Բաժիններ՝

Օպերային թատրոնը հյուրախաղերի կմեկնի նորացված բեմադրություններով

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը տարբեր օպերային ներկայացումներով կհյուրընկալվի Ռուսաստանում, Դուբայում, Քուվեյթում և այլ երկրներում: Այս մասին հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

Թատրոնը հրավեր է ստացել «Գայանե» բալետը ներկայացնել Մեծ թատրոնի բեմում. Բալետային խումբը իր հետ կտանի նաև Մինաս Ավետիսյանի վրձնով ստեղծված բոլոր դեկորացիաները: Դա շատ նշանակալի և կարևոր իրադարձություն է, քանի որ մեր բալետի թատերախումբը հանդես չի եկել Մեծ թատրոնում 1975 թվականից ի վեր:

Օգոստոսին նախատեսվում է նաև Չուխաջյանի «Կարինե« օպերետի առաջնախաղը:

«Սեպտեմբերին Դուբայի օպերային թատրոնում ցուցադրելու ենք «Կարմեն»-ի արդիականացված տարբերակը և «Կախարդական ֆլեյտա»-ի նոր բեմադրությունը: Շատերը հարցնում են, թե ինչու հյուրախաղերի չենք տանում «Կարմեն»-ի նախկին բեմադրությունը: Մեր թատրոնում թատերական պլունժերներ (բեմահարթակը բարձրացնող մեխանիզմներ, խմբ.) ենք օգտագործում , որոնք չկան Դուբայի բեմահարթակում, ուստի ամբողջովին փոխել ենք ներկայացումը: Այդ ամենն արվել է ընկերներիս աջակցությամբ, թատրոնը գումար չի վճարել նոր բեմադրության համար»,- նշեց Օրբելյանը:

Սեպտեմբերի վերջին թատերախումբը կմեկնի Քուվեյթ, որպեսզի օպերային ներկայացմամբ հանդես գա այնտեղի նոր կառուցված օպերայի շենքում: Կներկայացնեն «Կախարդական ֆլեյտա»-ի առաջին բեմադրությունը:

Հյուրախաղերից վերադառնալով` օպերային թատրոնը նոր թատերաշրջանը կբացի Ժ. Մասնեի «Մանոն» օպերային ներկայացմամբ:

Անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարարության օպերային թատրոնին ցույց տրվող աջակցությանը` Օրբելյանն ասաց, որ նախարարությունը օժանդակել է իրենց Դուբայի հյուրախաղերին:

Օրբելյանն ասաց, որ իր օպերային թատրոնում աշխատանքի ժամանակ Հայաստան է հրավիրել հայազգի հրաշալի երգիչների` Կարինե Բաբաջանյանին, Լիաննա Հարությունյանին և այլոց, որոնք աշխատում են արտերկրում, բայց ինչ-ինչ պատճառներով երկար ժամանակ հանդես չեն եկել հայրենիքում:

Օրբելյանը շեշտեց` պատրաստվում է նաև մանկական ներկայացումներ բեմադրել. այդպես կմեծանա հետաքրքրությունն օպերային արվեստի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս