Բաժիններ՝

Երանոսում հացահատիկի բերքահավաքն ավարտվել է բարձր արդյունքներով

Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում արդեն ավարտվել է հացահատիկի բերքահավաքը: Նախնական արդյունքներով՝ 120 հեկտար գարու արտերի 1 հեկտարից ստացվել է 25-30 ցենտներ, 50 հեկտար ցորենի արտերի 1 հեկտարից՝ 35-40 ցենտներ հացահատիկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոսի գյուղապետի պաշտոնակատար Սաշա Բավեյանը, բերքահավաքի աշխատանքները Երանոսում մեկնարկել են հուլիսի 25-ին եւ ավարտվել 4 օրվա ընթացքում:

«Բերքահավաքի աշխատանքներն իրականացվել են հացահատիկահավաք 6 կոմբայնով: Տնտեսությունները հասցրին ամենասեղմ ժամկետներում հավաքել բերքը, որի քանակությունը նախորդ տարիների համեմատ կարելի է նույնիսկ ռեկորդային համարել: Այս տարվա ցանքերը որոշակիորեն գերազանցում էին նախորդ տարվա ծավալները, իսկ բերքատվությունից էլ մարդիկ շատ գոհ են:

Հուսանք, որ եկող տարի կունենանք հողերի մշակության ավելի մեծ ծավալներ, քանի որ տնտեսությունները ոգեւորված են այս տարվա բերքի արդյունքներից:
Մեր համայնքն ունի 1068 հեկտար վարելահող, որի մոտ 20 տոկոսն է մշակվում՝ հիմնականում, ցածրադիր գոտիներում: Կձգտենք հերթական տնտեսական տարում աջակցել տնտեսություններին, որպեսզի նկատելիորեն ավելացվեն մշակվող վարելահողերի ծավալները»,- նշեց Սաշա Բավեյանը:

Նույն աղբյուրի համաձայն՝ Երանոսում խոտհնձի աշխատանքները մեկնարկել են մեկ շաբաթ առաջ եւ կավարտվեն օգոստոսի կեսերին: 252 հեկտար բնական խոտհարքերից եւս առատ բերք է սպասվում, քանի որ առկա է չափազանց փարթամ բուսածածկույթ:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս