«Իրանի շուրջ ծավալվող զարգացումները, պատժամիջոցները կարող են ազդեցություն թողնել Հայաստանի հետ նախանշված ծրագրերի վրա»
Միջուկային ծրագրի հետ կապված՝ Իրանը շարունակում է Արևմուտքի հետ վարել երկու թևերի քաղաքականություն: ԵՄ-ի հետ իրանական քաղաքականությունը միտված է նրան, որ Եվրոպական միության երկրները, մասնավորապես, Իրանի միջուկային համաձայնագիրը ստորագրած պետությունները մնան այդ փաստաթղթի շրջանակում: Մինչդեռ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու գործընթացը ստիպել է իրանական կողմին Իրան-ԱՄՆ հարաբերություններում որդեգրել ավելի խիստ դիրքորոշում:
Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով, կարևոր պետք է համարել այն, որ Իրանի ԱԳ նախարարը Վիեննայում փաստացի հասավ հաջողության. բացի ԱՄՆ-ից, մյուս բոլոր պետությունները հաստատեցին, որ շարունակելու են հավատարիմ մնալ այդ համաձայնագրի տառին և ոգուն:
«ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Իրանը փորձում է միջուկային ծրագրի գործընթացը տեղափոխել այդ երկրի ներքին դաշտ: ԱՄՆ-ում սպասվում են կոնգրեսի ընտրություններ, իրանցիներն էլ ակնկալում են, որ մեծամասնություն կարող են ունենալ դեմոկրատները: Արդյունքում՝ մեծանում է հավանականությունը, որ ԱՄՆ-ի վարչակարգի կողմից նավթային ոլորտում պատժամիջոցները չեն իրագործվի, և կոնգրեսականները, ի դեմս դեմոկրատների, կընդդիմանան հակաիրանական քաղաքականությանը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Վարդան Ոսկանյանը:
Անդրադառնալով այս օրերին հնչած ԱՄՆ-Իրան փոխադարձ հայտարարություններին՝ Վարդան Ոսկանյանն առանձնացրեց իրանական նավթի վրա պատժամիջոցներ կիրառելու մասին հայտարարությունը և Իրանի արձագանքը:
«Իրանի նախագահը զգուշացրեց, որ եթե Իրանի նավթի արտահանման վրա կիրառվի ամբողջական պատժամիջոցների ռեժիմ, ապա կարգելափակեն տարածաշրջանից ամբողջ նավթի ելքը, ինչը նշանակում է, որ Իրանը կրկին օգտագործում է Հորմուզի նեղուցի խաղաքարտը, այդտեղով է անցնում Պարսից ծոցից դուրս եկող նավթի կարևորագույն զարկերակը»,-ասաց իրանագետը:
Ինչ վերաբերում է Իրան-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում Հայաստանի համար հնարավոր ռիսկերին, ապա, ըստ իրանագետի, դրանք առնչվում են նախ ԱՄՆ-ի հնարավոր ճնշումներին կամ հորդորներին Իրանի հետ գործակցությունը սահմանափակելու մասին, ինչը չի բխում մեր երկրի շահերից: Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ Իրանի հետ համագործակցությունն առնչվում է Հայաստանի կենսական շահերին:
«Իրանի համար նման իրավիճակներն արտասովոր չեն, հազարամյակների պատմության ընթացքում Իրանը մշտապես գործել է մի քանի ներքին և արտաքին մարտահրավերների պայմաններում: Իրանի ներսում տեղի ունեցող ցանկացած գործընթաց, լինի տնտեսական դաշտում, թե էթնիկական հողի վրա, անմիջականորեն առնչվում է Հայաստանի անվտանգության որոշ բաղադրիչների հետ: Իրանի շուրջ ծավալվող զարգացումները, պատժամիջոցները կարող են ազդեցություն թողնել Հայաստանի հետ նախանշված ծրագրերի վրա, սակայն ընդգծեմ, որ վատթարագույն պատժամիջոցների ժամանակ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգացել են, Հայաստան-Իրան գազամուղը կառուցվել է այն ժամանակ, երբ Իրանը միջազգային մեկուսացման մեջ էր: Դա պետք է մեզ համար լինի ուղենիշ: Որևէ պատժամիջոց չի կարող և չպետք է խոչընդոտի երկու երկրների համատեղ աշխատանքին»,-ասաց Վարդան Ոսկանյանը:
Իրանագետն առաջնահերթ է համարում Իրանի հետ հարաբերությունները զգալի ակտիվացնելը: Նրա խոսքով, վերջին շրջանում, այդ ուղղությունը, կարծես, մի փոքր մոռացության է մատնվել՝ առավել կենտրոնացում է նկատվում ներքին հարցերի վրա, սակայն Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ակտիվ աշխատի: