Բաժիններ՝

Վերջին 5 ամսվա ընթացքում ՍԱՊԾ-ն կենդանաբանական այգու կենդանիների հիվանդության որևէ ահազանգ չի ստացել

Երևանի կենդանաբանական այգում արձանագրված անկման դեպքերը տեղի են ունեցել 5 ամիս առաջ, ոչ թե մոտ օրերս: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարականության հետ կապերի բաժնից:

«Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, որ կենդանաբանական այգում մեծ թվով կենդանիների անկման դեպքեր են գրանցվել։ Ուսումնասիրելով տեղեկատվությունը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հստակեցնում է, որ խոսքը վերաբերում է 5 ամիս առաջ տեղի ունեցած դեպքերին:

Դեռևս 2018 թվականի հունվարի 18-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի անասնաբույժը Ծառայությանը տեղեկացրել էր, որ կենդանաբանական այգում կան հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ: Ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետների այցելության և կենդանիների կլինիկական զննման արդյունքում 8 գլուխ լամաների մոտ ախտորոշվել է տուբերկուլյոզ հիվանդություն, որն էլ հետագայում հաստատվել է լաբորատոր փորձաքննության արդյունքներով: Լամաները, ինչպես նաև դրանց հարևանությամբ պահվող 1 գլուխ կխտարը, 1 գլուխ դավթի եղջերուն, 19 գլուխ կամերունյան այծերը և ևս 4 գլուխ լամաները, որոնք նույնպես կարող էին հնարավոր վարակի աղբյուր հանդիսանալ, խոտանվել են և սահմանված կարգով ոչնչացվել:

Այնուհետև այգու ամբողջ տարածքում կատարվել է անկած կենդանիների ազատավանդակների մեխանիկական մաքրում, պարբերական ախտահանություն, իսկ ախտահարված օջախներում՝ նաև գրունտի (հողի) փոփոխություն:

Այդ դեպքից առ այսօր Ծառայությունը «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ից տուբերկուլյոզի հարուցիչի հետևանքով որևէ կենդանատեսակի անկման կամ այլ հիվանդության մեջ կասկածվող կենդանու մասին ահազանգ չի ստացել»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հորդորելով ծնողներին կենդանաբանական այգում չթույլատրել երեխաների սերտ շփումը կենդանիների հետ.

Հարցի առնչությամբ Առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ կենդանաբանական այգու կենդանիների անկումը պայմանավորված է եղել տուբերկուլոզ հիվանդությամբ։ Փաստը հաստատվել է նաև գյուղատնտեսության նախարարությունում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Համաձայն գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչի տրամադրած տեղեկատվության՝ կենդանաբանական այգու աշխատակիցները ենթարկվել են տուբերկուլոզի նկատմամբ համապատասխան հետազոտությունների, որոնց արդյունքները բացասական են։

Հիշեցնենք, որ կաթնասունների 54 տեսակ և թռչունների 80 տեսակ կարող է ենթարկվել տուբերկուլոզով վարակման վտանգի: Առավել հաճախ հիվանդանում են խոշոր եղջերավոր կենդանիները, հազվադեպ ախտահարվում են ուղտերը, ձիերը, ոչխարները, այծերը, խոզերը: Վայրի կենդանիների շրջանում տուբերկուլոզով հիվանդանում են ընձուղտները, փղերը, գոմեշները և այլն: Տնային կատուներն ու շները նույնպես կարող են հիվանդանալ տուբերկուլոզով»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Առողջապահական գերատեսչությունից նշել են, որ վարակը կարող է փոխանցվել հիվանդ կենդանուց մարդուն հիմնականում հում կաթ և կաթնամթերք օգտագործելու հետևանքով: Վարակի նկատմամբ առավել խոցելի են երեխաները, հետևաբար անհրաժեշտ է բացառել հում կաթի և կաթնամթերքի օգտագործումը: Կաթում տուբերկուլոզի հարուցիչները եռացնելիս ոչնչանում են ընդամենը 10 րոպեի ընթացքում:

«Անդրադառնալով ծնողների մտահոգություններին առ այն, թե արդյոք կարող է կենդանաբանական այգի այցելությունը տուբերկուլոզով վարակվելու պատճառ դառնալ՝ ԱՆ-ն պարզաբանում է՝ չի կարելի բացառել նաև վարակի փոխանցումն աէրոգեն՝ օդային ճանապարհով՝ հարուցիչը կարող է ներթափանցել մարդու օրգանիզմ շնչառական ուղիներով. այդ ճանապարհով հաճախ հիվանդանում են անասնապահական տնտեսությունների աշխատակիցները, որոնք պարբերաբար պետք է ենթարկվեն ռենտգեն հետազոտման:

Ուստի ԱՆ-ն հորդորում է ծնողներին ՝ զգոն լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս: Վտանգ, որպես այդպիսին, չկա, հատկապես հաշվի առնելով, որ կենդանիներին խնամող աշխատակիցների մոտ հիվանդությունը չի հայտնաբերվել, այդուհանդերձ, հորդորում ենք ծնողներին՝ չթույլատրել երեխաների սերտ շփումը կենդանիների հետ՝ կերակրել: Հարկ է հնարավորին չափ պահպանել հեռավորություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս