«Ամեն ինչ մատուցվում է՝ որպես սենսացիա, բացահայտում, «հեղափոխական փոփոխությունների վկայություն»». Մարկեդոնով

ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ինչ-որ վատ, տագնապալի զգացողություն ունեմ ռուս-հայկական հարաբերությունների շուրջ ստեղծված ինֆորմացիոն ֆոնից։ Այդ զգացողությունն ունեցա Երևանում և շարունակում եմ ունենալ արդեն Մոսկվայում։

Մի շարք լրատվամիջոցներ, ներառյալ՝ և լուրջ կայքեր, սկզբում խուճապ տարածեցին Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի շուրջ։

Կներեք, բայց ակամա դատարկաբանություն։ Պարզվեց, որ և՛ մեր հրամանատարը, և՛ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը թե՛ ներողություն են խնդրել, թե՛ ընդունել են համատեղ պատասխանատվություն կրելու հանգամանքը։

Կարդացեք նաև

Հիմա էլ գործը հասել է սահմանապահների կարգավիճակին։

Մի շարք, այդ թվում նաև՝ հեղինակավոր լրատվամիջոցներ, ոչ թե՝ պատի թերթեր, գրեթե որպես կայծակնային լուր՝ տեղեկատվություն տարածեցին, որ Երևանը պատրաստվում է վերանայել Հայաստանում մեր սահմանապահ զորքերի վերաբերյալ պայմանագիրը, որը գործում է 1992 թվականից։

Այսօր առավոտյան ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով, ի դեպ, լավ քաղաքագետ է, հերքեց այդ պնդումը։

Այժմ էլ բոլորն անհամբեր սպասում են Վրաստանում անցկացվելիք Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժություններին։ Ասես թե 3 սանիտարների ու 2 շների այնտեղ ուղարկելը նշանակում է՝ Երևանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն դեպի ՆԱՏՕ-ի կողմ։ Եվ թարսի պես՝ վերջերս Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, ուր Փաշինյանը ներկա է եղել։ Ու դրան ավելացրած՝ նաև նրա առաջիկա այցը ԱՄՆ։ Կարծես թե Սերժն ու Ռոբերտը չեն մասնակցել այդպիսի գագաթաժողովների, ու հայ զինվորականներն էլ տարիներով չեն մասնակցել ՆԱՏՕ-ի խաղաղապահական գործողություններին Կոսովոյից մինչև Աֆղանստան։

Ամեն ինչ մատուցվում է՝ որպես սենսացիա, բացահայտում, «հեղափոխական փոփոխությունների վկայություն»։ Իսկապես, սա տեսնելով՝ սկսում եմ կարոտել գրաքննությանը։

Երևանի հարաբերությունները ԱՄՆ-ի, Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ առաջին տարին չեն ձևավորվել։ Դրանք զարգացրել են երկրի 3 նախագահները, և Փաշինյանն այստեղ բացահայտում չի արել։ Ե՛վ նա, և՛ իր նախորդները հայտարարել են Ռուսաստանի հետ հարաբերությունների առաջնային լինելու մասին, բայց ոչ՝ ի վնաս Արևմուտքի հետ հարաբերությունների։ Այսինքն՝ Ռուսաստանը թիվ մեկն է, իսկ մնացածները նույնպես գործընկերներ են։

Բայց մենք էլ արդարացիորեն շփոթվում ենք, երբ զգացմունքների տեղատարափի տակ մեր հայ ընկերները մեզ խորհուրդ են տալիս վիճել Անկարայի ու Բաքվի հետ։ Մենք ասում ենք, որ դա սխալ է, որ դա մեզ համար կարևոր է։ Բայց կներեք, նրանց համար էլ է կարևոր։ Եվ կան առաջնահերթություններ. դրանք մեր ռազմավարական հարաբերություններն են, և կան երկրորդական բաներ, որոնցից են, օրինակ, ՆԱՏՕ-ական պաշտոնյաներին ժպտալը կամ 3 սանիտարների զորավարժություններին մասնակցելու ուղարկելը։

Եկեք հանգստանանք ու կրքեր չբորբոքենք։ Եկեք ստուգենք ինֆորմացիան, չշտապենք հորինված սենսացիաներ անել։ Չի՛ կարելի ամեն ծկլթոցից վերջնական եզրահանգումներ անել ո՛չ մեզ, ո՛չ նրանց։ Բայց մենք կարծես թե այս զույգի մեջ առաջնորդողի դերն ենք փորձում խաղալ։ Իսկ եթե դա այդպես է, ապա մեր պատասխանատվության չափն էլ պետք է ավելի մեծ լինի, ուղեղը, գիտելիքներն ու զսպվածությունն էլ՝ շատ։ Ու նաև՝ ռացիոնալությունը։ Պավլովի շան ոճի պես արձագանքելու փոխարեն»։

 

Տեսանյութեր

Լրահոս