Բաժիններ՝

«Ըստ զինանշանի՝ մենք մի պետություն ենք, որը ուժ չունի, քանզի նրա թուրը ծայր չունի…»

ՀՀ-ում հերալդիկ (զինանշանագիտական) խորհուրդ ստեղծելու անհրաժեշտություն կա: Նման համոզմունք ունի ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն, ով արդեն տասը տարի է, ինչ բարձրաձայնում է ՀՀ պետական խորհրդանիշներից մեկի` զինանշանի վրա առկա մի շարք թերությունների մասին:

«Արմենպրեսը»-ի հետ զրույցում նա հայտնեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունում այժմ քննարկվում է պետական խորհրդանիշի փոփոխության հարցը:

Կարեն Աղամյանը այս տարիների ընթացքում վերամշակել է Զինանշանը, ինչի արդյունքում ստեղծված տարբերակներից առավել հաջողվածները պատրաստ է ներկայացնել իշխանություններին: Նա պատրաստվում է իր մտահոգությունների և փաստերի մասին նամակ հղել ՀՀ նախագահին, վարչապետին և Մշակույթի նախարարին:

«1992թ-ին ներկայացված Զինանշանի հեղինակները, կարծում եմ, ջանասիրությամբ և ազնիվ են մոտեցել զինանշանի ստեղծմանը, սակայն, ըստ երևույթին, բավարար ծանոթ չեն եղել հերալդիկայի կանոններին: Հետագայում, որոշ մարդիկ չունենալով համապատասխան ունակություններ, խեղաթյուրեցին ՀՀ Զինանշանը, որն էլ ընդունվեց Ազգային ժողովի կողմից: Շուտով, արդեն ինձ անհայտ ուժեր կամ մարդիկ, կարծես թե միտումնավոր, պղծեցին առանց այդ էլ անկատար Զինանշանը: Մեր երկրում չկա հերալդիկ խորհուրդ, ինչի մասին նույնպես ահազանգում եմ տարիներ շարունակ և, ցավոք, անարդյունք»,- նշում է Կարեն Աղամյանը:

Ոճային իմաստով և նկարչական մակարդակով ՀՀ զինանշանն ունի խիստ թերություններ, սակայն, ըստ Կարեն Աղամյանի, սա չէ, որ պետք է առաջին հերթին անհանգստացնի:

«Ըստ զինանշանի՝ մենք մի պետություն ենք, որը ուժ չունի, քանզի նրա թուրը ծայր չունի, իսկ որոշ օգտագործվող տարբերակներում այն, առհասարակ, պատկերված է ջարդված և վահանի վրա դրված, կամ էլ վահանի եզրին՝ ջարդված վիճակում հենված: Բացի այդ, մեր սուրը շղթայված է: Իսկ ի՞նչ ճյուղ է պատկերված… դա անհայտ է, ինչը, ըստ զինանշանագիտության կանոնների անթույլատրելի է: Ժապավենը, ըստ նույն կանոնների, զինանշանների վրա օգտագործվում է այն դեպքում, եթե երկիրն ունի կարգախոս. բայց նույնիսկ այս ժապավենը թարս է պատկերված»,- ասում է Կարեն Աղամյանը և հավելում, որ աջից առյուծ՝ ասես մի հիվանդ էակ լինի՝ փակ, լացակումած բերանով, բացակայում է նրա առնականությունը և կենսունակությունը բնորոշող ճակատից վեր խոյացող բաշը: Կարծես մի ծերացած, ճաղատ էակ է՝ վախից ետ քաշած մի այլ կենդանու ականջներով:

Ըստ հերալդիկայի օրենքների՝ առյուծի երախը և արծվի կտուցը պետք է բաց լինեն և լեզուն հանած: Ձախից արծվի ոտքը սկսվում է վզից, թևը ոչ մի կերպ չի կապվում մարմնին, իսկ ճանկերը վերածվում են թաթի: Արարատ լեռան վրա էլ ոչ թե Տապանն է, այլ ինչ-որ հաստ գիծ, որը հաճախ կարելի է նմանեցնել մակույկի կամ ամպի:

Ըստ Կարեն Աղամյանի՝ Զինանշանի փոփոխությունը միայն դրական կանդրադառնա պետության և ժողովրդի վրա, և այն հնարավոր է իրականացնել առանց մեծ ծախսերի: «Արմենպրես»-ի այն դիտարկմանը, որ զինանշանի փոփոխությանը դեմ արտահայտվողները հաճախ պատճառաբանում են, որ դա ենթադրում է ֆինանսական մեծ ծախսեր, Կարեն Աղամյանը պատասխանեց, որ ծախսերը շատ չնչին կարող են լինել, այն էլ միայն պետական կառույցներում զինանշանների փոփոխությամբ պայմանավորված: Իսկ անձնագրերում փոփոխությունը պետք է պարբերական բնույթ կրի. անձնագրի ժամկետը լրանալուց հետո, նոր անձնագիրը յուրաքանչյուր քաղաքացու պետք է տրամադրվի նոր զինանշանով:

«Յուրաքանչյուր ազգ ունի իր խորհրդանիշները, որոնք ազգի ինքնության վավերագրերն են, ինքնատիպության բնորոշիչները, նկարագրի ամենավառ գծերը։ Ակնհայտ է, որ պետական խորհրդանիշների գոյությունը ինքնանպատակ չէ. դրանցից յուրաքանչյուրն ունի մեծ արժեք ու նախապատմություն: Սակայն բացի զինանշանից, մտահոգությունների տեղիք է տալիս նաև ՀՀ մյուս պետական խորհրդանիշը` դրոշը, այսինքն դրոշի գույների այն տարբեր երանգները, որոնք գործածվում են տարբեր հաստատություններում»,- ասաց Աղամյանը:

Կարեն Աղամյանի կարծիքով, այդ խնդիրն առավել հեշտ լուծում ունի. պետք է պարզապես արտադրել արդեն իսկ սահմանված չափորոշիչներով դրոշներ և տրամադրել բոլոր կառույցներին:

Միլենա Մկրտչյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս