
Մարտունի քաղաքի բռնցքամարտիկները կրկնակի հաղթանակով են վերադարձել Վրաստանում կայացած առաջնություններից

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Սմբատ Մհերյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի թիմը՝ 14 մարզիկներով, մասնակցել է Վրաստանի Քութայիս եւ Բաթում քաղաքներում անցկացված միջազգային առաջնություններին եւ գրանցել կրկնակի հաղթանակներ՝ ընդհանուր արդյունքներով տուն բերելով 22 ոսկե մեդալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու մարզադպրոցի բռնցքամարտի թիմի գլխավոր մարզիչ Գեւորգ Սարգսյանը, Քութայիս քաղաքում կայացած առաջնությանը մեր մարզիկները նվաճել են 10 ոսկե մեդալ:«Իրենց քաշային կարգերում հավասարը չունեցան մեր սաներ Սիմոն եւ Սարգիս Սիմոնյան եղբայրները, Էրիկ Բաղդասարյանը, Վոլոդյա Գեւորգյանը, Գոռ Կոծինյանը, Արես Հակոբյանը, Արգիշտի Հակոբյանը, Հովհաննես Մանուկյանը, Արտավազդ Միքայելյանը եւ Վալերիկ Զաքարյանը: Նույն մարզիկները, մի քանի օր անց կրկին փայլեցին Աջարիայի Բաթում քաղաքում անցկացված առաջնության ժամանակ՝ մեր թիմին բերելով եւս 10 ոսկե մեդալ: Եվս երկու ոսկե մեդալ մեր նվաճումներին ավելացրին Էրիկ Մխիթարյանը եւ Նարեկ Կոստանդյանը»,- ներկայացրեց Գեւորգ Սարգսյանը:
Մարտունի քաղաքը շուքով է դիմավորել պատվով տուն վերադարձած բռնցքամարտիկներին:
Խոսրով Խլղաթյան