«Չարժե մրցակցության կամ գերակայության կոնտեքստում դիտարկել հանձնաժողովները, այդպիսի խնդիր չկա». Արարատ Միրզոյան
«Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ Կառավարությունը չի փորձում պարտադրել իր դիրքորոշումն այլ քաղաքական ուժերին: «Ընտրական օրենսգրքի» շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
«Իդեալական տարբերակում, այո, պետք է լինի մեկ նախագիծ: Կառավարությունը դեռևս իր դիրքորոշումը չունի, բայց լինելու դեպքում էլ չի փորձի պարտադրել մյուս քաղաքական ուժերին, պետք է միասին լավագույն լուծումը գտնենք, որից կշահեն բոլորը»,- ասաց Միրզոյանը:
Նա ընդգծեց, որ իրենք գնում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների և գիտակցում են, որ իդեալական լուծումների համար տարիներ են պետք:
«Ես ինքս ռեյտինգայինի ջատագով եմ, ընտրվել եմ հենց այդ համակարգով, բայց կան հայաստանյան իրողություններ և զանազան մարդկանց անձնակենտրոն ընկալումներ։ Հնարավոր է բոլոր դետալների շուրջ համաձայնության գալ, հնարավոր է և ոչ մի հարցի շուրջ համաձայնություն չլինի, նաև՝ շատ հավանական է, որ գոնե 80%-ով համաձայնության գանք»,- նշեց ՀՀ առաջին փոխվարչապետը:
Միրզոյանը շեշտեց, որ իրենց համար հիմնական խնդիր է արհեստական ժամանակ չձգձգելը՝ անիրականալի, լուծում չունեցող հարցադրումներ բարձրացնելով:
«Չարժե մրցակցության կամ գերակայության կոնտեքստում դիտարկել հանձնաժողովները, այդպիսի խնդիր չկա: Մենք գործադիրում աշխատում ենք տարբեր արտախորհրդարանական ուժերի ու ՀԿ-ների հետ, այժմ նաև ԱԺ-ի հանձնաժողովի հետ, և վստահ եմ, որ բոլորիս նպատակն է ունենալ լավ օրենսգիրք»,-ասաց Արարատ Միրզոյանը:
ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանը խնդրեց հստակեցնել, թե ԱԺ քա՞նի նախագիծ է մտնելու: Արարատ Միրզոյանը նկատեց, որ իդեալական տարբերակում ԱԺ պետք է մեկ նախագիծ մտնի, որի առանձին կետերի շուրջ կարող են համաձայնվել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ արդյունավետ կլինի զուգահեռ նույն օրակարգի շուրջ աշխատելը:
Արարատ Միրզոյանը նշեց, որ եթե առաջնորդվեն հանրային շահով, սեպտեմբերին կունենան նախագիծ, որը կդրվի քննարկման փուլ, ապա կուղարկվի Վենետիկի հանձնաժողով, որտեղից առաջարկներ կստանան:
Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն ասաց, որ կարծում է` ամենակարևոր մեսիջները փոխվարչապետը ներկայացրել է: «Այն, որ իրենք համատեղ աշխատանքի կողմնակից են, կողմնակից են, որպեսզի լինի մեկ նախագիծ, արդեն լավ է: Իհարկե, որևէ մեկը չի կարող բացառել, որ չի հաջողվի հասնել կոնսենսուսի, բայց բոլորս լիահույս ենք, և մեր աշխատանքն էլ մինչև այս պահը հուշում է` կկարողանանք հասնել կոնսենսուսին»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց փոխվարչապետին որոշման համար, որովհետև նախորդ նիստից հետո իրենց մոտ տարակուսանք էր առաջացել:
Դավիթ Հարությունյանը փաստեց՝ կարևորը, որ կա համաձայնություն, և որ կառավարության հանձնաժողովը կմասնակցի խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին։