Բաժիններ՝

Մանկամկրտությունը հայոց մեջ

Մկրտությունը քրիստոնեական եկեղեցու կարևոր խորհուրդներից մեկն է և նախապայմանը մյուս խորհուրդների: Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ այս խորհրդի միջոցով մկրտվողը վերստին ծնվում է հոգով, դառնում քրիստոնյա և Աստծո որդի, ժառանգակից Քրիստոսի և տաճար Սուրբ Հոգու:

Տիրոջ համբարձումից հետո առաքյալները նորադարձներին քրիստոնեական համայնք ընդունելիս մկրտել են: Առաքելական մկրտության նախապայմաններն էին ապաշխարությունը և քրիստոնեական վարդապետության ընդունումը, ըստ առաքելական խոսքի, թե. «Ապաշխարեցե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով…» (Գործք Բ 38): Մկրտությունից առաջ անհրաժեշտ է եղել ուսուցանել քրիստոնեական հավատքի սկզբունքները (Եբրայեցիներ Զ 1–2): Հնում մկրտությունը ունեցել է երկու փուլ. ա. նախապատրաստում, բ. մկրտության խորհրդի կատարում: VI դարից, երբ տարածվել է մանկամկրտությունը, նախապատրաստական փուլը չի իրականացվել, մանուկների կրոնական դաստիարակությունը թողնվել է ապագային:

Մանկան փոխարեն նրա հավատքի պատասխանատվությունը ստանձնում է կնքահայրը, ով լինելով քրիստոնյա և ուսյալ՝ երաշխավորում է նրա քրիստոնեական դաստիարակությունը: Եթե հավատքի ճանաչողությունն ու փրկության գիտակցությունը պահանջում է չափահաս մկրտվողից, որպեսզի նա ձգտի և միանա իր Փրկչին, ապա մանուկը մկրտվում է ծնողների հավատքով, և նրանց վրա են ընկնում մանուկների կրոնական դաստիարակության պատասխանատվությունը:

Մկրտության խորհուրդն անհրաժեշտ է՝ համաձայն Տիրոջ խոսքի և Նրա օրինակի. «Գնացե՛ք և աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթեոս ԻԸ 19): Մեր Տերը չի առանձնացրել չափահասների և երեխաների մկրտությունը: Ընդունելով մանուկների մկրտությունը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ ու փոքրի մեջ ոչ մի խտրություն չի դնում:

Սուրբ Գրքում կան մանկամկրտության բազմաթիվ վկայություններ: Լիդիա անունով մի աստվածավախ կին իր տան հետ միասին մկրտվեց (Գործք ԺԶ 15), Փիլիպեի բանտապետը հավատաց, մկրտվեց ինքը և իր ամբողջ տունը, այսինքն՝ նաև երեխաները (Գործք ԺԶ 31-33), Կորնթոսի Կրիսպոս ժողովրդապետը և իր տունը հավատացին ու մկրտվեցին (Գործք ԺԸ 8): Այս օրինակներից կարելի է եզրակացնել, որ առաքելական ժամանակներում մանուկների մկրտությունը ընդունված կարգ էր:

Մանկամկրտության դեմ արտահայտվողները ջանում են ցույց տալ, որ մանկան համար մկրտության խորհուրդը անօգուտ է և պնդում են, որ անչափահասը պիտի դառնա գիտակից և նոր միայն մկրտվի: Որպես ապացույց բերում են Հիսուսի օրինակը՝ ասելով, թե Նա մկրտվեց երեսուն տարեկանում: Պարզ է, որ նման փաստարկները լուրջ սուրբգրային հիմնավորումներ չեն, մանավանդ որ Հովհաննեսի մկրտությունը, որն ընդունեց Հիսուս, էապես տարբերվում է քրիստոնեական մկրտության խորհրդից:

Բոլոր եկեղեցիները մկրտության անհրաժեշտությունը հիմնավորում են սուրբգրային այն հրամանով, համաձայն որի՝ «Եթե մեկը չծնվի Հոգուց ու ջրից, չի կարող մտնել Աստծո Արքայություն» (Հովհաննես Գ 5): Ինչպես Հովհաննես Երզնկացին է ասում. «Այս ծննդյան հայրը Աստվածն է, մայրը՝ եկեղեցին, արգանդը՝ Ավազանը, որը ծնում է մանկանը ջրով և Հոգով»:

Մանկամկրտության հակառակորդները ասում են. «Ով հավատա ու մկրտվի, պիտի փրկվի» (Մարկոս ԺԶ 16), մինչդեռ երեխաները չեն կարող հավատալ և, հետևաբար, մկրտվել: Մկրտության խորհրդի առանձնահատկությունն այն է, որ կատարողը Աստված է, և բնական է, որ աստվածային զորությունը տարածվում է բոլոր մարդկանց վրա: Այս խոսքը վերաբերում է մեծահասակներին, ովքեր ընդունակ են ըմբռնելու հավատքի նշանակությունը։ Հետևաբար, մենք չենք կարող մկրտել մեծահասակներին, քանի դեռ նրանք չեն հավատում Տիրոջը։

Եթե մանկամկրտությունը մերժողների համար հավատը փրկության պայման է, իսկ մանուկները հավատ չունեն, ապա ի՞նչ է սպասում չմկրտված և անհավատ մանուկներին. պիտի փրկվե՞ն առանց մկրտության։ Բացի դրանից մենք չգիտենք մեր վախճանի օրը, սակայն պարտավոր ենք այդ օրը դիմավորել Աստծուն որդեգիր դարձած և Աստծո խնամքին հանձնված, քանի որ մկրտության շնորհիվ ո՜չ միայն մարդկային հոգածությամբ ենք կյանքի փորձություններին դիմակայում, այլև աստվածային խնամատարությամբ՝ ունենալով մեր պահապան հրեշտակը, որն Աստծու առջև մեր բարեխոսն է: Ոչինչ չի խանգարում, որ մանուկները հավատն ընդունեն և պատճառ չկա, որ նրանց զրկենք Երկնքի արքայության մաս կազմելուց: Մանուկների համար ասված է Տիրոջ հետևյալ խոսքը. «Թույլ տվեք և մի՛ արգելեք մանուկներին Ինձ մոտ գալ, քանզի այդպիսիներինն է երկնքի արքայությունը» (Մատթեոս ԺԹ 14)։

Հայ եկեղեցում մկրտության կարգը սկսվում է Ծ սաղմոսի ընթերցումով, որը հայտնի է որպես «ապաշխարության սաղմոս»: Ընթերցումը սկսվում է եկեղեցի չմտած՝ դռան մոտ: Այսինքն, առանց զղջումի մոտենալ Ավազանին անթույլատրելի է: «Անօրէնութեամբ յղացաւ եւ ի մեղս ծնաւ զիս մայր իմ»,- ասում է սաղմոսերգուն: Այստեղ խոսքը ոչ թե գործած մեղքերի մասին է, այլ ադամական մեղքի, որն ի ծնե է, անկախ մկրտվողի տարիքից: Քահանան իր աղոթքի մեջ ասում է. «Եւ արժանի՛ արա զսա ի ձեռն սուրբ Աւազանի լուանալ զհնութիւն մեղաց իւրոց, և նորոգիլ լուսով շնորհաց քոց»: Մկրտության ժամանակ մանուկ երախան («երախա» են կոչում չմկրտվածին, որը պատրաստվում է մկրտության) երեք անգամ ընկղմվում է ջրով լի ավազանի մեջ՝ խորհրդանշելով Քրիստոսի մահը, թաղումը և հարությունը, որով մասնակից է դառնում Քրիստոսի կյանքին: Մաքրվելով սկզբնական մեղքից և ծնվելով հոգևոր ծնունդով՝ մարդը դառնում է Երկնքի արքայության ժառանգորդ՝ վերստին ստանալով աստվածային այն պատկերը, որ ուներ դրախտում մինչ մեղսագործությունը: Խոսքը ադամական մեղքից ազատվելու մասին է, չկա որևէ տարիքային սահմանափակում, քանի որ բոլորս ծնվում ենք այդ մեղքով: Այդ պատճառով էլ հնում հայոց մեջ ընդունված էր մանուկներին մկրտել շատ վաղ՝ ութ օրականում:

Ուրեմն, Տիրոջ խոսքի համաձայն, թույլ տանք երեխաներին գնալ դեպի Աստված և չարգելենք, քանի որ նրանցն է Երկնքի արքայությունը (Մատթեոս ԺԹ 14):

Պատրաստեց Լուսինե ՕՀԱՆՅԱՆԸ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս