«Վարչապետին առաջարկել ենք ստեղծել մի կոմիտե, որը կզբաղվի երկրի տեխնոլոգիական մոդեռնիզացիայով». Կարեն Վարդանյան
«Դիջիթեք» բիզնես ֆորումն այս տարի 11-րդ անգամ է անցկացվում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆորումի կազմակերպիչ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ, նախկինում՝ ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանն ասաց, որ այն մեկնարկելու է հունիսի 29-ին և տևելու է երկու օր։
«Կարելի է ասել՝ սա միակ հարթակն է, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ընկերությունները կարողանում են շփվել բիզնեսի հետ, ներկայացնել իրենց լուծումները, միևնույն ժամանակ՝ բիզնեսը նաև կարողանում է մի հարթակում տեսնել այն լուծումները, որոնք առկա են հենց Հայաստանում»,- նշեց Ա. Եսայանը։
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ նշեց, որ իրենք վարչապետին առաջարկել են, որ ստեղծվի մի կոմիտե կամ խումբ, որը զբաղվելու է երկրի տեխնոլոգիական մոդեռնիզացիայով. «Դա վերաբերելու է և՛ ռազմաարդյունաբերությանը, և՛ մեր ընկերություններին, և՛ ենթակառուցվածքներին, և այլն։ Այսինքն՝ կոմպլեքս մոտեցում՝ տեխնոլոգիական մոդեռնիզացիային։ Այն ժամանակ դա դեռ գաղափար էր, ու այս ֆորումին մենք որոշեցինք այդ գաղափարն իսկապես բացել»։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն էլ նշեց, որ կառավարության ծրագրի մեջ առանցքային հենասյուն են բարձր տեխնոլոգիաները.
«Պետության քաղաքականությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որի մեջ նաև ՏՏ-ն է, չափազանց կարևոր է։ Ուստի մենք պետք է այս հարցին շատ լուրջ մոտենանք, հասկանանք, թե ի՞նչ լուծումներ կան, ու հետո իջնենք արդեն տեխնիկական մակարդակի վրա։ Մեզ համար՝ որպես Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, ՏՏ-ի ոլորտը չափազանց կարևոր է։ Ընդ որում, սա բավականին երիտասարդ ճյուղ է, մեզ մոտ ընկերությունների զգալի մասը վերջին 3 տարվա ընթացքում են ստեղծվել ու շարունակում են աշխատել»։
Փոխնախարարի խոսքով՝ ՏՏ-ի կողմից առաջարկվող լուծումների ներքին պահանջարկն ավելացել է. «Սա ավելացել է երկու պատճառով։ Մեր ընկերությունները սկսում են հասկանալ, որ հենց այս ոլորտը կարող է օպտիմիզացիոն լուծումներ տրամադրել իրենց գործարար նախաձեռնությունների համար ու բարձրացնել ընդհանրապես ՀՀ-ի ցանկացած ոլորտի արդյունավետությունը, սկսած գյուղատնտեսությունից՝ վերջացրած հանքարդյունաբերությամբ։ Մենք, ներկայիս դրությամբ՝ որպես պետություն, պետք է նույնպես պահանջարկ ներկայացնենք ՏՏ-ի կողմից առաջարկվող լուծումների ներմուծման համար»։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ֆորումի կազմակերպիչներին.
«Արդեն չորրորդ տարին է՝ մենք՝ անվտանգությամբ զբաղվող կազմակերպություններն ու մասնագետները, շատ լուրջ ներկայացված ենք ֆորումի աշխատանքներում, ու մենք հստակ տեսնում ենք՝ ինչպես է մեր այս ուղղությունն առաջընթաց ապրում։ Ես պետք է ասեմ, որ հիմնական թեման, որը քննարկվելու է կլոր սեղանի շուրջ, լինելու է համագործակցությունը բիզնեսի և անվտանգության լուծումներ առաջարկող կազմակերպությունների միջև, որովհետև այսօր գնալով շատանում են ինֆորմացիոն արտահոսքերը, ու ՀՀ-ում դրա հետ կա շատ մեծ ու լուրջ խնդիր»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։