«Այսօրվա իրավիճակը երևի թե 2016թ. մարտական գործողություններից հետո ստեղծված ամենավտանգավոր ժամանակաշրջանն է»
Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ
– Պարոն Աբրահամյան, Ադրբեջանի Միլի-մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը հայտարարել է, թե Ադրբեջանը, համաձայն ՄԱԿ-ի կանոնակարգի և իր օրենսդրության, իրավունք ունի «ռազմական ճանապարհով ազատագրել իր օկուպացված տարածքները»: Ի՞նչ իրական սպառնալիք եք տեսնում այս հայտարարության մեջ:
– Ադրբեջանը բացահայտ խոսում է հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունների մասին և փորձում հիմնավորել դրա օրինական լինելը: Ի դեպ, սա բազմաթիվ այլ հիմնավորումներով հնչում է նաև ադրբեջանցի այլ պաշտոնյաների շուրթերից:
– Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ահազանգել էիք, թե Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների՝ վկայակոչելով նրանց կողմից առաջնագծի տարբեր ուղղություններով ակտիվությունը, տեխնիկայի տեղաշարժերը, դիպուկահար խմբերի, հատուկ ստորաբաժանումների ակտիվությունը: Հակառակորդի այդ ակտիվությունն ինչո՞վ են տարբերում նախկինում նրանց կողմից արված գործողություններից, ի՞նչն է հատկապես ձեզ ստիպել նման հայտարարությամբ հանդես գալ:
– Ադրբեջանի՝ ռազմական գործողություններին նախապատրաստվելու վերաբերյալ մեկնաբանությունս միայն առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացներով չէ պայմանավորված: Այս հայտարարության հիմքերը կարելի է գտնել Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության և զինտեխնիկայի ներկրումներով, հասարակությանը պատերազմի պատրաստելու կոչերով, ներքին և արտաքին լսարանին ուղղված ուղերձներով:
Պատերազմը չի էլ ավարտվել, ուղղակի մարտական գործողությունները դեռ ակտիվ փուլ չեն մտել:
Ինչ վերաբերում է նախորդ դեպքերում տեղի ունեցած նմանատիպ իրավիճակներին, ապա պետք է արձանագրեմ, որ այսօրվա իրավիճակը երևի թե 2016 թվականի մարտական գործողություններից հետո ստեղծված ամենավտանգավոր ժամանակաշրջանն է:
– Դուք այդ գործողությունները պայմանավորել էիք նաև Նախիջևանում և Տավուշում տեղի ունեցող զարգացումներով: Սակայն ՀՀ ՊՆ-ն պնդում է, թե հայ-ադրբեջանական սահմանին արտառոց ոչինչ չի կատարվում: Դուք ի՞նչ խնդիրների մասին էիք ակնարկում:
– ՀՀ ՊՆ-ն արձագանքել էր սոցիալական ցանցերում տարածված լուրերին, ըստ որոնց, հակառակորդը «չեզոք գոտու» հաշվին դիրքային առավելության է հասել:
Ակնհայտ է, որ ինչպես 10 տարի առաջ Արցախում, այնպես էլ՝ Նախիջևանի ուղղությամբ, Ադրբեջանն անընդհատ փորձում է կրճատել միջդիրքային հեռավորությունը, ինչը նվազագույնը կուժեղացնի լարվածությունը նաև այդ ուղղությամբ:
Կրկնում եմ՝ Արցախի, Տավուշի և Նախիջևանի ուղղությամբ տեղի ունեցող բոլոր զարգացումները միմյանց շաղկապված են, և անկախ այն հանգամանքից, թե այդ պահին ինչ բնույթի պրոցեսներ են ընթանում, ընդհանուր համատեքստում իրավիճակը մտահոգիչ է:
– Ադրբեջանը ձեռք է բերել բելառուսական արտադրության թվով 10 «Պոլոնեզ» համազարկային համակարգերը, որոնք, ըստ փորձագետների՝ չեն զիջում «Սմերչին», որոնք վերջերս ձեռք էր բերել հայկական կողմը: Արդյո՞ղ կարող ենք ասել, որ Ադրբեջանն այս համակարգերի ձեռքբերմանն էր սպասում՝ ռազմական գործողություններ վերսկսելու համար:
– Ադրբեջանական լրատվամիջոցներն անընդհատ տեղեկություններ են հրապարակում այս կամ այն զինատեսակների ձեռքբերման կամ Ադրբեջանում արտադրության մասին: Այս ու մի շարք այլ իրադարձություններ ցույց են տալիս, որ Ադրբեջանը նվազագույնը գնում է իրավիճակի սրման:
– ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահերն օրերս Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կրկին կարևորել են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կենսագործման անհրաժեշտությունը: Ձեր կարծիքով, ի վերջո, ե՞րբ հնարավոր կլինի գործնականում ներդնել վերահսկման այն մեխանիզմները, որոնք նախատեսված են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններով:
– Առանց Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման՝ անհնար է կողմերի միջև վստահություն ստեղծել: Այնպիսի վստահություն, որը թույլ կտա կողմերին արդյունավետ բանակցություններ վարել:
Ի վերջո, եթե չեն կատարվել նախորդ պայմանավորվածությունները, իսկ դրանք վերջին 25 տարում բավականին շատ են, ապա չկա վստահություն, որ հնարավոր կլինի Ադրբեջանի հետ բանակցելու արդյունավետ միջավայր ձևավորել: