Բաժիններ՝

«Տարօրինակ էր, որ նույնիսկ կառավարության երրորդ կարգի օղակներն էին այցելում նախագահական և հաշվետվություններ տալիս». Ատոմ Մարգարյան

Տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանն այսօրվա ասուլիսին ամփոփեց Կարեն Կարպետյանի գլխավորած կառավարության գրանցած արդյունքները։

«2016թ. աշնանը, երբ Կարեն Կարապետյանը ձևավորեց իր թիմը, բավական բարձր սպասելիքներ կային։ Առաջին քայլը, որ արեց այդ կաբինետը, իրավիճակը կայունացնելն էր՝ մակրոտնտեսական, ֆինանսական համակարգի, ներդրումների մասով։ Այն ծրագրային մոտեցումները, որ որդեգրվել էին, այդ մասով իրականացվել են։

Հնարավոր է եղել կայունացնել պետական բյուջեն, ֆինանսական համակարգի հավասարակշռությունը վերականգնել, կայունության տիրույթ բերել տնտեսական սիստեմը, առաջին հերթին, դեֆիցիտի ֆինանսավորման մասով, որոշ առումով՝ գործազրկության մակարդակի իջեցման, ներդրումների մասով տեղաշարժեր կան»,-պարզաբանեց նա։

Տնտեսագետը նշեց, որ նախագահական կամ կիսանախագահական համակարգի պայմաններում վարչապետերը կամ գործադիր մարմինները եղել են տեխնիկական խնդիրներ լուծող սուբյեկտներ, և քաղաքական աջակցության խնդիրներ միշտ են ունեցել.

Կարդացեք նաև

«Կարապետյանի կաբինետը ևս այդ խնդիրների դաշտում էր, և շարունակ նրան հասկացնում էին, թե ով է պետության մեջ տերը, ով է առաջինը։ Ինձ համար մի քիչ տարօրինակ էր, որ նույնիսկ կառավարության երրորդ կարգի օղակներն էին այցելում նախագահական և հաշվետվություններ տալիս։

Այսինքն՝ դա ազդանշան էր, որ դու վարչապետ ես, լավ է, բայց իրականում գործադիր իշխանությունը ղեկավարվում էր նախագահականից։ Եվ շատ դժվար է այսպիսի քաղաքական կոնֆիգուրացիայի պայմաններում լուծել ֆունդամենտալ ռեֆորմների և ինստիտուցիոնալ տրանսֆորմացիաների խնդիրներ»։

Հետևաբար, ըստ նրա՝ այն խնդիրները, որոնք չէր կարող լուծել Կարեն Կարապետյանը, փոխանցվում են նոր կառավարությանը.

«Առաջինը բիզնեսի և իշխանության սերտացման խնդիրն է, որը տասնամյակների խնդիր է։ Սա կարող է լուծել միայն այն կառավարությունը, որն ունի ոչ միայն դոմինանտ քաղաքական ուժի, այլ նաև ժողովրդի լայն զանգվածների աջակցությունը։

Երկրորդ խնդիրը՝ կապիտալի նախասկզբնական կուտակման փուլի իրողություններից անցումն է կապիտալի զարգացման բնականոն աճի փուլ։ Այսինքն՝ դա այնպիսի դիրքավորումն է շուկայում, որն ապահովում է ոչ թե մրցակցային շահույթներ, այլ այնպիսի ոչ արդար ճանապարհով ստեղծված եկամուտներ, որոնց մի մասն էլ չի հարկվում, մնում է ստվերում։

Ստվերայնությունն էլ մեր տնտեսության աքիլեսյան գարշապարն է։ Բայց ի պատիվ Կարեն Կարապետյանի կաբինետի՝ պետք է ասել, որ նա կարողացավ որոշ չափով ստվերը երևակել և պետական բյուջեի խնդիրների լուծման, եկամուտների ավելացման խնդիրների մի մասը լուծեց հենց ստվերների կրճատման հաշվին»։

Նոր կառավարությանն, ըստ նրա՝ փոխանցվում է նաև կոռուպցիան, որն ստացել է համակարգային բնույթ և ավելի է ընդլայնում իր մասշտաբները.

«Կոռուպցիան կլանում է մեր ՀՆԱ-ի մինչև 10%-ը, որը մոտ 1.5 մլրդ դոլար է կազմում։ Ըստ էության, ռեզերվներ կան, որոնք կարելի է աստիճանաբար երևակել։ Փոխանցվում է  նաև ներդրումների ակտիվացման և համարժեք ներդրումների ներգրավման խնդիրը, որը, որոշ առումով, Կարապետյանի կաբինետը կարողացավ տեղից շարժել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս