Հայրենադարձությունն ու Սփյուռքը (Խորհրդային Հայաստանի փորձը)

Երկրորդ (Խորհրդային) Հանրապետությունն իր ստեղծման պահից և իր գոյության ողջ ժամանակահատվածի ընթացքում անընդհատ զբաղվել է այդ խնդիրներով։ Կումունիստական ռեժիմի 70 տարիների ինտենսիվ, նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ՝ Արևելյան Հայաստանի կես միլիոնանոց բնակչության թիվը 70 տարվա ընթացքում ավելացավ 7 անգամ ու ԽՍՀՄ փլուզման պահին կազմում էր 3.5 միլիոն մարդ։ Եվ դա՝ բոլոր բռնաճնշումների պարագայում, որոնց ենթարկվել էր հայ ժողովուրդը Խորհրդային Միությունում ստալինյան աքսորների ընթացքում։

Մեծ է նաև Առաջին Հանրապետությունում Եվրոպայից ու Ռուսաստանից եկած մտավորականության ներդրած ջանքերի դերը պետության կարևորագույն ինստիտուտների՝ կրթության և հոգևոր կյանքի կայացման գործում։

20 տարիների ընթացքում տնտեսության հաջողությունները (1921-1941թթ., այսինքն՝ մինչև Հայրենական Մեծ պատերազմի սկսվելը) կոմունիստական իշխանությանը հուշեցին, որ Խորհրդային Հայաստանը հսկայական գիտական, տեխնիկական, արդյունաբերական, ինչպես նաև գյուղատնտեսական պոտենցիալ ունի երկրի զարգացման համար։

Այդ շրջանում հանրապետությունը փախստականներ էր ընդունում Արևմտյան Հայաստանից, Ջավախքից, Ղարաբաղից, Ռուսաստանի հարավից, ինչպես նաև ԽՍՀՄ այլ շրջաններից։

Սկսած 1934թ.-ից՝ անձնագրային ռեժիմի ներդրման ջրբաժան առաջացավ, վերադարձածների կեսը լքեցին Հայաստանը՝ հայտնվելով Իրանում կամ ԱՄՆ-ում։ 1936թ. հայրենադարձության ալիքն Արևմտյան Եվրոպայից շուրջ 1600 մտավորականների բերեց Հայաստան։ Նրանց հետ միասին բերվեց նաև Կոմիտասի մարմինը։ Դա ազգի համար ճակատագրական ակտ էր. Հայաստանի հոգևոր արժեքը բարձրացավ, բարձրացավ նաև ազգի ինքնագնահատականը։

Վճռական ճակատամարտերի ընթացքում՝ 1943թ. ստեղծվում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան, որը, ի տարբերություն շատ հանրապետությունների, ուներ շատ ուժեղ ներուժ։ Ստեղծված գիտահետազոտական ինստիտուտներն իրենց աշխատանքներում ներգրավում էին հայ գիտնականներին, ապա նաև՝ հեռանկարային երիտասարդությանը, ինչը բարձրացրեց հայերի վարկն աշխարհում։

Հիտլերյան Գերմանիայի դեմ տարած հաղթանակն ու դրա մեջ հայերի ներդրումը 1946-1948թթ. թույլ տվեցին կազմակերպել նոր գովազդային հայրենադարձություն, որը բավականաչափ լրացրեց Համաշխարհային պատերազմում կորցրած Խորհրդային Հայաստանի բնակչության թիվը։

Ստալինի մահից հետո և առողջ ու ուժեղ տնտեսության և գիտական հաջողությունների ֆոնին, որոնց Հայաստանը հասել էր ընդհուպ մինչև ԽՍՀՄ փլուզումը, դեպի Խորհրդային Հայաստան կրկին սկսեցին ձգտել ինչպես՝ արտասահմանյան գաղթօջախների հայերը, այնպես էլ՝ այլ ազգությունների պատկանող աշխատուժը։

Ծավալվում էին խոշորագույն շինհրապարակներ, կառուցվում էին բացառիկ գործարաններ, գիտաարտադրական հիմնարկներ, որոնցից էին, օրինակ, Արփա-Սևանը, Լենինականի տեքստիլ գործարանը, Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտը և ուրիշներ։

Հայաստանն էական ներդրում ուներ երկրի պաշտպանունակության գործում՝ մասնակցելով տարատեսակ ծրագրերի մշակմանն ու այդ նպատակով ստեղծելով նորագույն էլեկտրոնային սարքեր։

60-ական թթ. երկրորդ կեսից սկսած՝ հայ երիտասարդությունն ընդունվում ու ավարտում էր ԽՍՀՄ լավագույն բուհերը, պաշտպանում էր գիտական թեզեր և հիմնականում վերադառնում էր Հայաստան։

Եվս մեկ կարևորագույն փաստ. 1964թ. ստեղծվեց Արտասահմանի հայերի հետ մշակութային կապերի կոմիտեն։ Այդպիսի կոմիտե չուներ ԽՍՀՄ և ոչ մի այլ հանրապետություն։

Սակայն այս առավելություններն իրենց բարդություններն ունեին։ Մշակույթի գործիչները պետք է ԽՍՀՄ սահմաններից դուրս պրոպագանդեին Հայաստանում խորհրդային կյանքը։ Երևանն օրըստօրե բարեկարգվում էր, արտասահմանյան երկրների հետ աշխատող Հայաստանի պաշտոնական զբոսաշրջային «Ինտուրիստ» գործակալությունն իր կարևորությամբ երրորդն էր ԽՍՀՄ-ում՝ Մոսկվայից ու Լենինգրադից հետո։

Սա նշանակում էր, որ ուժեղացված աշխատանք էին տանում խորհրդային հատուկ ծառայությունները՝ ստեղծելով գործակալական ցանցեր՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ այն երկրներում, ուր ուժեղ հայկական սփյուռք կար։ ԽՍՀՄ դեսպանատներում քարտուղարներից մեկը զբաղվում էր հայկական Սփյուռքով։ Սակայն, ի պատիվ ստեղծագործող մտավորականության՝ պետք է նշել, որ այն փորձում էր ազատական ոգի ունենալ ու ձգտում էր ամրացնել Հայաստան-Սփյուռք կամուրջները։

1946-1948թթ. իրենց՝ Հայաստան վերադարձից դժգոհ հայ ընտանիքների արտահոսքն արդեն 1980-ական թթ. սկսեց զանգվածային բնույթ կրել։

Անկախ Հայաստանի իշխանությունների կողմից տնտեսության լիակատար քայքայումը ժողովրդի հոգեկերտվածքի մեջ աղետալի դեր ունեցավ։ Առաջին 3 նախագահների կառավարումն ավելի վատն էր, քան անգամ անիշխանությունը։

Ինչպե՞ս էր Սերժ Սարգսյանը պատրաստվում իր 20-ամյա անփոխարինելի կառավարման ընթացքում Հայաստանը վերածել 4 միլիոն բնակչություն ունեցող պետության, եթե խորհրդային իշխանությունը դա չկարողացավ անել վերջին 40 տարիների ընթացքում՝ ունենալով շատ ուժեղ տնտեսություն ու դրա վրա ծախսելով 100 միլիարդ ռուբլուց ոչ պակաս գումար։

Այսօրվա դրությամբ ամենամեծաքանակ Սփյուռքը Ռուսաստանում է, ուր բնակվում են շուրջ 3.5 միլիոն հայեր, ինչը նշանակում է, որ ռուսերենը հայերի համար եթե ոչ՝ առաջին, ապա՝ հաստատ երկրորդ լեզուն է։

Հայտնի է, որ Ռուսաստանում հայերենով լիակատար ուսուցմամբ միջնակարգ դպրոցներ չկան։ Կիրակնօրյա հայկական դպրոցների անարդյունավետությունն ակնհայտ է. Այս դպրոցներ հաճախողների միայն 10-15%-ը, հնարավոր է, օգտվեն մայրենի լեզվից։

Դեռևս 30-40 տարի Ռուսաստանը հայկական ամենամեծ Սփյուռքը կունենա։ Եվ դա զարմանալի չէ։ Ավելի քան 300 տարի հայ ժողովուրդը սերտորեն շփվում է ռուս ժողովրդի հետ, և այդ դարերի մեծ մասի ընթացքում այս 2 ժողովուրդներն ապրել են միասնական պետության կազմում։ Նրանք պատմության ընդհանուր էջեր ունեն։

Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, ուր այսօրվա դրությամբ ապրում է մոտ 1 միլիոն 300 հազար հայ։ Ամերիկան հայերին գրավում է ազատությամբ ու օրինականությամբ։ Սա ամենաարագ թափ հավաքող գաղթօջախն է։ Բայց այստեղ ևս առկա է ձուլման վտանգը։ Այն բնորոշ է բոլոր ժողովուրդներին, բայց ձուլումը սահմաններում պահել ոչ բոլոր պետություններին է հաջողվում։

Ձուլման վերահսկողությունը կարելի է տնտեսապես ուժեղ Հայաստանի սահմանների ու ազգային ներքին կյանքի կառավարման արդար համակարգի մեջ դնել. Հայաստան՝ գումարած Սփյուռք։ Հայաստանը հրաշալի գործիքակազմ կարող է լինել Սփյուռքի տարբեր շերտերի ու մարդկանց խմբերի համար։ Դա պետք է հասկանան և՛ գիտնականները, և՛ բիզնեսմենները, և՛ գյուղացիները, բոլորը։ Եթե Հայաստանն ունենա վերոնշյալ բոլոր չափանիշերը, ապա ադրբեջանցիներն էլ կգան այստեղ աշխատանքի ընդունվելու, ինչպես որ անում են պաղեստինցիներն Իսրայելում։ Բայց որպեսզի մեզ մոտ՝ Հայաստան գան աշխատելու (և ոչ միայն հարևանները, այլև այլ ազգերի ներկայացուցիչներ, հաջողակ մարդիկ), մենք պետք է հիշենք, որ արաբաիսրայելական կամ վեցօրյա (1967թ.) պատերազմի երրորդ օրը հրեա ժողովուրդը 14 միլիարդ դոլար գումար հավաքեց։ Իսկ մենք գողանում ենք զինվորի սննդի չափաբաժինը՝ մնալով անպատիժ, ավելին, շարունակելով ղեկավարել, իսկ միգուցե և՝ քայքայել բանակը։

Հրեաների կողմից ազգային պետության ստեղծման ամենասկզբից մենք չենք տեսնում ոչ մի պարտություն, քանի որ նրանք Իսրայելը պահպանում են աչքի լույսի պես։ Բարդ կերտվածք ունենալով՝ Իսրայելի ժողովուրդն ապացուցեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Այդ պատճառով էլ նրանք ոչ թե՝ խոսքով, այլ՝ իրենց գործերով ողջ աշխարհին ապացուցեցին, որ խորապես հասկացել են պատմության դասերը ու կատարել իրական եզրահանգումներ։

Եվ այսպես, հայրենադարձությունը չափազանց լուրջ նախագիծ է, որը պահանջում է մեծ համբերություն, տակտ, փող և ազգային կյանքի սուբյեկտների միջև մեծ վստահություն։ Մենք գիտենք, որ Սփյուռքի ինստիտուտների միջև սթրեսային իրավիճակ է ի հայտ գալիս ինչպես՝ արտագաղթի, այնպես էլ՝ հայրենադարձության ժամանակ, ինչը միևնույն բանն է։ Մի մոռացեք, որ հայրենադարձվող մարդը միշտ ինչ-որ տեղից արտագաղթում է։

ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆ
Լոս Անջելես, 27 մայիսի, 2018թ., ԱՄՆ

Տեսանյութեր

Լրահոս