
Լրատվամիջոցներում հերքման դատական պրոցեսը պետք է անցկացվի սեղմ ժամկետներում. ԸՕ փոփոխությունների քննարկում

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովում առաջարկ է հնչել հերքման դատական գործընթացի ժամկետներում փոփոխություն մտցնելու մասին: Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած ընտրական օրենսդրության բարեփոխումների հարցի շուրջ քննարկման ժամանակ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշեց, որ առաջարկվում է լրատվամիջոցում հերքման դատական պրոցեսը սեղմ ժամկետում անցկացնել:
«Քարոզարշավի ժամանակ լրատվամիջոցում որևէ թեկնածուի վերաբերյալ հայտնվում է այնպիսի տեղեկատվություն, որը հերքելու անհրաժեշտություն կա: Թեկնածուն դիմում է լրատվամիջոցին հերքելու, սակայն վերջինս չի հերքում: Օրենքով, հաջորդ փուլը դատական գործընթացն է: Դատարանը մինչև վարույթ է ընդունում, մինչև երկու շաբաթ հետո նիստ է հրավիրում, մի քանի ամիս հետո էլ որոշում է կայացնում, ստացվում է՝ այդ ժամանակ արդեն քարոզարշավն էլ, ընտրություններ էլ ավարտված են լինում»,-ասաց Դանիել Իոաննիսյանը:
Առաջարկվում է այնպիսի մեխանիզմ սահմանել, որ հերքման մասով դատական գործընթացն արվի սեղմ ժամկետներում՝ մինչ քարոզարշավի ավարտը: Դանիել Իոաննիսյանն ընդգծեց, որ հերքման հիմքերն օրենքով կան, խոսքը բացառապես դատական գործընթացի ժամկետների հարցն է:
«Եթե քարոզարշավի ընթացքում հերքման պրոցեսը չի ապահովվում, ապա ռիսկ կա, որ լրատվամիջոցմերն ինչ ասես կհրապարակեն, միևնույն է՝ դատական գործընթացը երկար է տևում: Չի բացառվում, որ մինչև դատական որոշումը լինի, այդ լրատվամիջոցն էլ փակված լինի: Հետևաբար, զուտ ժամկետները քննարկելու անհրաժեշտություն կա»,-ասաց Դանիել Իոաննիսյանը: