Բաժիններ՝

Ստուգումների արդյունքում Սամվել Ալեքսանյանի բիզնեսը կարո՞ղ է փակվել

«Ես համաձայն չեմ գնահատականի հետ, որ մեր գործառույթները նորմալ չեն իրականացվել: Իմ կարծիքով` հարկային մարմնի գործառույթներն ամենօրյա են՝ կապված ստվերի կրճատման հետ, ինչն իրականացվել է ՊԵԿ-ի կողմից նախորդ տարիներին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, նախկինում Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը` խոսելով «Երևան սիթիում» ստուգումների մասին, և, թե ինչո՞ւ է նախկինում իր ղեկավարած տեսչությունը թերացել, որ այժմ ԱԱԾ-ն է կոշտ միջոցների դիմում:

Ըստ նրա` բարձիթողի վիճակ չի եղել, իրենց գերակա նպատակն է եղել՝ գործարքների փաստաթղթավորման վերջնական կայացումը, քանի որ, եթե ամեն գործարք ճիշտ փաստաթղթավորվի, վարչարարություն իրականացնելու անհրաժեշտություն չի լինի և կլինի հարկային եկամուտների էական աճ.

«Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում իմ աշխատած ժամանակահատվածում իմ բոլոր գործողությունները միտված են եղել այս գործընթացի ապահովմանը: Կարող եմ ասել, որ, իհարկե, 100%-անոց արդյունքի չենք հասել, բայց ընդհանրապես աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ ստվեր գոյություն չունենա: Մեր գործողություններն անընդհատ միտված են եղել ստվերի կրճատմանը»:

Նա նշեց, որ, եթե «Երևան սիթիում» ԱԱԾ-ի կողմից ձեռք բերվեն տեղեկություններ և արձանագրվեն ստուգման ակտերով, կառաջադրվեն վճարման:

Ռ. Մաշադյանի կարծիքով, բնական է, որ խոշորներն են թիրախում, որովհետև նրանք ապահովում են մեր երկրի ՀՆԱ-ի մոտ 80%-ը, և հենց խոշոր հարկ վճարողների մոտ թվային առումով կարող են լինել հարկերի թերհայտարարագրման մեծ դեպքեր, սակայն տոկոսային առումով ստվերը փոքր հարկ վճարողների մոտ ավելի շատ է, բայց ֆիսկալ էֆեկտը շատ փոքր է:

Նա հրաժարվեց գնահատական տալ, որ ստուգումների արդյունքում Սամվել Ալեքսանյանի բիզնեսը կարող է փակվել. «Իմ կարծիքով` բիզնեսը պետք է կառուցել այնպես, որ դա գոյատևի և արդյունքներ բերի ոչ հարկերի պակաս հաշվարկման հաշվին»:

Ռ.Մաշադյանը նշեց, որ գյուղմթերքների մասով հարկման մեխանիզմը գործել է ոչ միայն «Երևան սիթիում», այլ նաև այլ առևտրի ցանցերում: Նա վստահեցրեց, որ ՊԵԿ-ը երբեք առանձին մոտեցում չի ցուցաբերել որևէ կոնկրետ տնտեսվարողի:

Հարցին` փորձե՞լ են պարզել, թե արդյոք այդ «Սիթիի» ԱՁ-ները փոխկապակցված եղե՞լ են, Ռ.Մաշադյանը պատասխանեց, որ իր փորձը ցույց է տալիս, որ ՀՀ-ում ԱԱՀ վճարողների փոխկապակցվածություն լինում է միայն չիմանալու արդյունքում, պատահական սկզբունքի վրա, և շատ են դեպքերը, որ գիտեն, որ բիզնեսը պատկանում է մի անձի, բայց ՊԵԿ-ի համար շատ դժվար է լինում ապացուցել փոխկապակցվածությունը, ավելին` փոխկապակցված ճանաչելու առաջին օրվանից են կազմակերպությունները համարվում ԱԱՀ վճարող, և դա չի վերաբերում իրենց նախկին գործունեությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս