«Այո, կարելի է ասել, որ վենեդետա չկա, բայց զգացվում է, որ որոշ շրջանակների ուղղությամբ է գնում պատիժը». Տիգրան Քոչարյան

«Էյֆորիկ վիճակից հետո տեղափոխվել ենք սպասումների փուլ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը։

Ըստ նրա՝ և՛ իշխանությունները, և՛ արտախորհրդարանական ուժերը սպասումների մեջ են, ու որևէ մեկը չի ուզում ինչ-որ կտրուկ քայլ անի. «Զգացվում է, որ ուժերի հավաքագրում է գնում ապագա խորհրդարանական ընտրությունների համար։ Որևէ քաղաքական ուժ որևէ քայլ չի ուզում անի, որովհետև յուրաքանչյուր սխալ քայլ կարող է բերել ռեյտինգի զրոյացման: Նույնն էլ իշխանություններում է նման պրոցես գնում, շատերը, մանավանդ վերջին դեպքերից հետո, աշխատում են ընդհանրապես մեդիա դաշտում չերևալ, որովհետև այն պրոցեսը, որ տեղի ունեցավ նախկին իշխանությունների հանդեպ, երբ խոշորացույցով բոլոր խոշոր ու փոքր հանցանքները լայնորեն լուսաբանվում էին, հիմա կարծես ժողովուրդը նույն ձևով հետևում է հիմիկվա կառավարությանը, ու անգամ որոշակի դեպքեր եղան, որ մարդիկ ազատվեցին աշխատանքից։ Կարծում եմ՝ կառավարության ներկայացուցիչները նույնպես կաշխատեն մաքսիմալ քիչ երևալ, որ այդպիսով չվնասեն Նիկոլ Փաշինյանի ռեյտինգին»:

Տ. Քոչարյանը գտնում է՝ արտաքին խոշոր խաղացողները դեռևս ուսումնասիրում են նոր կառավարությանը և ինչ-որ վերջնական կարծիքի չեն եկել. «ՌԴ-ի կողմից կա նորմալ, լոյալ վերաբերմունք, բայց այն ազդակները, որ գալիս են ռուսական մամուլից, ցույց են տալիս, որ ՌԴ-ն դեռ վերջնական չի ըմբռնել իրավիճակը ու ուզում է հասկանալ՝ կառավարության աշխարհաքաղաքական ընկալումներն ինչպիսին են լինելու։ Տպավորություն է ստեղծվում, որ այդ հարցի հասկանալն իրենք հետաձգում են մինչև ապագա խորհրդարանական ընտրություններ։ Նույնը կարելի է տեսնել ԵՄ-ի մասով՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողով այցելելուց հետո։ ՀՀ վարչապետի խոսքերից այնպիսի տպավորություն է, որ ԵՄ-ն այնքան էլ էյֆորիկ վիճակներում չէ մեր հեղափոխությունից, ու ուզում են հասկանալ՝ ինչ կուրս են վերցնելու իշխանությունները, որովհետև տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի փոխել այն արտաքին քաղաքական կուրսը, որը եղել է նախորդ իշխանություններից»։

Փորձագետը գտնում է՝ Ն. Փաշինյանը դեռևս ունի բացարձակ աջացություն հանրության կողմից, բայց խնդիրն այն է, որ հեղափոխությունից առաջ բավականին մեծ խոստումներ են տրվել ժողովրդին. «Հեղափոխությանն աջակցողներից ամեն մեկը մտածել է, որ անցավ հեղափոխությունը, և վաղվանից իր անձնական կյանքը պետք է լավանա, ու սա բխում է զուտ այն ճառերից, որ հնչել են հարթակում։ Կառավարությունը պետք է բացատրական աշխատանք տանի հանրության հետ, որ ամեն ինչ մի օրվա մեջ չի լինելու: Արդեն որոշ դեպքերում նկատվում է, որ այն սպասումները, որոնք կային, դեռևս չեն արդարացվում։ Մարդիկ տեսնում են կոռուպցիոներների բացահայտումները, բայց իրենց անձնական կյանքը չի լավանում»։

Դիտարկմանը, թե շատերը համաձայն չեն, որ վենդետա տեղի չի ունենում՝ Տ. Քոչարյանն այսպես արձագանքեց. ««Վենդետա» բառը շատ սխալ են մտցրել շրջանառության մեջ, դա մի փոքր այլ բան է նշանակում ու այլ երկրի մշակույթից է գալիս: Դա փոխադարձ ոչնչացումն է։ Այո, կարելի է ասել, որ վենդետա չկա, բայց զգացվում է, որ որոշ շրջանակների ուղղությամբ է գնում պատիժը, իսկ մոտավորապես նույն հանցանք գործած անձանց դեռևս չեն մոտեցել։ Այսինքն՝ նույն ապրիլյան պատերազմի հետ կապված չարաշահումները, տեսնում ենք, որ ոչ բոլորին են անցել։ Սպասենք, միգուցե շարունակություն կլինի, մի մասը պատժվում են, բայց մյուս մասը հանգիստ ման է գալիս, հարցազրույցներ է տալիս, նույնիսկ որոշները դարձել են թավշյա հեղափոխության համակիրներ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս