«Ցավոք սրտի, փողը գործելու է, հարցն այն է, թե որքանով է գործելու». Դանիել Իոաննիսյանը՝ ԸՕ փոփոխությունների մասին

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խումբը դեռևս ձևավորման փուլում է, դրանում լինելու են գործադիր իշխանության, քաղհասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ, մասնագետներ, միաժամանակ խորհրդարանում, ըստ ամենայնի, կձևավորվի խորհդարանական խումբ, որը կքննարկի ներկայացված նախագիծը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ, ընտրական քննարկումները վարող Դանիել Իոաննիսյանը:

«Բոլոր քաղաքական ուժերին առաջարկել ենք հանդիպել և քննարկել ընդհանուր կետերը դեռևս մինչև նախագծի կազմումը, և, բացի Հանրապետականից, բոլոր քիչ թե շատ խոշոր կամ ազդեցիկ կուսակցությունների հետ հանդիպումներ եղել են»,- ասաց Դ.Իոաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենք մի քանի անգամ առաջարկել են ՀՀԿ-ին հանդիպել և քննարկել, սակայն վերջիններս հրաժարվել են, անգամ հրաժարվել են Դավիթ Հարությունյանի հայտարարությունից հետո, որ ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել ԸՕ փոփոխությունները:

Դ.Իոաննիսյանը նշեց, որ ՀՀԿ-ն նախընտրում է խորհրդարանում բանակցել ԱԺ-ում ներկայացված ուժերի հետ. «Դա իրենց իրավունքն է, որը մենք հարգում ենք: Ամեն դեպքում մենք ուզում ենք բոլորի տեսակետները լսել նախագիծը գրելուց առաջ և չվարվել այնպես, ինչպես վարվեց ՀՀԿ-ն 2016թ.` գաղտնի կերպով նախագիծ գրելով»:

ՀՀԿ-ի հրաժարումը՝ այս ձևաչափով մասնակցել ԸՕ փոփոխությունների շուրջ քննարկումներին, ըստ փորձագետի՝ չի նշանակում, որ նրանք ընդհանրապես չեն մասնակցելու, բայց տեսակետների փոխանակումը՝ նախքան բուն նախագիծը գրելը, չի եղել իրենց հետ.

«Այսինքն` ո՛չ մենք ենք իրենց ներկայացրել մեր ընկալումները, ո՛չ իրենք մեզ` ի տարբերություն մյուս կուսակցությունների: Դա իրենց ընտրությունն է` իրենց դուրս թողնել քննարկումներից»:

Դ.Իոաննիսյանը նշեց, որ նախատեսվող փոփոխություններից խոշորը, թերևս, ԸՕ-ից ռեյտինգային ընտրակարգն ամբողջությամբ հանելն է, բայց փոփոխությունները շատ են, շատ մանր փոփոխություններ կան, որոնք պետք է իրականացվեն, և որոնց վրա նախկինում ոչ ոք չէր կենտրոնանում, բայց հիմա բոլոր կետերին մանրակրկիտ ուշադրություն են դարձնում.

«Բավականին շատ դրույթներ այս կամ այն կերպ փոփոխության կենթարկվեն, որպեսզի ընտրությունները լինեն ավելի որակով ու ավելի թափանցիկ, բայց ամենակարևորը` ընտրությունները լինեն մրցակցային: Եվ որպեսզի կուսակցությունները մրցեն ոչ թե՝ դրամապանակներով, այլ՝ գաղափարներով, ծրագրերով: Սա շատ կարևոր է, որը մենք մտադիր ենք առավելագույն կերպով ապահովել ԸՕ-ով»:

Նրա խոսքով` նախատեսվում է ավելացնել կուսակցությունների անվճար հնարավորություններն իրենց գաղափարները տարածելու համար, և պետության հնարավոր բոլոր միջոցները ներգրավել, որպեսզի կուսակցությունները կարողանան պետության միջոցներով իրենց գաղափարները տարածել: Օրինակ` ընդհուպ մինչև Պաշտպանության նախարարությանը ներգրավելու են, որպեսզի կուսակցություններն իրենց գաղափարները տարածեն»:

Հարցին, թե բարեգործության օրենսդրական սահմանափակումների շուրջ խորհրդարանում բարձրացված աղմուկը չի՞ վկայում, որ ամեն դեպքում փողը գործելու է, Դ.Իոաննիսյանը պատասխանեց.

«Հարցը նրանում չի` փողը գործելո՞ւ է, թե՞ ոչ: Ցավոք սրտի, փողը գործելու է, հարցն այն է, թե որքանով է գործելու: Մենք անելու ենք առավելագույնը, որ դրա ազդեցությունը նվազագույն չափով լինի: Դա արվելու է մի քանի ճանապարհով, նախ` նախընտական քարոզարշավի շրջանակներում ավելացնելու ենք անվճար հնարավորությունները, որ կուսակցություններն ու դաշինքները կարողանան իրենց գաղափարներն ու ծրագրերն անվճար հասցնել ընտրողին: Երկրորդ` նվազեցնելու ենք առավելագույն ռեսուրսների չափը, որը կարելի է ծախսել ընտրությունների վրա, որովհետև այժմ այն շատ-շատ բարձր է, անգամ կարելի է ասել՝ անսահմանափակ է»:

Ի պատասխան դիտարկմանը, որ ընտրակաշառքի վրա ծախսվող ռեսուրսը չի մտել ընտրությունների վրա օրինական ծախսվող ռեսուրսների հաշվարկի մեջ, Դ.Իոաննիսյանը նշեց, որ այդ ընտրակաշառքի դեմ պայքարը լինելու է շատ ավելի խիստ, և օրենսդրությամբ նախատեսվելու են դրա դեմ արդյունավետ պայքարի միջոցներ և հնարավորություններ, այդ թվում` օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որպեսզի ընտրակաշառքի բացահայտումն առավելագույնս հեշտ լինի, որովհետև ընտրակաշառքը լատենտ հանցագործություն է, և ոչ ոք չի գալիս ու պատմում, որ ընտրակաշառք է տվել կամ վերցրել, և այստեղ կարևոր է, որ իրավապահները հնարավորություն ունենան օպերատիվ հետախուզական միջոցառումներով ընտրակաշառքը «բռնել», այնինչ գործող օրենսդրությունը դա խիստ սահմանափակում է:

«Բարեգործության մասով նախատեսվում է խստացում, և բարեգործության սահմանափակումների խախտումները պետք է լինեն բավականին էականորեն պատժելի, այնպես, որ կուսակցությունները և թեկնածուները չգնան այդ խախտման»,- հավելեց Դ.Իոաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս