«Հայաստանում եղել է և լինում է քաղաքական մշակույթի հեղափոխություն»
Ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը հրաժարվում է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին բանաձևեր դնել, որովհետև, ըստ նրա, դա գործընթաց էր, որի հիմքում կային բազմաթիվ բաղադրիչներ:
Այսօր հրավիրված քննարկման ժամանակ Մ. Գաբրիելյանն ասաց, որ ինքն ընդունում է, որ եղել է հեղափոխություն, բայց, նրա խոսքով, այդ հեղափոխությունն այլևս ավարտված է. «Այն ավարտվեց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը վերցրեց գործադիր իշխանությունը, և այդ պահից սկսած՝ ՀՀ-ում ունենք փաստացի երկիշխանություն»:
Ազգագրագետ Գայանե Շագոյանն էլ գտնում է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, չնայած իր բազմաթիվ նմանություններին այլ երկրներում տեղի ունեցած գործընթացների հետ, ունի մի շարք առանձնահատկություններ. «Իմ նախնական տպավորություններով՝ սա դժվար արտահայտվող մի երևույթ է՝ հենց հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները:
Ես կողմնակից եմ սա անվանել մշակութային հեղափոխություն, որովհետև առայժմ մենք ունենք նոր հանրային վարքի, նոր քաղաքական մշակույթի հիմնադրում՝ իշխանության ձևաչափի նոր հայտ ներկայացնելու տրամաբանության մեջ, բայց որքանո՞վ սա կհաջողվի դարձնել գործող համակարգ, ինչքանո՞վ կհաջողվի հետևել այն սկզբունքներին, որոնք հենց սկզբից հայտարարվեցին, միայն ժամանակը ցույց կտա: Հեղափոխության հաղթանակած ավարտը մենք կկարողանանք արձանագրել միայն այն ժամանակ, երբ կունենանք այս ամեն ինչը՝ ոչ միայն գործադիր իշխանության դերակատարներին և որոշակի վարքագիծ փոխելով, այլև՝ համապատասխան օրենսդրություն փոխելով, Սահմանադրություն փոխելով, նաև անկախ դատական համակարգ ներդնելով:
Երկիրն առաջ տանելու համար համակարգային գլխավոր փոփոխությունները դեռևս տեղի չեն ունեցել, բայց այն, որ մենք չենք կարող այլևս վերադառնալ մինչև ապրիլի 23-ի Հայաստանը, դա այդպես է»:
Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն էլ նկատեց, որ, երբ Նիկոլ Փաշինյանը և իրեն շրջապատող մի խումբ մարդիկ հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանը, վերցնելով վարչապետի պաշտոնը, իրականացնելու է իշխանության զավթման գործընթաց, և դուրս եկան փողոց, որպեսզի դա կանխեն, ոչ ոք չհավատաց նրան.
«Այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել գլխավորապես ուսանողության, երիտասարդության շնորհիվ: Ամբողջ խնդիրն այն էր, որ տեղի ունեցավ իշխանափոխություն, որի գլխավոր դերակատարը երիտասարդությունն էր, որն իր անհնազանդությունը հայտնեց «տարեցներին», որովհետև նրանք գրավել էին իշխանությունը»,- նշեց Ա. Թադևոսյանը՝ հավելելով, որ «տարեցներն» այն մարդիկ են, որոնք պահպանողական, լճացած, հարմարվող մտածողություն ունեն:
Նա համաձայն է, որ սա իր մեջ ինչ-որ առումով մշակութային հեղափոխության կոմպոնենտ ունի. «Մենք տեսնում ենք կառավարությունում երիտասարդ մարդկանց, ովքեր հրաժարվում են այդ «տարեցներին» սպասարկող մեքենաներից, չգիտեմ՝ ինչերից, որոնք քարացրել են այդ համակարգը, իրենք քանդում ենք այդ քարացածությունը: Ա՛յ սա է այս գործընթացի հեղափոխականությունը»:
Հարցին՝ քաղաքացի-պաշտոնյա հարաբերությունների ի՞նչ նոր մակարդակ պետք է ապահովվի, որը կհամապատասխանի հեղափոխության տրամաբանությանը, Մ. Գաբրիելյանն այսպես պատասխանեց. «Այդ մակարդակն արդեն ապահովված է, որովհետև այսօր Հայաստանում կա վարչապետ, որն ուղիղ եթեր է մտնում իր աշխատասենյակից: Այսօր ՀՀ-ում ունենք 28 տարեկան նախարար, և դա հրաշալի է: Այսինքն՝ հեղափոխությունը եղել է արդեն:
Այսօր քայլող մարդը դառնում է նախարար, ես չեմ ուզում քննարկել՝ ինչպիսի նախարար կլինի ինքը, որովհետև նախորդ նախարարների հետ համեմատության պարագայում՝ այսօրվա բոլոր նախարարներն ինձ համար մի քանի գլուխ բարձր են:
Նրանք ունեն մաքուր կենսագրություն, նրանց մի մասին մենք ճանաչում ենք, նրանց մի մասը մեր ընկերներն են, ես կդժվարանամ հավատալ, որ նրանցից որևէ մեկը դառնալու է կաշառակեր, որ նրանցից որևէ մեկը սեփական արժանապատվության մակարդակն այնքան է կորցնելու, որ այդ ծառայողական, հաստ, մուգ ապակիներ ունեցող մեքենայից չի տեսնելու մարդկանց: Հայաստանում եղել է և լինում է քաղաքական մշակույթի հեղափոխություն»: