«ՆԱՏՕ-ի հռչակագրում Ղարաբաղի վերաբերյալ հավասարակշռված ձևակերպումներն այսօր ավելի կարևոր են, քան նախկինում»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը հուլիսի 11-12-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին կախված կլինի համաժողովի հռչակագրի նախագծի տեքստից։

«Եթե արտառոց բան չպատահի, այո՛, կմասնակցեմ: Արտառոց բանը կարող է կապ ունենալ միայն գագաթաժողովի վերջնական տեքստի հետ։ Եթե տեքստում մեզ համար անընդունելի բաներ չլինեն, ես, իհարկե, կմասնակցեմ։ Այսինքն՝ եթե տեքստի շուրջ համաձայնության գանք, կմասնակցեմ»,- երեկ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում գագաթաժողովին իր մասնակցության հարցի վերաբերյալ ասել է վարչապետ Փաշինյանը:

Դատելով վերջին տարիների միտումից, ՆԱՏՕ-ն կփորձի երկու կողմին` Հայաստանին ու Ադրբեջանին, բավարարող ձևակերպում գտնել ԼՂ հակամարտության վերաբերյալ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը ներկայացնելու համար, քանի որ միակողմանի ձևակերպումների դեպքում ՀՀ վարչապետը, ինչպես երևում է, կհրաժարվի մասնակցել գագաթաժողովին, ինչպես 2010-ին և 2012-ին՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Ս. Սարգսյանը հրաժարվել էր մասնակցել 2010-ի նոյեմբերին անցկացված ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթաժողովին, ինչպես և չէր մասնակցել երկու տարի անց Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Այդ ժամանակ Ս. Սարգսյանը որոշել էր չմասնակցել ՆԱՏՕ-ի գլխավոր միջոցառումներին համաժողովի հռչակագրի նախագծում ներառված մտահոգիչ ձևակերպումների պատճառով։ Հռչակագրի նախագծում, մասնավորապես, ներառված էր Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձևակերպում, որը հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին։

Բացի ընդհանրական ձևակերպումներից, այդ հռչակագրերում պաշտպանվում էր տարածքային ամբողջականության սկզբունքը, բացակայում էր ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը։ Սակայն վերջին 2 գագաթաժողովներին ՀՀ նախկին նախագահը մասնակցել էր, քանի որ ՆԱՏՕ-ն որոշ շտկումներ էր մտցրել իր ձևակերպումներում:

Ակնհայտ առաջընթաց գրանցվեց 2014 թվականի սեպտեմբերի 5-ին Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում, երբ Հայաստանի համար քիչ թե շատ ընդունելի հռչակագրի նախագիծ հաստատվեց: 2014-ի հռչակագրի 30-րդ կետում ասվում էր.

«Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական օկուպացիան և ռազմական ներխուժումն Արևելյան Ուկրաինա ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական գործընկերների մոտ առաջ են քաշել հիմնավոր մտավախություններ։ Դաշինքը շարունակելու է աջակցել իր գործընկերներին՝ արտաքին և անվտանգության քաղաքականությունում ինքնուրույն և սուվերեն ընտրություն կատարելու իրավունքի ապահովման հարցում՝ առանց արտաքին ճնշումների ազդեցության։ Դաշնակիցները նաև հավատարիմ են մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանն աջակցելուն»:

Իսկ 31-րդ կետի ներքո գրված էր. «Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում և Մոլդովայում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հենվելով հիշատակված սկզբունքների և միջազգային իրավական նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Հակամարտությունների գոյությունը հատուկ մտահոգության առիթ է, քանի որ այն խոչընդոտում է տարածաշրջանի բնակիչների ողջ ներուժը բացահայտելուն` որպես եվրոատլանտյան համայնքի անդամներ: Բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողաբար և հզոր քաղաքական կամք դրսևորելով` մասնակցել խաղաղ կարգավորմանը` գոյություն ունեցող բանակցային ձևաչափերի մեջ»:

2016-ի Վարշավյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում ՆԱՏՕ-ն կոչ էր արել երկու կողմերին նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ բռնություն կիրառելուց և շարունակել ջանքեր գործադրել խաղաղ և բանակցությունների վրա հիմնված լուծում գտնելու ուղղությամբ:

Դատելով Ջեյմս Ափաթուրայի օրեր առաջ արած դիտարկումներից՝ կարելի է ենթադրել, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է կոնսենսուսի գալ այս հարցի շուրջ: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշել էր՝ մասնակիցների թվում է լինելու նաև Հայաստանի վարչապետը: «Այո՛, Հայաստանի վարչապետը կմասնակցի գագաթաժողովին, ու թեև ես հստակ չգիտեմ, բայց հույս ունեմ, որ նա նաև մտքերի փոխանակման հնարավորություն կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ»,-  ասել էր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալը:

«168 Ժամի» հետ զրույցում բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ հայկական կողմի դիրքորոշումն իր համար տրամաբանական է: Ըստ նրա՝ Հայաստանն ինչո՞ւ պետք է մասնակցի մի կառույցի գլխավոր հավաքին, եթե այդ կառույցը հաշվի չի առնում նաև իր իրավունքները:

Նրա դիտարկումների համաձայն՝ տարիներ շարունակ հայկական կողմը պահանջել է կիրառել միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը ԼՂ հակամարտության վերաբերյալ, և դա պահանջել է ոչ միայն՝ ՆԱՏՕ-ից, այլև՝ ԵՄ-ից: Ըստ Մաքֆարլեյնի, ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքները լուրջ խնդիր են դարձել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, դժվար է առավելություն տալ կամ նսեմացնել այդ սկզբունքներից որևէ մեկը, այդ սկզբունքների բախումն է, որ թույլ չի տալիս կարգավորել հակամարտությունները:

«Այնուամենայնիվ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը և ներկայությունը Հարավային Կովկասում՝ որպես անվտանգության կառույց, բացակայում է, ինչը բնական է, բայց ձևակերպումների և դիքորոշման հարցում ՆԱՏՕ-ն կարող է կրկնել Մինսկի խմբին հատկապես, երբ Մինսկի խմբում ներկայացված են ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրներ` Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան: Բնական է, որ Հայաստանը, որն արժեքավոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, կարող է հարցերը նման ձևով բարձրացնել:

Հատկապես այսօր այս հարցի նկատմամբ առավել մեծ ուշադրությունը չափազանց կարևոր է, քանի որ տարածքային ամբողջականության շեշտումը կարող է լուրջ աջակցություն ընկալվել Բաքվի կողմից, որը նրան կտա հավելյալ վստահություն իր գործողություններում ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Ներկայումս իրավիճակը բավականին լարված է, բանակցությունները՝ փխրուն վիճակում, տարածաշրջանի անվտանգությունը` ևս, ուստի ձևակերպումներում պետք է իսկապես զգույշ լինել խնդիրներից խուսափելու նպատակով»,- ասաց բրիտանացի քաղաքագետը՝ վստահեցնելով, որ կլինի փոխզիջումային տարբերակ:

Նրա որակմամբ՝ ներկայումս այդ հռչակագրում հավասարակշռված ձևակերպումներն ավելի կարևոր են, քան նախկինում:

Իր հերթին՝ ամերիկացի քաղաքագետ Փոլ Գոբլն ասաց, որ ճիշտը, բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարով առաջնորդվելն է, որը հաշվի է առնում այս հակամարտության բոլոր նրբությունները, կողմերի համար բոլոր զգայուն և անհանգստության առիթ հանդիսացող հարցերը: «Կարծում եմ` այդպես էլ կլինի»,- ասաց Գոբլը:

Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ապագային, ամերիկացի քաղաքագետն ասաց, որ այստեղ համագործակցության բավականին լայն դաշտ են դիտարկում ՆԱՏՕ-ի պաշտոնյաները:

«ՆԱՏՕ-ն դիտարկում է Հայաստանի պաշտպանական համակարգին բարեփոխումների համար տրվող աջակցության մեծացում, ծրագրեր, որոնք կնույնացնեն Հայաստանի համակարգը ՆԱՏՕ-ի չափանիշերին: Բայց, կարծում եմ` սրանից ավելին չի լինի, քանի որ ՆԱՏՕ-ն ներկայումս խուսափում է այս տարածաշրջաններում ավելի ակտիվ քաղաքականությունից, որը կնշանակեր միջամտություն հակամարտություններին, առճակատում և առնչություն Ռուսաստանի հետ, ինչից ՆԱՏՕ-ն խուսափում է նաև Վրաստանի և Ուկրաինայի դեպքում, որոնք ՆԱՏՕ անդամակցության հավակնություններ ունեն և բավականին մեծ աշխատանք են իրականացրել դրա համար: Ուստի կարծում եմ` կա ներուժ, որը կիրացվի այնպես, որ երկու կողմերն էլ գոհ կլինեն»,- ասաց Գոբլը:

Նեյլ Մաքֆարլեյնը ևս գտնում է, որ ՆԱՏՕ-ն շատ ծրագրեր ունի, որոնք օգտակար կարող են լինել կիսապատերազմական և իր համակարգերը դեռ բարեփոխող Հայաստանի համար:

«Հայաստանը ՆԱՏՕ անդամակցության ցանկություն չունի, ուստի համագործակցությունը, կարծում եմ` արդյունավետ կլինի, քանի որ կողմերը չեն հիասթափվի այն դեպքում, երբ մյուս կողմը չկարողանար իրականացնել իր ակնկալիքները»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս