Բաժիններ՝

«Հեղափոխական փոփոխություններ դեռ չեն սպասվում»

Պետական եկամուտների նախագահի պաշտոնը 57 օր առաջ ստանձնած Դավիթ Անանյանը երեկ հրավիրված ասուլիսում ներկայացրեց այս տարվա առաջին կիսամյակի կատարողականն ու առաջիկա ծրագրերը։

Ըստ այդմ՝ 2018 թ. առաջին կիսամյակում հավաքագրվել է 649.7 մլրդ դրամ հարկային եկամուտ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 88.2 մլրդ դրամով կամ 15.6%-ով: Հարկային ստուգումների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21%-ով։ Այժմ ՊԵԿ-ն իրականացնում է թիրախային ստուգումներ, համալիր ստուգումները կրճատվել են, այսինքն՝ հարկային ստուգումները դառնում են ավելի նպատակային:

«Վերջին 2 ամսում հստակ վարքագծի փոփոխություն կա, մենք նոր մշակույթ կերտելու ճանապարհին ենք»,- ավետեց Դ. Անանյանը:

Սակայն հսկիչ գներով մաքսազերծումից ՊԵԿ-ը չի պատրաստվում հրաժարվել։ Խնդիր է դրվել վերանայել այսօր գործող հսկիչ գները և թարմացնել շտեմարանները: Ինվոյսային արժեքներն առավելապես կիրառվում են ավտոմեքենաների մաքսազերծման ժամանակ, վերապահում է արվում Վրաստանի դեպքում, որովհետև այդտեղից եկող մեքենաների ինվոյսները չեն համապատասխանում շուկայական գնին։ Հուլիսի 1-ից խստացվել է հանրային սննդի օբյեկտների հարկային վարչարարությունը։

«168 ժամի» հարցին, թե վերջին շրջանի բացահայտումներից զատ ի՞նչ է արվում տնտեսությունը խթանելու համար, քանի որ շատ տնտեսվարողներ բողոքում են, որ ներկայիս պայմաններում «սպիտակ» աշխատելը չափազանց դժվար է, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ կառավարությունը սեպտեմբերին հանրությանը կներկայացնի Հարկային օրենսգրքի բարեփոխումների փաթեթ։

«Մենք պարտավոր ենք ՀՕ փոփոխություններ իրականացնել, որպեսզի իրավունքի տեսանկյունից էլ որևէ խնդիրներ չառաջացնենք տնտեսվարողների համար։ Մասնավորապես՝ կապիտալն ու եկամուտը պետք է քիչ հարկենք, սպառումը՝ շատ։ Եթե մենք իջեցնենք հարկային բեռը կապիտալի ու եկամուտների նկատմամբ, տնտեսության խթաններ կլինեն։ Քանի դեռ չենք իջեցրել, այո՛, մենք միայն վարչարարությամբ ու ժողովրդի խանդավառության հիման վրա ենք արդյունքներ ապահովում։ Պետք է նաև ՀՕ որոշակի փոփոխություններ, վերանայումներ անենք, որ տնտեսությունը սկսի շնչել»,- ասաց Դ.Անանյանը՝ հավելելով, որ գլոբալ, հեղափոխական փոփոխություններ դեռ չեն սպասվում, բայց այդ ուղղությամբ քննարկումները սկսվել են, և ինչ-որ ժամանակ հետո մենք ունենալու ենք այլ հարկային համակարգ։

Խոսվեց գազալցակայաններում բացահայտումների մասին։ Խախտումներ թույլ տված 8 կազմակերպություններից միայն մեկն է «Գազպրոմ Արմենիա» ընկերության դուստր ձեռնարկություն։ Սակայն մյուսների սեփականատերերն էլ հայտնի անձինք են՝ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյան, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյան, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան և այլք: Այդ կազմակերպությունների ընդհանուր խախտումները 946 մլն դրամ է: Հարուցվել է քրեական գործ, սակայն, նկատեց Դ.Անանյանը, եթե պետությանը պատճառված վնասը վերականգնվում է, քր.գործը կարճվում է:

Ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցող և մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը մինչև այս ամսվա վերջ ամբողջությամբ լուծարված կլինի։ Մինչ այդ, նշեց Դ.Անանյանը, ընկերությունը որոշակի ճշգրտումներով շարունակում է աշխատել՝ ՊԵԿ ներքին անվտանգության աշխատակիցների անմիջական հսկողության ներքո։

««Նորֆոլկին» փոխարինելու է պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն, բայց ինքը ոչ թե ամբողջությամբ կրկնելու է այն գործունեությունը, ինչ «Նորֆոլկն» է իրականացրել, այլ պետք է հանդիսանա մաքսային միջնորդային ծառայություններ իրականացնող: Խնդիրն այն է, որ այսօր մանր ու միջին ձեռներեցությամբ զբաղվողները պատրաստ չեն ամբողջությամբ իրենք պատասխանատվություն կրել, գալ ու ինքնուրույն մաքսային ձևակերպումներ իրականացնել: Մենք պետք է աստիճանաբար ձևավորենք այնպիսի մշակույթ, որ բոլոր ապրանքները մաքսազերծվեն ըստ տեսականու»,- ասաց Դ.Անանյանը:

«Նորֆոլկի» քրեական գործն էլ, ՊԵԿ նախագահի խոսքով, ամենայն հավանականությամբ, կկարճվի, եթե մինչև հուլիսի 20-ը պետությանը պատճառված վնասը՝ 7 մլն դոլար, ամբողջությամբ վերականգնվի. «Դրա մի մասն արդեն վերականգնվել է, իսկ 5 մլն դոլար ընկերությունը պիտի մինչև ամսի 20-ը վերականգնի»:

Ի դեպ, վերջին 2 ամիսներին ՊԵԿ հետաքննական վարչության կողմից հարուցված քրեական գործերից 3 խոշորներն են՝ «Գյումրի-Գարեջուրը», որտեղ հայտնաբերվել է մոտ 360 մլն դրամի իրավախախտում, «Կոնտուր Գլոբալ» հիդրոկասկադ՝ 855 մլն, «Վիլիջ Գրուպ»՝ 1.7 մլրդ դրամ, իսկ պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն՝ 800 մլն չվճարված հարկեր։ Վնասն ամբողջությամբ արդեն վերականգնվել է պետբյուջե:

«168 Ժամ» թերթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս