
Դիլիջանի միջազգային դպրոցն ավարտելուց հետո իրենց երկրներ մեկնած 35 օտարերկրացիներ վերադառնալու են Հայաստան

«UWC Դիլիջան» միջազգային դպրոցի առաջին երկու տարիների 200 շրջանավարտներից 35 օտարերկրացիներ, ովքեր գնացել էին իրենց երկրներ, այս տարի վերադառնալու են Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասաց, որ այստեղ նրանք աշխատելու են տարբեր ծրագրերում, այդ թվում՝ բարեգործական:
«Այս դպրոցը դեռ երիտասարդ է: Դպրոցները պետք է վերջնական կայանան տասնյակ տարիներ հետո: Սակայն այստեղ ուսանելու են գալիս արդեն աշխարհի 80 երկրից՝ այն դեպքում, երբ գործունեության առաջին տարիներին 60 երկրից ներկայացուցիչներ կային»,-ասաց Վարդանյանը:
Միջազգային դպրոցն ուսանողներ ունի Թուրքիայից, Իրանից, Պաղեստինից, Իսրայելից: Վարդանյանը ուրախալի է համարում, որ ծնողները վստահում են և իրենց երեխաներին ուղարկում Հայաստան սովորելու: «Շատ ուրախ եմ նաև, որ Ճապոնիայից, Չիլիից ու Չինաստանից են երեխաներ գալիս, տեսնում, թե որտեղ է Հայաստանը»,-նշեց նա:
Դպրոցում սովորում է 210 սան, սակայն այն նախատեսված է 650 ուսանողի համար: Համահիմնադրի հավաստմամբ՝ համերգային մի քանի դահլիճներ կկառուցեն, որոնք շատ կարևոր կլինեն ինչպես դպրոցի, այնպես էլ քաղաքի երեխաների համար: «Ամենակարևորը, որ շրջանավարտներն իրենց երկրներ գնալուց հետո կրկին ետ գան Հայաստան: Փորձում ենք այնպես աշխատել, որ ուսանողները երկու տարի սովորելուց հետո կապ զգան Հայաստանի հետ: Առաջին երկու տարում դպրոցն ավարտած 200-ից 35 օտարերկրացիներ այս տարի վերադառնալու են՝ աշխատելու Հայաստանի համար՝ տարբեր բարեգործական նախագծերում»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:
Այս տարվա շրջանավարտ լեհաստանցի Մարտին Կոբայնսկին վստահեցնում է՝ բոլոր ընկերներին անպայման հորդորելու է գալ այս դպրոց: «Այն մեծ փորձառություն է տվել ինձ: Այստեղ շատ ուսանողներ կան, և բոլորի գիտելիքները տարբեր են: Կիսվում ենք մեր գիտելիքներով, փորձառությամբ, ոգեշնչում ենք միմյանց»,-ասում է նա:
Մարտինը պատրաստվում է ուսումը շարունակոել Միացյալ Նահանգներում՝ Չիկագոյի քոլեջներից մեկում: Եվ հույս ունի, որ Հայաստանում ձեռք բերած գիտելիքները կօգնեն իրեն մեծ արդյունքի հասնել:
Դպրոցը ևս երեք ուսանող ունի Լեհաստանից: Այս տարի դասավանդել է նաև լեհ ուսուցիչ:
Դիլիջանի միջազգային դպրոցը սկսել է գործել 2014-ից: Ունի 210 ուսանող աշխարհի 80 երկրից: Նրանց 90 տոկոսից ավելին սովորում է մասնակի կամ լրիվ կրթաթոշակով: Այս տարի դպրոցն ավարտեց 104 ուսանող աշխարհի 63 երկրից: Շրջանավարտների 10 տոկոսը հայեր են:
Այսօր UWC-ն ունի 17 դպրոց և քոլեջ չորս մայրցամաքներում, որոնց մեծամասնությունը կենտրոնանում է 16-19 տարիքային խմբի վրա: UWC քոլեջի ուսանողները ընտրվում են տեղում, 155 երկրներում UWC հատուկ ազգային կոմիտեի համակարգի օգնությամբ։
Աննա Գրիգորյան