Հայ դպրոցականները կմասնակցեն «First Global» ռոբոտների միջազգային մրցույթին
Oգոստոսի 16-18-ը Մեխիկոյում կկայանա «First Global» ռոբոտների միջազգային մրցույթը: Հայաստանը ևս մասնակիցներ կունենա միջազգային մրցույթում. երկիրը կներկայացնեն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները: Հայաստանյան թիմում ընդգրված են Վահագն Զարգարյանը (Արծվաբերդ), Լիլիթ Խաչիկյանը (Սիսիան), Նոնա Թելունցը (Գորիս) և թիմի ղեկավար ու մասնակից Արմեն Յենոքյանը (Սիսիան, «Արմաթի» խմբավար):
Հայկական թիմը ներկայացնելու է արմաթցիների պատրաստած ռոբոտը: Ռոբոտի առաջ դրված է կոնկրետ առաջադրանք. այն պետք է դաշտում տեղադրված 20-30 խորանարդներից վերցնի 1-3 խորանարդ և նետի տարրայի մեջ՝ 60 սմ բարձրությամբ անցքից: Հայկական թիմի ներկայացրած ռոբոտը կարող է վերցնել և նետել 3 խորանարդ: Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Նոնա Թելունցը պատմում է, որ դեռ կան որոշ թերի տեղեր և պետք է արվեն շտկումներ, սակայն մրցույթին Հայաստանը կներկայանա ամբողջությամբ պատրաստ:
Այս տարի մրցույթի առանցքում վերականգնվող էներգիայի վերաբերյալ առաջադրանքներ են: Մրցութային դաշտում կլինեն հողմային և ջերմային կայաններ, արևային պանելային բջիջների մակետներ։ Թիմի անդամների կառավարմամբ ռոբոտը պետք է պտտի հողմային կայանը, արևային պանելը մի կետից փոխանցի մյուս կետին, որտեղ թիմի անդամները պետք է վերցնեն և կախեն միացման օղակներում, որի արդյունքում սկսվում է էկրանի վրա ցույց տալ պայմանական էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Բացի դրանից, առկա կլինի նաև պայմանական ածուխ, որը պետք է տեղադրել ջերմային կայանների մակետային հատվածում։
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշում է, որ «Արմաթի» սաները ռոբոտաշինության գերազանց գիտելիքներ են կուտակել և ռոբոտների միջազգային օլիմպիադայում կարող են Հայաստանը պատվով ներկայացնել ու հաղթանակ բերել: Կարեն Վարդանյանի խոսքով՝ իրենք ունեն լուրջ սպասելիքներ և հետաքրքիր լուծումներ են առաջարկելու:
«Անցած տարվանից մենք սկսեցինք հետևել նրան, որ մեր սաները մասնակցեն միջազգային մրցույթներին՝ դրանով ապահովելով և՛ փորձի փոխանակում, և՛ Հայաստանի ներկայացումը ռոբոտաշինության, հատկապես մրցույթային հատվածում:
Պետք է նշեմ, որ հայաստանյան մրցույթները սովորաբար բարդ են, քանի որ դրանք ավտոնոմ ռոբոտների մրցույթներ են: Այս առումով, պետք է շնորհավորեմ մեզ բոլորիս, քանի որ աշխարհում շատ քիչ են ավտոնոմ ռոբոտների մրցույթները, որոնք հիմնված են ձեռքի կառավարման վրա:
Ապագայի համար մենք մտածում են, որ գեներացնենք ավտոնոմ ռոբոտների մրցույթներ և Հայաստանը դարձնենք ավտոնոմ ռոբոտներով մրցույթների կենտրոն»:
Կարեն Վարդանյանը նշում է, որ նախորդ տարի ռոբոտների միջազգային մրցույթում մասնակցել էր ԹՈՒՄՈ-ի թիմը և գրավել էր երրորդ հորիզոնականը: Արմաթցիների թիմին Կարեն Վարդանյանը հորդորում է հանգիստ լինել՝ նշելով, որ իրենք չեն ճնշում թիմին՝ պահանջելով միայն հաղթանակ:
«Մենք դեռ մոտավորապես 20 օր ունենք, և ես հուսով եմ, որ թե՛ մեր ռոբոտը, թե՛ թիմի անդամներն այնքան կհղկվեն, որ լավ արդյունք կգրանցեն»,- նշում է Կարեն Վարդանյանը:
«Ամերիաբանկի» ՏՏ և ավտոմատացման ստորաբաժանման ղեկավար Շավարշ Ոսկանյանը նշում է, որ իրենք շատ ուրախ են, որ հայ պատանիները երկիրը ներկայացնելու են միջազգային մրցույթում:
«Մասնակցությունը միջազգային մրցույթին հիանալի հնարավորություն է նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու համար»,- նշում է Շավարշ Ոսկանյանը:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԱՏՁՄ) նշում են, որ արմաթցիների մասնակցությունը «First Global» ռոբոտների միջազգային մրցույթին կարևոր է միջազգային փորձ ու մրցունակություն ձեռք բերելու համար: Այն խրախուսում է պատանիներին ու առաջ մղում նրանց՝ գիտությամբ զբաղվելու և նորարություններ ստեղծելու համար: Մրցույթի մասնակիցները նաև միջազգային կապեր ստեղծելու հնարավորություններ ձեռք կբերեն:
Հիշեցնենք, որ «First Global»-ը ռոբոտների միջազգային մարտահրավեր է, որին մասնակցում են 14-18 տարեկան պատանիներ շուրջ 160 երկրից: Մրցույթի նպատակն է միավորել պատանիներին, ոգեշնչել նրանց տեխնոլոգիաների և նորարարության հնարավորություններով, ստեղծել համագործակցության հարթակներ գլոբալ խնդիրների ու կյանքի որակի բարձացմանն ուղղված լուծումներ ստեղծելու համար:
Սիրարփի Աղաբաբյան