Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել ու վաճառել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) հարցաքննության կանչված, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը 1998-1999 թվականներին Պաշտպանության նախարարությունից բնակարան է ստացել՝ որպես կարիքավոր սպա:

Ինչպես օրերս տեղեկացրել էինք՝ Խաչատուրովը մի քանի տարի բնակվել է Ազատության պողոտայի՝ ՊՆ-ին պատկանող բազմաբնակարան շենքերից մեկում՝ «գեներալների շենքում», որտեղ ունեցել է երկու բնակարան, դրանք սեփականացրել եւ վաճառել է:

ՊՆ-ն սպաներին հիմնականում հատկացնում է մեկ բնակարան, որոնք լինում են 1-3 սենյականոց, եւ հազվադեպ է լինում, որ սպային տրամադրում են 2 բնակարան՝ 1 եւ 3 սենյակներ ունեցող, իրար հարեւանությամբ՝ եթե սպայի ընտանիքը բազմամարդ է:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացանք, որ 1990-ական թվականների վերջին պաշտպանության նախարարությունը այդ շենքի բնակարանները ըստ ընթացակարգի հատկացրել է կարիքավոր համարվող սպաներին: Այդ սպաների ցուցակում է եղել նաեւ Յուրի Խաչատուրովը:

Բնակարան ստանալու հայտ ներկայացրածների ցուցակում առաջնահերթությունը տրվում է կամ բազմամարդ ընտանիք ունեցող սպաներին, կամ այն սպաներին, ովքեր կոչումով ավելի բարձր են: Խաչատուրովն ուղղակի սեփականացրել եւ վաճառել է իրեն հատկացրած բնակարանը եւ տեղափոխվել Ջրվեժում գտնվող իր շքեղ առանձնատուն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս