«Ապրիլյան պատերազմի կրկնությունը հնարավոր է». ռուս ռազմական փորձագետ
«Ուժի գործադրումը Բաքուն անում է մի քանի եղանակներով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձություններին:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական սահմանին Նախիջևանից իրավիճակ է փոխվել: Արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց:
Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվել են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր ու կուտակումներ: Ավելի վաղ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն ասել էր, որ տեխնիկայի ու ուժի կենտրոնացում կա շփման գծի այն հատվածներում, որտեղ նման բան չպետք է լիներ և սովորաբար չի լինում: Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի իշխանական որոշ շրջանակներ ուժային լուծման սպառնալիքներով են հանդես գալիս:
Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ Բաքուն օգտվում է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված անկայուն ներքաղաքական իրավիճակից, և տարօրինակ կլիներ շարունակաբար տեսնել, թե չկա նման ցանկություն: Ըստ նրա՝ Ադրբեջանն ուժի գործադրման միջոցով ճնշումներ է բանեցնում, որպեսզի կարգավորման գործընթացն ուղղորդի դեպի Ադրբեջանին ձեռնտու լուծում:
«Ուժի գործադրումը Բաքուն անում է մի քանի եղանակներով` ուժի ցուցադրությամբ՝ նոր զինտեխնիկայով, դիրքերի փոփոխություններով և ուժի կուտակմամբ շփման գծում: Սրանք բոլորն ուժային միջոցառումներ են: Հայաստանում իշխանություն է փոխվել, Բաքուն այդ օրերին չի միջամտել, ներկայումս Ստեփանակերտում ևս որոշ ներքաղաքական զարգացումներ են ընթանում, Բաքուն փորձում է հասկանալ, թե ինչ դիվիդենտներ կարող է քաղել ներկայիս իրավիճակից այս ճնշման ներքո, քանի որ չի ճանաչում այս իշխանություններին, և նրանց հնարավոր պատասխանն անկանխատեսելի է:
Այնուամենայնիվ, Ադրբեջանը հնարավորության դեպքում նաև կքաղի դիվիդենտներ: Ավելի վաղ ասել եմ, որ փորձում է ՀՀ իշխանություններին շփման գծում, սահմանին, ապագայում` բանակցային սեղանին, և դա կարող է նաև բացասական ընթացք ստանալ: Չի բացառվում, որ կրկնվեն 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները, եթե Ադրբեջանը չտեսնի համարժեք պատասխան հայկական ուժերի կողմից»,- նման կարծիք հայտնեց Վլադիմիր Եվսեևը:
Հարցին, թե ինչպե՞ս պետք է գործեն հայկական ուժերը նման զարգացումները կանխելու համար, Եվսեևը պատասխանեց, որ հայկական ուժերը սովորաբար գործել են «մեկի դիմաց՝ մի քանի անգամ ավելի» սկզբունքով: Այսինքն` պատասխանել են ադրբեջանական սադրանքներին կամ կրակահերթերին մի քանի անգամ ավելի բարձր ինտենսիվությամբ: Նա վստահ է՝ Հայաստանն ունի անհրաժեշտ ուժերը և զինտեխնիկան՝ համարժեք պատասխան տալու համար ցանկացած սցենարի դեպքում:
«Ապրիլյան պատերազմից հետո շատ բացեր են ուղղվել ՀՀ ԶՈՒ-ում, Ռուսաստանը ևս որոշ փոփոխություններ է արել՝ որպես անվտանգության երաշխավոր: Կարծում եմ` ցանկացած սադրանքին և գործողությանը պետք է լինի համարժեք պատասխան, այլապես իրավիճակը կարող է իսկապես լինել շատ վտանգավոր և այնպիսին, ինչպես երկու տարի առաջ: Հայկական ուժերն իրենք արդեն գիտեն, թե ինչպես կանխեն, նրանք իրենց հակառակորդին ճանաչում են»,- զգուշացրեց Եվսեևը:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը` Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումն անփոփոխ է, ինչպես յուրաքանչյուր միջնորդ՝ Ռուսաստանը ևս լինելով ամենաակտիվ միջնորդներից մեկը՝ դեմ է եղել և դեմ է իրավիճակի էսկալացիային Ղարաբաղյան ճակատում:
Խոսելով հարցադրումներից, թե Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկի արարողությունը, որին ներկա էին թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչու չօգտագործվեց Փաշինյան-Պուտին-Ալիև ձևաչափով հանդիպում կազմակերպելու նպատակով այս լարված շրջանում, փորձագետը պատասխանեց, որ ենթադրաբար դրա համար մի քանի պատճառներ կարող են լինել: Ըստ նրա՝ այս միջոցառման ժամանակ նման հանդիպման կազմակերպում նախատեսված չէր, իսկ Ֆուտբոլի առաջնության կազմակերպման աշխատանքները շատ ավելի վաղ էին սկսվել, օրակարգերը ևս հաստատվել էին շատ ավելի վաղ: Բնականաբար, ըստ նրա՝ օրակարգը վերջին պահին ևս կարող էր փոխվել:
«Սակայն այս միջոցառման ժամանակ, ամենայն հավանականությամբ, նման մակարդակի լուրջ հանդիպում չէր կազմակերպվի՝ իմ համոզմամբ: Փաշինյանը նոր գործիչ է նաև ռուսական կողմի համար, նրա հետ մի որոշ ժամանակ աշխատանք է անհրաժեշտ նման հանդիպում կազմակերպելու համար: Սակայն, իմ տեղեկություններով, այս միջոցառումների շրջանակում ղեկավարները ծանոթացել են, միասին մասնակցել միջոցառումների, որը հետագա շփումների համար լավ հիմք է, ՌԴ նախագահն առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել ղեկավարների հետ: Ինչպես միշտ, անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կմիջամտի և թույլ չի տա լարվածություն: Կլինեն, անշուշտ, նաև այնպիսի պատճառներ, որոնցից տեղյակ չենք: Գուցե նման ձևաչափով հանդիպմանը դեմ է եղել որևէ կողմ, կամ այլ որևէ հարց է առաջացել»,- նկատեց նա:
Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Մոսկվայում նրանց առաջին ծանոթությունն էր, հետագա շփումների մասին խոսելը վաղաժամ է: Այս հայտարարությունը մեկնաբանելով՝ Եվսեևն ասաց, որ, ամենայն հավանականությամբ, նման հանդիպման կողմերը դեռ պատրաստ չեն: