«Մի կտոր հաց էլ տան, ուրիշ ոչինչ չունենամ՝ պիտի երգեմ». Հայկական ջազի թագուհի Տաթևիկ Հովհաննիսյանը հայրենիքում է
«Էլլան (Էլլա Ֆիցջերալդը) Երևանից», «խորհրդային ջազ վոկալի թագուհի» և «ջազի առաջին լեդի». ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը համերգներով վերադարձել է Հայաստան, նախ՝ Գյումրի, հետո՝ Երևան: Առաջին համերգը կլինի մայիսի 25-ին Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, մնացածն արդեն Երևանում, մայիսի 26-ին «Մեցցո» ակումբում, մայիսի 27-ին և 30-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Մինչ հայաստանյան համերգները ջազի լեդի Տաթևիկ Հովհաննիսյանը հանդիպեց և զրուցեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Տաթևիկ Հովհաննիսյանի հետ հանդիպման ուշագրավ դրվագները:
Տաթևիկ Հովհաննիսյանը՝ «Lady jazz» խորագիրը կրող հայաստանյան համերգների մասին
Համերգային ծրագրում, ինչպես միշտ, ջազային երաժշտություն է հնչելու, անշուշտ, նաև մեր հայկական ժողովրդական երգերի մշակումներ: Բավական նոր ծրագիր է. կներկայացվեն բրազիլական երգեր և ամերիկյան ստանդարտներ:
…Մայրիկի մահվանից հետո (Տաթևիկ Հովհաննիսյանի մայրիկն Օֆելյա Համբարձումյանն է-հեղ.) երկար ժամանակ չէի կարողանում երգել: Խոսել չէի կարողանում: Առաջին համերգս է Հայաստանում նրա մահվանից հետո: Հայրենիք վերադառնալուց միշտ դրական զգացողություններ եմ ունենում, կարոտալի, հաճելի, քաղցր: Ի՞նչ ասեմ…իմ հողն է:
«Տաք, ջերմ ժողովուրդ»
Հայ ազգը, (նաև մի քանի այլ ազգեր) «տաք» ազգ է, այդ ջերմության շնորհիվ երաժշտությունն այլ կերպ է ըմբռնում: Հայաստանում ջազային երաժշտության սիրահարներ կան: Այն ժամանակ, երբ ոչ ոք չէր հասկանում, թե ջազն ինչ է, մենք արդեն ունեինք ջազային ունկնդիր: Մշտական ջազային երաժշտության սպասող կա, ընդունող կա, առավել ևս, երբ հայկական երաժշտություն ես ներկայացնում:
Դեռ առաջին ելույթիս ժամանակ, երբ Հայաստանից տեղափոխվել էի ու վերադարձել համերգով, հատուկ հուզմունք կար, թրթիռ, որովհետև ժողովրդական երաժշտությունը բերել ես ու բոլորովին այլ ձևով պետք է ներկայացնես քո հայրենիքում: Այս անգամ այլ է, մարդիկ սիրում են, ճանաչում են, օտարազգիներն են ճանաչում, լսում, սիրում:
… Ինձ համար յուրահատուկ երևույթ է այն, որ օտարազգիները գալիս են հայ երգ սովորելու: Աշակերտներ եմ ունեցել, որ սպասավոր են աշխատել, որպեսզի կարողանան վարձը վճարել, դասերի մասնակցել: Սա ինձ համար աշխարհ արժե:
… Այս տարի չի հաջողվի Արցախ գնալ: Իմ խմբի երաժիշտները հիշում էին նախորդ այցը, տեղանունը մոռացել էին, բայց հիշում էին Արցախի գեղեցկությունը, հյուրընկալությունը: Բայց այս անգամ, ցավոք, չստացվեց…
Հայկական հոգին
Հայ երաժշտության մեջ առաջինն օտարազգիներին գրավում է հոգին: Ես չեմ սիրում հայերին գովել, բայց փաստ է, որ մեր երաժշտությունը յուրահատուկ խորություն ունի:
…Տարիներ առաջ Նյու Յորքում ջազ-ակումբներից մեկում մեկ շաբաթ ամեն օր պետք է ելույթ ունենայի: Հոգնեցուցիչ էր: Օտարազգի սպասավորներ էին աշխատում, սնունդ էին մատուցում: Մտածում էի՝ այս խեղճերի համար տանջանք է երևի, այս ի՞նչ են լսում: Գիտե՞ք, ես միշտ համերգներին ներկայացնում եմ կատարումներս, պատմում, թե ում երգն է, ինչ են լսելու և այլն: Թե որքանը կհիշեն՝ կարևոր չէ: Սպասավորներից մեկը միջանցքում տեսավ ինձ ու հարցրեց. «Նորից երգելո՞ւ եք Կոմիտաս»: Ես քարացա, փշաքաղվեցի: Մտածում էի. «Աստված իմ, այս տղան ոչ միայն երաժշտություն է լսում աշխատանքը կատարելիս, այլև իրեն այնքան է հետաքրքրել, որ Կոմիտասի անունն էլ է հիշել»: Դրանից մեծ պարգև կա՞:
Տաթևիկ Հովհաննիսյաններ առաջիկայում չենք ունենա
Ցավոք, այդպիսի մեկին չեմ տեսնում: Շատ հետաքրքիր աշակերտներ ունեմ, որոնք իրենց ձևով են մոտենում երաժշտությանը: Սովորում են, հետո հանկարծ ամուսնանում, երեխա ունենում, չեն կարողանում ասպարեզ մտնել, թողնում են երգը: Կյանքն ուրիշ բան է պահանջում, կոմերցիան՝ ուրիշ, ընտրում են կոմերցիայի տարբերակը:
Ինձ նմանները շատ քիչ են այս աշխարհում: Մի կտոր հաց էլ տան, ուրիշ ոչինչ չունենամ՝ պիտի երգեմ: Այդպիսի մարդիկ քիչ են: Պետք է այսպես նվիրված լինել գործին: Ինձ գովելու համար չեմ ասում, ինձ էլ է այդ հարցը տանջում, բայց ես այդպիսի մեկին չեմ տեսել, որ ասեմ՝ շատ լավն է:
Մրցույթների, տաղանդների ու անտաղանդների մասին
Ես չեմ սիրում որպես ժյուրիի անդամ հանդես գալ մրցույթներում: Միշտ վատ մարդու կարգավիճակում եմ լինում, քանի որ ճշմարտությունն եմ ասում: Ես նայում եմ բոլոր մրցույթները: Երբեմն այնպես են դատում, ասում են, թե մասնակիցը հրաշալի է երգում, բայց ճշմարտությունը չեն ասում: Շողոքորթությունն ատելի է: Ես նման բաներ չեմ սիրում, և կարող եմ բոլորի թշնամին դառնալ ճշմարտությունն ասելու պատճառով: Երբեմն միացնում եմ American Idol-ն ու The Voice-ը, դիտում: Պետք է ասեմ, որ երբեք չի եղել, որ նա, ում ես ընտրեմ, համարեմ տաղանդավոր, հաղթի մրցույթի վերջում: Վերջում այնպիսի անտաղանդ մեկն է հաղթում, որ ցավում ես ժամանակիդ կորստի համար:
Բնության սիրահարը…
… Երբ գալիս եմ Հայաստան, քաղաքից դուրս եմ գնում: Ես քաղաքային կյանք, աղմուկ-աղաղակ, ռեստորաններ չեմ սիրում, սիրում եմ գյուղացիների հետ շփվել, հատկապես պարտիզպանների հետ խոսել: Բնության գիրկն ամենաքաղցր վայրն է, այն էլ Հայաստանի բնության՝ բույրերով, որոնք չկան ոչ մի այլ տեղ…
Հայրենադարձվելու մասին
Չեմ կարող ասել՝ իմ ծրագրերում նման բան կա՞, թե ոչ: Բայց դեռ ամեն ինչ այնտեղի հետ է կապված: Եթե ամուսնուս հարցնեք՝ հենց հիմա կգանք հետ…
Միշել Լեգրանի հետ համագործակցության մասին
Լեգրանի հետ շատ չհամագործակցեցինք: Լեգրանը երաժշտություն գրեց ինձ համար, որպեսզի ես ֆիլմում երգեմ, բայց դա չիրականացավ: Նրա հետ շփվել եմ, ժամանակ ենք անցկացրել Ջորջ Ավագյանի տանը, լսել է իմ կատարմամբ իր երգերից What are you doing the rest of your life-ը: Շատ ջերմ, բարեկամական, հաճելի տպավորություններ էին:
Հ.Գ.
Տաթևիկ Հովհաննիսյանը ծնվել է 1955 թ., Երևանում: Երգչուհի Օֆելյա Համբարձումյանի և քամանչահար Նորայր Հովհաննիսյանի դուստրն է: Երաժշտական առաջին փորձերը սկսել է անգլիական թեքումով դպրոցում, որտեղ գործում էր նաև երգչախումբ: Դպրոցն ավարտելուց հետո դարձել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի, ապա` Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի սան և հաջողությամբ ավարտել այն` որպես խմբավար: 1970-ականներին աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում՝ որպես մեներգչուհի: Այդ տարիներին որպես մենակատար մասնակցել է հեղինակավոր միջազգային ջազ-փառատոների: 1979-ից, ինը տարի շարունակ արժանացել է Խորհրդային Միությունում «Ջազի թագուհի» կոչման: 1980-ականներին հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ, այնուհետև` Ֆրանսիա: 1990 թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ մեծ հաջողությունների է հասել` հանդես գալով ամերիկյան ջազի հայտնի վարպետների կողքին, ձայնագրելով սկավառակներ ու միաժամանակ դասավանդելով երաժշտություն: Ելույթներ է ունեցել աշխարհի հայտնի միջազգային ջազ փառատոններում: Բնակվում է Նյու Յորքում:
Երգչուհու հայաստանյան համերգները կազմակերպվել են Azd և Prime Production-ների կողմից:
Ռոզա Գրիգորյան
Լուսանկարը՝ Տաթև Դուրյանի