«Ես նաև վախենում եմ, որ օլիգարխները հանկարծ չդառնան «Քաղաքացիական պայմանագրի» անդամ». Վարուժան Հոկտանյան
«Վերջին մի քանի վարչապետների մեջ ամենավերջինը տարբերվում է նրանով, որ նա հեղափոխությամբ եկավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Նրա խոսքով՝ այդ ամենը դեռ չի նշանակում, որ հեղափոխությունն անպայման կբերի կոռուպցիայի մակարդակների նվազման: Ըստ նրա՝ նախորդ վարչակարգի օրոք կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամքը բավարարել էր միայն օրենքներ ընդունել. «Դժբախտաբար, այդ օրենքները հաջողությամբ թղթի վրա մնացին»:
Վ. Հոկտանյանը հույս հայտնեց, որ նոր իշխանությունների դեպքում քաղաքական կամքը կբավականացնի ոչ միայն՝ օրենքներ ընդունելու, այլև՝ այդ ամենի կյանքի կոչելու համար: Նրա խոսքով՝ չի կարող լինել իշխանափոխություն՝ առանց կոռուպցիան լրջորեն հաղթահարելու պահանջի:
Բանախոսը հորդորեց սպասել կառավարության ծրագրին. «Պետք է տեսնենք՝ ինչպիսին կլինի այդ ծրագիրը: Այնքան օպտիմիստ չենք՝ կապված օրենսդրական լուրջ փոփոխությունների հետ: ՀՀԿ-ն ներկայացրել է լուրջ ֆինանսատնտեսական օլիգարխիկ խմբերի շահերը, և մենք տեսել ենք նաև տարիների ընթացքում քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճում՝ հենց ՀՀԿ-ի հետ կապված:
Այդ սերտաճումը համակարգային կոռուպցիայի հիմքերից մեկն է: Եթե ուզում ես համակարգային կոռուպցիան հաղթահարել, պետք է այդ սերտաճմանը, քաղաքական-տնտեսական ոլորտների մենաշնորհացմանը վերջ տրվի:
Դրա համար նաև օրենսդրական բարեփոխումներ են պետք, իսկ դրա համար պետք են արտահերթ ընտրություններ: Այսինքն՝ ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ն կդադարի լինել այդպիսի խմբավորումների շահերի արտահայտող: Իհարկե, ունենք մենք առնետավազքի բավականին փայլուն տրադիցիաներ, որը տեսել ենք 1998-ի իշխանափոխության ժամանակ, թե ինչպես մեկ օրում «Հանրապետություն» բլոկից 2/3-ը դուրս եկավ և դարձավ Երկրապահ:
Ես նաև վախենում եմ, որ մեր խոշոր տնտեսվարողները, իսկ ավելի կոպիտ ասած՝ օլիգարխները, հանկարծ չդառնան «Քաղաքացիական պայմանագրի» և այլ կուսակցությունների անդամ: Այսինքն՝ եթե մենք ունենում ենք այն իրավիճակը, որը կա, իսկապես արտահերթ ընտրությունները կարևոր են դառնում, ու որքան շուտ, այնքան՝ լավ»:
Վ. Հոկտանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, և որպես առաջին մաղթանք՝ նշել է, որ կոռուպցիայի դեմ հաջող պայքար լինի. «Նույնիսկ Ղարաբաղի հակամարտության հարցը երկրորդն է դրվում կոռուպցիայի դեմ պայքարից հետո: Այսինքն՝ սա իսկապես լինել-չլինելու հարց է դառնում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: