
Վարկային ռեգիստրում գյուղացիների վարկային պատմությունը ևս կսրբագրվի

Գյուղատնտեսական վարկերի տույժ ու տուգանքների համաներման հարցով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել հանդիպում գյուղատնտեսության և ֆինանսների ու ԿԲ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, դիտարկվել են մի քանի հնարավորություններ, որոնք թույլ կտան այդ տույժ ու տուգանքների համաներում անել, ավելին` վարկային ռեգիստրում և համակարգում վարկային պատմությունը սրբագրել, որպեսզի մարդկանց հետագա վարկունակության վրա դա բացասական ազդեցություն չունենա:
«Վարկերը ներելու մասին խոսք չի եղել, վարչապետի խոսքը վերաբերել է տույժ ու տուգանքներին»,- հստակեցրեց նախարարը:
Ըստ նրա` ընդհանուր 190 մլրդ դրամի չափով է գյուղպարտավորությունը, բայց թե տույժ ու տուգանքներն ինչքան են կազմում, նախարարը դժվարացավ նշել:
«Հարկային օրենսգրքի փոփոխությունների խնդիր է, որ բանկերն էլ չտուժեն»,- նկատեց նա: