանալով անձնակազմի բողոքի ձայնին՝ ես եւս կոչով դիմել էի Արսեն Թորոսյանին՝ ներկայանալու ամենախոշոր բժշկական հիմնարկ եւ ներկայացնելու իր որոշման հիմնավորումները: Եթե նա ունի ողջամիտ բացատրություն, ապա ի՞նչը խանգարեց սիրո եւ համերաշխության նախարարին շփվելու իր ժողովրդի հետ, բացատրելու նրանց իրողությունը:

Փոխարենը նախարարն անվանարկեց նրանց՝ ասելով, թե աշխատակիցները հանցակիցներ են եւ բողոքում են, որպեսզի չզրկվեն կերակրամանից օգտվելու հնարավորությունից:

Եվ նա դա ասաց նորից առանց լուրջ հիմնավորումների՝ այդ մարդկանց անհիմն մեղադրանքներ ներկայացնելով: Ամեն մի, առավել եւս առողջապահության ոլորտում, որն առնչվում է ազգաբնակչության առողջությանը, խելամիտ, հեռատես, գրագետ լուծումներ են հարկավոր, ոչ թե ապրիորի: Եթե մեկը կարծում է, որ կարող է կրկնօրինակել նեոբոլշեւիկյան որեւէ անփառունակ նարկոմի գործելաոճ, չարաչար սխալվում է:

Թորոսյանին հորդորում եմ առողջապահության համակարգում մասնագիտական բժշկական համայնքի երկխոսելու ճանապարհով գնալ, ոչ թե հակադրվել բժշկական համայնքին եւ ինքնակամ որոշումներ կայացնել՝ ինչպես իրեն է հարմար: Դա արդյունավետ ճանապարհ չէ, հազարավոր բժիշկներ իրենց ջանքերն են ներդրել համակարգի կայացման գործում՝ թերություններով հանդերձ, եւ գրչի մեկ հարվածով չի կարելի դա ի չիք դարձնել»:

Սամվել Ֆարմանյանի տեղեկացմամբ՝ նախարարն իրավունք չուներ այդ կերպ ազատվելու բժշկական կենտրոնի տնօրենից: Նա պետք է սպասեր մինչեւ իրավասու կառույցները, մասնավորապես դատախազությունը քններ ուսումնասիրությունների ամբողջական արդյունքներն ու համապատասխան որոշում կայացներ: Նախարարը ժամանակից շատ առաջ է ընկել եւ օրենքի խախտումով Արա Մինասյանին ազատել է աշխատանքից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս