Մոնղոլիան թույլ չի տվել Թուրքիա տեղափոխել FETÖ-ի հետ կապի մեջ մեղադրվող թուրք գործչին
Հուլիսի 27-ին Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում գտնվող իր տան մոտից առևանգվել է ծագումով թուրք, «Empaty» դպրոցների տնօրեն Վեյսել Աքչայը։ Թուրքական կողմի պնդմամբ՝ Աքչայի գլխավորած կրթական հատատությունները գտնվում են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող FETÖ (Գյուլենական համայնք) կառույցի վերահսկողության ներքո։
Հայտնի է դարձել, որ Աքչայի դեմ գաղտնի գործողություններ է ծավալել Թուրքիայի հետախուզական ծառայությունը, իսկ նրան Թուրքիա տեղափոխելու նպատակով Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող հատուկ ինքնաթիռ է մեկնել Մոնղոլիա։
Աղբյուրի համաձայն՝ Աքչայը շուրջ 24 տարի բնակվում և աշխատում է Մոնղոլիայում։ Նա այն սակավաթիվ թուրքերից մեկն է, ով Մոնղոլիայում արժանացել է «Մոնղոլիայի բարեկամության մեդալի»։
Վեյսել Աքչայի ընկերներն ու մտերիմները կոչով դիմել են Մոնղոլիայի բարձրաստիճան պաշտոնյաներին, ՄԱԿ-ին և ԵՄ-ին, ինչպես նաև այնպիսի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպիսիք են «Amnesty International»-ը և «Human Rights Watsch»-ը՝ պահանջելով ազատ արձակել Աքչային։
Մոնղոլիայի արտաքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ գրավոր հայտարարություն է տարածել՝ համոզմունք հայտնելով, որ Թուրքիան հարգանք կցուցաբերի Մոնղոլիայի անկախության և ինքավարության նպատմամբ՝ զերծ մնալով որևէ անօրինական գործողությունից, այդ թվում՝ նաև մարդկանց առևանգումից։
Ժամեր անց Վեյսել Աքչայը ազատ է արձակվել, իսկ Թուրքայի զինված ուժերին պատկանող ինքնաթիռին երկրից հեռանալու թույլտվություն է տրվել։