Կուսակցություններում քննարկումները շարունակվում են. որ ուժերն են մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում քննարկվել են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու ձևաչափի և քաղաքապետի թեկնածուի հարցերը։ 168.am-ի հետ զրույցում կուսակցության անդամ, ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ իրենց համար նախընտրելի ձևաչափը դաշինքով մասնակցությունն է։

«Դաշինքում ևս կան քննարկումներ դրա վերաբերյալ, սակայն վերջնական որոշում դեռևս չկա։ Երբ լինի, մենք ևս մեր դիրքորոշումն այդ մասով կհստակեցնենք»,- նշեց Դ. Խաժակյանը։

Հարցին՝ կուսակցության ներսում քաղաքապետի թեկնածուի ի՞նչ անունների շուրջ են եղել քննարկումները, Դ. Խաժակյանը պատասխանեց, որ քննարկումներ ունեն, սակայն նախքան դաշինքում ձևաչափի քննարկումների ավարտը՝ ճիշտ չի լինի որևէ անուն հնչեցնելը. «Դաշինքով գնալու դեպքում՝ պետք է լինի միասնական թեկնածու, ու նախքան այդ որոշումը կայացնելը՝ ոչինչ չեմ կարող ասել»։

Դ. Խաժակյանը կարծում է՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կհստակեցվի ավագանու ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափը։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց կուսակցությունում ընտրությունների հետ կապված դեռևս պաշտոնական քննարկումներ չեն եղել. «Բայց վարչականների և կուսակցականների տրամադրությունները հաշվի առնելով՝ համոզված եմ, որ «Ժառանգությունն» անպայման կմասնակցի ավագանու ընտրություններին»։

Նա չցանկացավ խոսել այն մասին, թե ավելի հավանական է՝ միայնա՞կ, թե՞ դաշինքով հանդես կգան, քանի որ գտնում է՝ դեռ պետք է քննարկեն։ Նա անուններ չնշեց, սակայն ասաց, որ քաղաքապետի թեկնածուներ իրենց կուսակցությունում ինքը տեսնում է։

ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանն էլ ասաց, որ իրենց կուսակցությունում ավագանու ընտրություններին մասնակցության հարցը քննարկել են, բայց դեռ վերջնական որոշում չունեն. «Ընդհանուր տրամադրվածությունն այնպիսին է, որ անպայման մասնակցելու ենք»։

Նա չցանկացավ հստակեցնել՝ քաղաքապետի իրենց թեկնածուի հարցը քննարկվե՞լ է, թե՞ ոչ։

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ավագանու ընտրություններին մասնակցության առումով իրենք դեռևս ասելիք չունեն։

Տեսանյութեր

Լրահոս