Աշխարհայացքի զարգացումն այսօր էլ պիտի լինի համալսարանների գերխնդիրը
Վերջին տարիներին շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի համալսարանների շրջանավարտների գիտելիքների ու հմտությունների մակարդակը չի բավարարում գործատուներին։ Խոսվում է նաև այն մասին, որ համալսարաններում դասավանդվող առարկաների ցանկը և բովանդակությունը պետք է համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին։
Այստեղից էլ հետևություն է արվում, որ բուհերում պետք է գերիշխող լինեն մասնագիտական առարկաները, քանի որ հենց այդ առարկաների ժամերին են ուսանողները ձեռք բերում մասնագիտական գիտելիքներ։ Այս զարգացումների համատեքստում շարունակաբար նվազում են Փիլիսոփայություն, Արտասահմանյան գրականություն, Բնագիտություն և նմանատիպ այլ աշխարհայացքային առարկաների ժամաքանակները համալսարաններում։ Ներկայումս այս միտումն ավելի է ուժեղացել, քանի որ նվազել է ուսանողների թիվը։
Եվ որպեսզի ֆակուլտետներն իրենց դասախոսների ժամերը պահպանեն, առաջնային կրճատում են այլ ֆակուլտետների դասախոսների կողմից դասավանդվող առարկաների ժամաքանակները։ Այն տեսակետը, որ համալսարաններում պետք է նեղ մասնագիտական առարկաներ ուսուցանել, առաջին հայացքից թվում է ճիշտ, բայց իրականում այն կարող է շատ բացասական ազդեցություն ունենալ համալսարանական կրթության վրա։
Google ընկերությունը 2013 թվականին մի հետազոտություն էր պատվիրել իր աշխատակիցների շրջանում՝ հասկանալու համար, թե որոնք են լավագույն աշխատողների ուժեղ կողմերը։ Հետազոտության արդյունքները ցնցող էին։ Պարզվել էր, որ լավագույն աշխատողներն ունեն ուրիշներին սովորեցնելու կարողություն, լսելու, հաղորդակցվելու բարձր հմտություններ, կարողանում են հասկանալ ուրիշների տեսակետները, ունեն քննադատական մտածողություն, խնդիրներ լուծելու հմտություն, կարողանում են կապակցել համալիր գաղափարները։ Իսկ բուն առարկայական գիտելիքները կարևոր որակների ցանկում միայն վերջին տեղում էին։
Այսպիսի արդյունքները միանգամայն տեղավորվում են ժամանակակից աշխարհի տրամաբանության մեջ։ Մենք հաճախ մարդկանց հաջողությունների մեջ տեսնում ենք նրանց մասնագիտական գիտելիքները։ Բայց իրականում, առանց վերոնշյալ ընդհանրական հմտությունների և կարողությունների, մասնագիտական գիտելիքներն առանձնապես հաջողություն չեն բերում։ Համալսարանների բազմաթիվ գերազանցիկ շրջանավարտներ չեն կարողանում աշխատանք գտնել, չեն կարողանում էական ներդրում ունենալ, քանի որ ունեն միայն մասնագիտական գիտելիքներ։ Պարզապես գիտելիքներ ունենալն առանց վերոնշյալ հմտությունների՝ նման է մի մեքենայի, որը շարժիչ չունի։
Հայտնի է, որ Հայաստանի բուհերի շրջանավարտների մեծ մասն իր մասնագիտությամբ չի աշխատում։ Օրինակ՝ ԵՊՀ-ն անցած տարի հրապարակել էր մի տվյալ, որի համաձայն՝ շրջանավարտների միայն 17%-ն է աշխատում իր մասնագիտությամբ։ Սա նորմալ է, քանի որ այսօրվա անորոշ աշխարհում շատ դժվար է հստակ պլանավորել, թե ինչպես է ձևափոխվում աշխատաշուկան։
Ավելին, կան կանխատեսումներ, որ առաջիկայում մարդկանց մեծ մասը ստիպված է լինելու կյանքի ընթացքում մի քանի անգամ փոխել մասնագիտություն և մասնագիտացում։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր մնալու են նույն մասնագիտական ոլորտում, ստիպված են լինելու շատ բաներ փոխել իրենց աշխատանքում։
Այս զարգացումները, իհարկե, չեն նսեմացնում համալսարաններում մասնագիտական առարկաների դասավանդման կարևորությունը։ Խնդիրն այն է, որ համալսարանական կրթության ոլորտում չպետք է թույլ տալ աշխարհայացքային, ընդհանուր զարգացածությանը նպաստող առարկաների դերի նվազումը։
Եթե մեր համալսարաններում կարողանանք ընդլայնել ուսանողների մտահորիզոնը, նրանց մոտ ձևավորել վերառարկայական այնպիսի հմտություններ, ինչպիսիք են՝ հաղորդակցվելը, խնդիրը համակողմանիորեն տեսնելը, տարբեր գաղափարներ իրար հետ կապակցելը, այլ տեսակետների հանդեպ բաց լինելը, իրավիճակի զարգացման հիման վրա սեփական տեսակետները վերանայելը, ապա համալսարանական կրթությունը կունենա մեծ հեռանկար։ Ի դեպ, Հայաստանի բազմաթիվ գործատուներ նշում են, որ իրենք պատրաստ են մասնագիտական գիտելիքներով և հմտություններով աջակցել սկսնակ աշխատակիցներին, բայց եթե այդ աշխատակիցը չունի մտահորիզոն, վերլուծելու կարողություններ, ճկուն չէ, մեծամիտ է, ապա ոչինչ անել չեն կարող։
Բայց որպեսզի համալսարաններն արդյունավետ աշխատեն, մեզ պետք է արմատապես վերանայել աշխարհայացք ձևավորող առարկաների դասավանդման մոտեցումները։ Լուծումը հենց դասավանդման մոտեցումները փոխելն է, ոչ թե առարկաները կրճատելը։ Այդ առարկաները պետք է դասավանդվեն ոչ թե՝ գիտելիքների որոշակի քանակ փոխանցելու, այլ՝ ընդհանրական հմտություններ զարգացնելու նպատակով։
Ավելին, այդ առարկաների դասավանդումը պետք է լինի համատեքստային։ Յուրաքանչյուր ֆակուլտետում առարկաները պետք է հարմարեցվեն տվյալ մասնագիտության խնդիրներին։ Պետք է կապ ստեղծվի մասնագիտության հետ։ Համալսարանական կրթության առարկայացանկի նեղացումն ընդունելի չէ։