Կրկին Ամուլսարի մասին
Նախ մի մեջբերում անենք մի կարևոր փաստաթղթից, որից հետո կանցնենք առաջ։ «Ամուլ Սարի ոսկու հանքի շահագործման հետաձգման պայմաններում տնտեսական աճի մակարդակը կարող է կանխատեսվածից ավելի ցածր լինել»։
Գիտե՞ք՝ որտեղից է վերցված այս ձևակերպումը։ ՀՀ 2019-2021 պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրից։ Այսինքն, ավելի քան 800 էջանոց լուրջ տնտեսական փաստաթղթից։ Այս նախադասությունը կարելի է գտնել ՄԺԾԾ-ի այն բաժնում, որտեղ ներկայացված են ՀՆԱ-ի աճի կանխատեսումները նվազեցնող ռիսկերը։
Կրկին կարդանք՝ ուշադրություն դարձնելով «հետաձգման պայմաններում» ձևակերպման վրա։ Ու ըստ այդմ՝ պատկերացնենք, թե տնտեսական աճն ինչ աստիճանի կտուժի, եթե նախագիծը ոչ թե հետաձգվի, այլ ընդհանրապես չեղարկվի։
Մի խոսքով, այս մեկ նախադասությունը բավարար է՝ ցույց տալու համար, թե Ամուլսարի ծրագիրն ինչ կարևորություն է ներկայացնում ՀՀ տնտեսության համար, և, որ այն առաջիկա տարիների տնտեսական քաղաքականության տակ դրված կարևոր սյուներից մեկն է։ Այն քանդելը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ։
Հիմա երկրորդ կարևոր պահը։ Վերը նշված փաստաթուղթը՝ ՀՀ 2019-2021 պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, հաստատվել է ՀՀ կառավարության հինգշաբթի օրվա նիստում։ Արդեն գրել ենք, որ այն ներառված էր օրակարգում՝ որպես չզեկուցվող, և դրա մասին գրեթե չխոսվեց։ Պատճառն այն է, որ ՄԺԾԾ-ն մշակվել էր դեռևս նախորդ կառավարության կողմից և չէր արտացոլում նոր իրողությունները, հեռանկարներն ու խնդիրները։ Նոր կառավարությունը ստիպված էր ընդունել այս փաստաթուղթը, որովհետև մի կողմից՝ առանց ՄԺԾԾ-ի՝ հնարավոր չէ առաջ շարժվել, մյուս կողմից էլ՝ անհնար էր կարճ ժամանակում նման լուրջ ու ծավալուն փաստաթուղթ մշակել։
«Տնտեսական զարգացման քաղաքականությունը կմշակվի բոլոր շահագրգիռ և կարող ուժերի ներգրավմամբ, ինչպես նաև լավագույնս կօգտագործվեն ժամանակակից աշխարհում կուտակված հսկայածավալ գիտելիքն ու փորձը՝ նպատակ ունենալով լայն հանրային քննարկումների արդյունքում ձևավորել տնտեսական քաղաքականության նոր մոդել»,- նշված էր ներածականում։
Սակայն զուտ ֆորմալ տեսանկյունից՝ այս փաստաթղթի և դրա մեջ առկա տվյալների համար պատասխանատու է արդեն նոր կառավարությունը։ Հաստատելով փաստաթուղթը՝ նոր կառավարությունն ընդունում է, որ Ամուլսարը ՀՀ տնտեսության վրա էական ազդեցություն ունի։
Ավելին ասենք, անկախ ՄԺԾԾ-ից՝ նոր կառավարությունը ինքն էլ բազում առիթներով կարևորել է Ամուլսարի ծրագիրը՝ թե՛ տնտեսական աճի, թե՛ աշխատատեղերի, թե՛ հարկերի, թե՛ օտարերկրյա ներդրողների վերաբերմունքի տեսանկյունից։ Ու հիմա տեսեք՝ ինչ է ստացվում։ Կառավարությունը մի կողմից՝ բանավոր և գրավոր ընդունում է, որ Ամուլսարի ծրագրի հետաձգումը վնասելու է տնտեսությանը, մյուս կողմից՝ գործուն քայլեր չի ձեռնարկում ընկերության աշխատանքը խոչընդոտող գործոնները վերացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ արդեն մեկ ամսից ավելի է՝ մի քանի տասնյակ մարդիկ փակել են դեպի Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհները՝ ընկերությանն աշխատելու հնարավորությունից զրկելով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձավ այս խնդրին՝ հորդորելով բացել ճանապարհները և հնարավորություն տալ, որպեսզի կառավարությունը ինչպես հարկն է զբաղվի այս խնդրով և վերջնական որոշում կայացնի։ Վարչապետն անգամ գնաց Ամուլսար, տեղում հանդիպեց ընկերության ներկայացուցիչների և բնապահպանների հետ, սակայն դա էլ չօգնեց։ Ընկերությունը կանգնած է, և այդ հարկադիր պարապուրդի յուրաքանչյուր օրը, ըստ «Լիդիանի» տնօրենի, մոտ կես մլն դոլարի վնաս է հասցնում իրենց։
Ամենավատն այն է, որ իրավիճակը գնալով կոնսենսուսից հեռանում է։ Կողմերից յուրաքանչյուրը մնում է իր կարծիքին։ Բնապահպանները գտնում են, որ իրենց բերած փաստարկները պետք է կառավարության համար բավարար հիմք հանդիսանան՝ հանքի աշխատանքը դադարեցնելու և լիցենցիայից զրկելու համար։ Իսկ «Լիդիանը», որն արդեն 300 մլն դոլարից ավելի ներդրում է կատարել, հղում է անում իր կողմից անցկացված փորձաքննություններին։
Վերջին ամիսների վիճակը մոտավորապես հետևյալն է. բնապահպանները հրապարակում են մի մեղադրանք կամ տեսանյութ, մինչ «Լիդիանը» պատասխանում է՝ հերքելով ու պարզաբանելով մեղադրանքները, ի հայտ է գալիս նոր մեղադրանք, ու այդպես շարունակ։ Շատ քչերն են հետամուտ լինում, թե նախկինում հնչած մեղադրանքներին «Լիդիանի» հակափաստարկը որքանով էր հիմնավորված, որովհետև վատ ինֆորմացիային մարդիկ ավելի մեծ հաճույքով են հավատում։
Վերջին, ամենաթարմ թեմաները երկուսն են՝ Ջերմուկի բրենդն ու IFC-ն։ Այսպես, վարչապետին Վայոց Ձոր կատարած այցի ընթացքում ներկայացվել է, թե ակտիվիստների՝ Համապատասխանության ապահովման պաշտպան խորհրդականի (ՀԱՊ) գրասենյակ հղած բողոքի արդյունքում ՀԱՊ-ը եզրակացրել է, թե Ամուլսարի ծրագրում պատշաճ չի գնահատված Ջերմուկ տուրիստական բրենդի վրա հնարավոր ազդեցությունը, և Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) իբր հրաժարվել է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումից՝ ՀԱՊ կողմից «բացահայտված բնապահպանական խնդիրների պատճառով»:
Նախ, մեծ հարցական է, թե ինչպես կարելի է գնահատել Ջերմուկ տուրիստական բրենդի վրա ազդեցությունը, եթե Ջերմուկ տուրիստական բրենդն ինքը գնահատված չէ։ Ո՞վ գիտի՝ որքան արժե Ջերմուկ բրենդը։ Կամ՝ եթե Ջերմուկ միջազգային բրենդի համար անհանգստանում ենք, արդյոք չպե՞տք է անհանգստանանք Հայաստանի բրենդի համար՝ որպես միջազգային գործընկեր, քանի որ այս տիպի իրադարձությունները բացասաբար են ազդում հեղինակության վրա։
Սակայն էականը դա չէ։ Էականն այն է, որ այստեղ գործ ունենք դասական մանիպուլյացիայի հետ։ Բանն այն է, որ, բացի Ջերմուկի տուրիստական բրենդի վրա ունեցած ազդեցությունից (որը չի արվել և որը բնապահպանության հետ կապ չունի), ՀԱՊ-ին ուղարկվել են նաև այլ հարցեր՝ այլ վտանգների մասով, որոնք հերքվել են (Սևանի, Որոտանի, Ջերմուկի ջրերի աղտոտման և բողոքում ներկայացված մի շարք այլ պնդումներ):
Զեկույցում ասվում է, որ այս բոլոր հարցերը պատշաճ գնահատվել են և համարժեք միջոցառումներ են նախատեսվել՝ IFC չափանիշերին համապատասխան: Ու եթե ակտիվիստները ներկայացնում են տուրիզմի վերաբերյալ եզրակացությունը, ապա պետք է նաև վարչապետին ներկայացնեին ՀԱՊ-ի եզրակացությունն առ այն, որ մակերևութային և ստորգետնյա ջրերի վրա ազդեցության ռիսկերը պատշաճ գնահատվել են և IFC չափանիշերին համապատասխան միջոցառումները նախագծվել են: Բնականաբար, այս մասին չի խոսվել, որովհետև ի վնաս «Լիդիանի» չէ։
Ինչ վերաբերում է IFC-ին (միջազգային ֆինանսական կորպորացիա), ապա այս կազմակերպությունը երբեք չի հայտարարել Ամուլսարում բնապահպանական որևէ խնդրի պատճառով ծրագրից դուրս գալու մասին: Ավելին՝ IFC-ի պատասխանում, որն ի դեպ հրապարակային է, վերահաստատվում է, որ Ամուլսարի ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը համապատասխանում է միջազգային լավագույն փորձին՝ սա համարելով մեծ ձեռքբերում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում նոր չափանիշերի ներդրման ուղղությամբ: IFC-ն նաև տեղեկացնում է, որ դուրս է եկել «Լիդիանի» բաժնետերերի կազմից, որովհետև «Լիդիանը» «հաջողությամբ իրականացրել է հանքի շինարարության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավումը մասնավոր աղբյուրներից»: Այսինքն՝ պատճառները ֆինասական են:
«Լիդիանը», ի դեպ, մանրամասն ներկայացրել է IFC-ի հետ կապված այս մանրամասները՝ կցելով նաև համապատասխան փաստաթղթերը։ Սակայն դա կարդացողներն անհամեմատ ավելի քիչ են, քան կեղծ մեղադրանքներին հակադարձողները։
Մի խոսքով, իրավիճակը բավականին բարդ է։ Սակայն խնդիրն անվերջ հետաձգել չի լինի։ Այնպես որ, նոր կառավարությունը պետք է հնարավորինս արագ որոշում կայացնի։ Ցանկացած որոշման դեպքում կառավարությունը վնաս է կրելու. մի դեպքում՝ որոշակի հանրային աջակցության նվազման տեսքով, մյուս դեպքում՝ երկրի տնտեսությանը հասցված վնասի տեսքով։