ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի հետագա զարգացմանը. Գուտերեշ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հուլիսի 18-ին հանդիպում ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:

Ողջունելով Զոհրաբ Մնացականյանին` Անտոնիու Գուտերեշը ընդգծեց, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ, դրան հաջորդած փոփոխություններով, և շեշտեց, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի հետագա զարգացմանը` մեր երկրի համար կարևորություն ներկայացնող ասպարեզներում։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՄԱԿ-ի շրջանակներում ծավալվող բազմաբնույթ համագործակցությունը և վերահաստատեց մեր երկրի նոր կառավարության մեծ շահագրգռվածությունն էլ ավելի հարստացնելու համատեղ օրակարգը:

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ նշելով, որ կառավարության առաջնահերթությունները հստակ են․ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրականացնել բարեփոխումների գործընթացն արդարադատության, օրենքի գերակայության, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռման, կոռուպցիայի դեմ պայքարի և բոլոր այն ուղղություններով, որոնք ընկած են ՀՀ կառավարության ծրագրի ու գործունեության հիմքում։

Արտահերթ ընտրությունների կամզակերպման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունն ընտրությունների պատշաճ կազմակերպման գործում սերտորեն համագործակցելու միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման գործակալության հետ։ Անտոնիու Գուտերեշը վերահաստատեց, որ այս առումով ևս Հայաստանը կարող է հիմնվել ՄԱԿ-ի փորձառության ու աջակցության վրա։

Հայաստանի արտգործնախարարը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտքեր փոխանակեցին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ նշելով, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացի առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը:

Բանակցային գործընթացի առաջմղման համար նախարար Մնացականյանը կարևորեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։

ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանգամանալից քննարկեցին ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձան դրանց առավել խորացման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող համատեղ քայլերին:

Տեսանյութեր

Լրահոս