Խոշոր հրդեհ է բռնկվել Վրաստանի հետ սահմանամերձ հատվածում
Հուլիսի 31-ին, ժամը 05:00-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղի հյուսիսարևելյան մասում՝ Վրաստանի հետ սահմանամերձ հատվածում հերթապահություն իրականացնող հրշեջ-փրկարարները վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները:
ՀՀ տարածքում հրդեհը մարվել է ժամը 06:20-ին:
Ժամը 07:35-ին կրկին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդեց, որ Վրաստանի տարածքում հրդեհը մեկուսացվել է, այրվել է 20-25 հա խոտածածկ տարածք: Հրդեհի մարման աշխատանքները Վրաստանի տարածքում շարունակվում են:
Հրդեհաշիջման աշխատանքներին ՀՀ տարածքում մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ջիլիզայի մասնաճյուղի 10 աշխատակից և Ճոճկան գյուղի 7 բնակիչ: Այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ:
***
Հուլիսի 30-ին, ժամը 15:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ճոճկան գյուղի հյուսիսարևելյան մասում՝ Վրաստանի հետ սահմանամերձ հատվածում, այրվում է խոտածածկ տարածք. հրդեհը տարածվում է Վրաստանից:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ Վրաստանի տարածքում այրվում է մոտ 10 հա խոտածածկ տարածք, դեպքի վայրում աշխատում է 2 մարտական հաշվարկ:
Հայաստանի հանրապետության տարածքում հրդեհը մեկուսացվել է ժամը 20:55-ին:
Կրկին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ՕՀ-ի հետ, ով հաղորդեց, որ ժամը 21:08-ի դրությամբ Վրաստանի տարածքում հրդեհը դեռ չի մեկուսացվել:
Ժամը 21:25-ին ՀՀ տարածքում աշխատանքները դադարեցվել են մթության և տեղանքի դժվարամատչելիության պատճառով:
Հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից սահմանվել է հերթապահություն: