«Փոփոխություններն ավելի ծանր են տանում իմ հասակի և ինձանից մի քիչ փոքր տարիքի մարդիկ». Աշոտ Ղազարյան
Դերասան, հաղորդավար, կատակերգու և երգիչ Աշոտ Ղազարյանը մայրաքաղաքին իր սերն է խոստովանում «Ես ապրում եմ Երևանում» ներկայացմամբ` այն նվիրելով մեր ոստանի 2800-ամյա հոբելյանին:
Ներկայացումը տեղի կունենա հունիսի 20-21-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Աշոտ Ղազարյանի հետ:
-Ներկայացման անվանումից կարելի է որոշակի պատկերացում կազմել բովանդակության մասին: Այնուամենայնիվ, կխնդրեի մանրամասնել, թե ի՞նչ են թատերասերները տեսնելու բեմում:
-Ներկայացումը տարիներ աբռաջ մի քանի անգամ խաղացել եմ: Այս տարի ինձ հրավիրեցին Երևանի քաղաքապետարան և խնդրեցին Երևանի 2800-ամյակի կապակցությամբ վերականգնել այն ու կրկին մատուցել հանդիսատեսին:
Բեմադրությունը մի մարդու մասին է, ում համար աշխարհում ամենասիրելի, ամենագեղեցիկ, ամենասուրբ, ամենաչքնաղ, ամենահզոր քաղաքը Երևանն է:
Մարմնավորում եմ տարբեր կերպարների` սկսած գերեզմանի պահակից, ավարտած հերոսով, որը ողջ Հայաստանին գումար է պարտք: Կարծում եմ` շատ հետաքրքիր հումորային բեմադրություն է. ներառվել են տարբեր երգեր: Խոստովանեմ, որ շատ եմ սիրում այն և հաճույքով եմ խաղում:
-Երբ ասում եք Երևան, առաջին հերթին ի՞նչ եք պատկերացնում:
-«Ես ապրում եմ Երևանում» ներկայացման մեջ խոսում եմ այդ մասին, ուստի չեմ ցանկանա հիմա բացել փակագծերը: Նշում եմ, որ յուրաքանչյուր հայ մարդ կարող է աշխարհի որևէ հարուստ քաղաքում ապրել, բայց չի ունենա այն, ինչ կա մեր մայրաքաղաքում:
-Վերջին տարիներին թե՛ արվեստագետները, թե՛ այլ ոլորտների ներկայացուցիչները Երևանի արտաքին տեսքի մասին խոսելիս շեշտում են, որ մայրաքաղաքը կորցնում է իր դեմքն ու դիմագիծը…
-Յուրաքանչյուր քաղաք պետք է թարմանա, երիտասարդանա` պահպանելով հինը: Այնպես չէ, որ հին շինություններն այնքան անպետք են, որ կարիք կա դրանք քանդել, ոչնչացնել և լավը կառուցել: Ոչ, քաղաքին պետք չէ այդպես վերաբերվել. պետք է չնեղացնել նրան, քաղաքը պետք է սիրել: Կառուցեք, ջահելացրեք, սիրունացրեք, բայց…
Փոփոխություններն ավելի ծանր են տանում իմ հասակի և ինձանից մի քիչ փոքր տարիքի մարդիկ, քանի որ կապված են քաղաքի ամեն ճյուղի, ծառի, տերևի հետ: Եվ, երբ անխնա քանդում են, տխրում ես: Միշտ օրինակ եմ բերում Թբիլիսին ու նախանձով նայում, թե ինչպես են այնտեղ պահպանում հին շինությունները, լուսավորում, վերականգնում և դրանց կողքին կառուցում նորը:
-Ըստ ձեզ` ի՞նչն է պակասում մեր մայրաքաղաքին, գուցե նոր շունչը, ոգին…
-Այսօր մեր քաղաքում ինձ շատ բան է դուր գալիս. գեղեցիկ կառույցներ կան, բայց… Իմ մանկությունը, երիտասարդությունը, ուսանողական տարիներն անցել են այն Երևանում: Ներկայիս Երևանը սիրում եմ, ողջունում եմ, էլի իմն է, բայց հնից դժվար եմ բաժանվում և ցավ եմ զգում, երբ հետաքրքիր կառույցներն անխնա վերացվում են և դրանց տեղերում բնակելի շենքեր կամ սրճարաններ կառուցվում:
-Ներկայացումից բացի հեռանկարում ի՞նչ ծրագրեր ունեք:
-Հուլիսից նկարահանվելու եմ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի նոր գեղարվեստական ֆիլմում և պատրասվում են հյուրախաղերի: Ստեղծագործական կյանքը եռում է, բայց պետք է նշեմ, որ երբեմն ուզում եմ, որ հանդիսատեսն ինձ կարոտի, ես էլ նրան:
Անժելա Համբարձումյան