Ոսկու վաճառքն աճել է Մեգան Մարքլի շնորհիվ
Դեղին ոսկուց զարդերի վաճառքներն ԱՄՆ-ում 2018 թվականի առաջին եռամսյակում կտրուկ աճ են արձանագրել Մեգան Մարքլի շնորհիվ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council) տվյալներով՝ վերջին անգամ ոսկերչական խանութները նման աճ են գրանցել 2009 թվականին: Պահանջարկի կտրուկ աճը ռեթեյլերները բացատրում են Սասեքսի դքսուհու ազդեցությամբ եւ թանկարժեք մետաղի նկատմամբ նրա տածած սիրով: Հենց դեղին ոսկուց էր պատրաստված այն մատանին, որը արքայազն Հարրին Մեգան Մարքլին նվիրեց նշանադրվելու առթիվ:
«Նշանադրման ժամանակ մենք նկատեցինք դեղին ոսկուց իրերի վաճառքների աճ, իսկ վերջին մի քանի ամսում այն ուժեղացավ: Արդյունքում՝ ոսկյա զարդերի պահանջարկն աճեց 30 տոկոսով»,- պատմել է R&R Jewelers նյույորքյան բրենդի ներկայացուցիչ Դեւիդ Բորոչովը:
Վերջին 15 տարում գնորդները նախապատվությունը տալիս էին սպիտակ ոսկուց, արծաթից եւ պլատինից պատրաստված զարդերին: Վերջերս տարածում ստացավ նաեւ վարդագույն ոսկին, մինչդեռ դեղին ոսկին հնաոճ էր համարվում: